HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահի պատժաչափը նվազեցրել է մինչև 10 տարվա ազատազրկման

Վերաքննիչ քրեական դատարանը «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով դատապարտված բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի պատժաչափը փոփոխել է՝ 13 տարվա ազատազրկումը դարձնելով 10 տարի: 

Հիշեցնենք, որ Արա Կիրակոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղավոր էր ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Արա Կիրակոսյանն այս գործով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝

  • 214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մեղադրանքի համար նրան 2 տարվա ազատազրկում է նշանակվել:
  • 325-րդ հոդվածի երկրորդ մասով՝ այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը,որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ: Նախատեսվել է 1 տարի ազատազրկում:
  • 178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից,
  • 190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից։

Պատիժները լրիվ և մասնակիորեն գումարելու սկզբունքների կիրառմամբ նրան վերջնական պատիժ էր սահմանվել 13 տարի ազատազրկումը:

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Մ. Պետրոսյանի, որոշել է Ա.Կիրակոսյանի նկատմամբ ՔՕ  214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Դատավճիռը մնացած մասով թողել է անփոփոխ: Այսինքն՝ նույնն է մնում նաև այն մասը, որով նրան դատապարտել էին ազատազրկման ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն 1 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից ոչ ավելի:

Արա Կիրակոսյանի պատժի սկիզբը հաշվարկվել էր 2013թ. դեկտեմբերի 6-ից։ Այսինքն՝ Ա. Կիրակոսյանն արդեն կրել է պատժի կեսը:

Հիշեցնենք` Արա Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter