HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու աղբավայրում բռնկված հրդեհն արդեն 2-րդ օրն է չի մարում

Վերջին  երկու օրերին Ալավերդու աղբավայրում հրդեհ է բռնկվել: Աղբավայրը գտնվում է քաղաքի Մադան թաղամաս գնացող ճանապարհաեզրի  4,6 հա տարածքում: Այն չունի ջրագծեր և ջուր, ինչի պատճառով արդեն երկրորդ օրն է բռնկված հրդեհը չի մարում: 

Աղբավայրը օդով ուղիղ գծով Ալավերդու ամենամարդաշատ՝ ՍՍարահարթ թաղամասից գտնվում է մոտ 1 կմ հեռավորության վրա:  

Այսօր առավոտյան  քամու միջոցով աղբավայրից գարշահոտությունը տարածվել  էր  թաղամասի 2-րդ զանգվածում: Գարշահոտությամբ շաղախված՝ ծխի թանձր մառախուղ էր նստած նաև Սպանդարյան, Զորավար Անդրանիկի և Խուդյակով թաղամասերի վրա:

Ժամը 15։00-ի սահմաններում բնակիչները աղբի գարշահոտությունը չշնչելու համար բերանները թաշկինակով փակած էին անցուդարձ անում Պղնձագործների փողոցով:

Հրդեհի պատճառով արդեն 2-րդ օրն է բնակելի շենքերի պատշգամբներում կանգնելը անհնարին է դարձել. «Ննջարանը օդափոխելու համար հնարավոր չէ բացել դուռ կամ լուսամուտ․ աղբի գարշահոտը ներս է խուժում  ննջարան»,- դժգոհում է  ՍՍարահարթ թաղամասի բնակչուհի Անահիտը Պողոսյանը:

«Երեկ ամբողջ օրը ջուր ենք լցրել այրվող աղբի վրա, ջուր ենք լցրել նաև երեկոյան՝ մինչև 24:00-ն: Այսօր առավոտվանից նույնպես ջուր ենք լցրել, հիմա էլ ջրի ավտոմեքենան գնացել է ջրով բեռնվելու»,- հայտնեց «Ալավերդի Բարեկարգում» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Կիրակոսյանը:

Ժամը 14:30-ին՝ մեր այցելության ժամանակ, Սարգիսը իր 9 աշխատողների հետ հանգցնում էր հրդեհը: Կրակը պարբերաբար բռնկվում էր:

Սարգիս Կիրակոսյանի ասելով՝ կեսօրին արդեն 7 ավտոմեքենա ջուր են տեղափոխել աղբավայր: Աղբավայրում կուտակվում է ոչ միայն Ալավերդի խոշորացված համայնքի, այլև Օձուն, Շնող, Ախթալա, խոշորացված համայնքերի բոլոր բնակավայրերի կենցաղային աղբը:

«Հրդեհը բռնկվելուց հետո համայնքի ղեկավար Սասուն  Խեչումյանը պայմանավորվել է, որ հող բերեն, ծածկեն աղբը»,- հայտնեց  Սարգիս Կիրակոսյանը:  

Ալավերդու աղբավայրը կառուցվել է 2011թ.-ին, շահագործվել՝ 2012թ.-ին: Աղբավայրի վրա ծախսվել է 151,4 մլն ՀՀ դրամ, որից 65 մլն ՀՀ դրամը  2011թ.-ին հատկացվել է կառավարության «Հրատապ-2» ծրագրով, 75 մլն ՀՀ դրամը՝  Ալավերդի համայնքի բյուջեին 2012թ.-ին հատկացված բնապահպանական սուբվենցիայից:

Աղբավայրը կառուցելիս նախագծի հեղինակ «Գոռտեխնոպրոեկ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Լևոն Մովսիսյանը և Ալավերդու այն ժամանակվա քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ռիսկային են համարել աղբավայրի ջրամատակարարման համար պահանջվող մեծ ծախսերը: Նրանք նախատեսել են աղբավայրը ջրով ապահովել հատուկ ավտոմեքենայով: Շահագործելուց հետո՝ անցած 5 տարիներին, երբևէ ջրի ավտոմեքենա աղբավայր չի մտել:

Այսուհանդերձ, հանրային քննարկումներին Լևոն Մովսիսյանը պնդում էր, որ իր նախագծած աղբավայրը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:

Այսօր նախատեսված ջրի մեքենայով արդեն 2-րդ օրն է աղբավայրում չեն կարողանում մարել հրդեհը: Ջրի բացակայության պատճառով աղբի ավտոմեքենաների անվադողերը աղբավայրից դուրս գալիս չեն լվացվում քլորաջրով՝ ստեղծելով համաճարակի տարածման սպառնալիքներ:

Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի բյուջեի բնապահպանական վճարներից ամեն տարի, նաև 2018թ.-ին 1,5-2 մլն ՀՀ դրամ է հատկացվում աղբավայրի պահպանության համար:

Տնօրեն Սարգիս Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ աղբավայրի պահպանության համար նախատեսված 1,5-2 մլն ՀՀ դրամը, ինչպես նախկին, այնպես էլ ներկա  քաղաքապետերի կողմից «Ալավերդի Բարեկարգում» ՍՊԸ-ին չեն տրամադրվել:

Սարգիս Կիրակոսյանը տեղյակ չէր, թե որտեղ և ինչպես է ծախսվում աղբավայրի պահպանության համար բյուջեով նախատեսված գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter