Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Ըստ Խուդոյանի, միջնորդությունը ներկայացվել էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:
Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը Հովհաննես Խուդոյանը բողոքարկելու է գլխավոր դատախազին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել