HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացնել, կատարել, անել. Լեզվի կոմիտեի նոր հորդորակը

Երբեմն մեր աչքն ու ականջն այնպես են սովորում հաճախ կրկնվող սխալներին, որ դրանք այլևս չենք նկատում: Այդպիսի մի սխալ կապված է «իրականացնել» բառի հետ: Այս բառն էլ լեզվում է ստացել  «գերիշխող» դիրք, արշավ սկսել իր հոմանիշների դեմ՝ նրանց հանիրավի դուրս մղելով և հաճախ ոչ տեղին կիրառվելով:

Բերենք օրինակներ մամուլից և հեռուստատեսային եթերից.

«Հարկ վճարողների բանկային հաշիվներին իրականացվում է վերադարձ»:

«Մարալիկցիները նստացույց են իրականացնում քաղաքի կենտրոնական հրապարակում»:

«Խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել Ազգային ժողովի պատգամավորները»:

«Ո՞վ է ինքնահրկիզում իրականացրած քաղաքացին»:

«Մի շարք սահմանապահ համայնքներում աշնանացան իրականացնելու դեպքում բնակիչները մեկ հեկտարի համար կստանան 60 000 դրամ աջակցություն»:

Բանը հասել է նրան, որ իրականացվում է նույնիսկ գրպանահատությունը, և օդաչուներն էլ իրականացնում են ինքնանետում:

Հավանաբար շատերը նկատած կլինեն, որ գրեթե ոչ մի աշխատանք այլևս ո՛չ կատարվում, ո՛չ էլ արվում է: Հիմնականում տարվում կամ իրականացվում է:

Այսպես՝ գրեթե բացառապես իրականացվում են նորոգումը, սպասարկումը, քննչական գործողությունները և այլն, և այլն:

Կրկնենք: Սա այն դեպքերից է, երբ մի բառը դուրս է մղում այլ բառերի, և նրա գործածությունը չարաշահվում է: Իհարկե, բերված օրինակներում գործ ունենք ոչ միայն բառի գործածությունը չարաշահելու, այլև լեզվական սխալի հետ, որովհետև չենք կարող ընդունել, որ, օրինակ, նստացույցը, աշնանացանը, գրպանահատությունն ու ինքնահրկիզումն իրականացվում են:

Չմոռանանք բառերի իմաստները, հաշվի առնենք նրբերանգները: «Իրականացնել» նախ և առաջ նշանակում է «իրական դարձնել, իրականություն դարձնել, իրագործել»:

Կարելի է առարկել՝ ասելով, որ ժամանակի ընթացքում բառերը նոր իմաստներ են ստանում, իմաստափոխվում: Այո՛, բայց, այնուամենայնիվ, աշնանացանը կատարում են, նստացույցը՝ անում, ինքնահրկիզվում են կամ գրպանը մտնում: Եվ պարտադիր չէ ծառայությունն իրականացնել, քանի որ կարելի է պարզապես ծառայել:

Նկատի ունենալով ասվածը՝ Լեզվի կոմիտեն հորդորում է չչարաշահել «իրականացնել» բառի գործածությունը, այն կիրառել միայն համապատասխան իմաստով՝ չխուսափելով ուրիշ, մասնավորապես «կատարել» և «անել» բառերի գործածումից:  

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter