HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Գորգիսյան․ «Նոր խորհրդարանում չի լինելու այն ընդդիմությունը, որ հիմա կա» 

Կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագիծը չնայած քննարկվել էր խորհրդարանական չորս խմբակցությունների հետ, և «մոտավոր կոնսենսուս կար», սակայն ՀՀԿ-ն որոշեց, որ դեմ է նոր ԸՕ-ին, և քվեարկությանը չմասնակցեցին պատգամավորներ, որոնք հայտարարել էին իրենց աջակցության մասին։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ ամփոփելով անցնող խորհրդարանական շաբաթվա աշխատանքները։

«Կարևոր է, որ արտահերթ նիստով կրկին ունենալու ենք նույն օրենսգրքի քննարկում, հուսով եմ, որ նրանք, ովքեր խոստացել են, որ կողմ են լինելու, կգան և կքվեարկեն»,- ասաց Գորգիսյանը։

Դիտարկմանը, թե կառավարության ծրագրում նշվում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն փոփոխված ԸՕ-ով և բեռնաթափված ընտրացուցակներով, ի՞նչ է լինելու, եթե ԸՕ-ն առանց փոփոխվելու ընտրություններ կայանան, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց․ «Երևանի արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ եղած Ընտրական օրենսգրքով որևէ ընտրակեղծիք անհնար է որ լինի, եթե նույնիսկ կառավարությունը չհասցնի ցուցակների մաքրման աշխատանքներն իրականացնել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, քանի որ օրենքը գործելու է, իրավապահներն իրենց տեղերում են լինելու»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ևս, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում էր, «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցելու են «Լույս» դաշինքով։ Գորգիսյանը չբացառեց, որ այլ ուժեր և անհատներ ևս իրենց դաշինքի մաս կազմեն։

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե «Լույս» դաշինքը նոր խորհրդարանում լինելու է «գրպանային ընդդիմություն»: Նման գնահատական ՀՀԿ-ն տվել էր նաև «Լուսավոր Հայաստանի» առնչությամբ, երբ իրենք Աժ-ում դեռեւս մեծամասնություն էին: Գևորգ Գորգիսյանն այս կապակցությամբ ասաց․ «Պարոն Փաշինյանի ծիծաղն էլ կգա, որ մենք երբևէ կարող ենք լինել գրպանային ընդդիմություն, ՀՀԿ-ն միշտ չափում է իր տեսածով, ժողովրդական խոսքով ասած` իրենց արշինով են չափում, մեր պարագայում չկա որևէ լծակ, չի եղել, ՀՀԿ-ի ժամանակ` առավել ևս չի եղել, երբևէ նման պիտակավորումներ չեն կարող  կապ ունենալ մեզ հետ, անընդհատ մենք չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք»։

Գևորգ Գորգիսյանի համոզմամբ՝ «Լույս» դաշինքը լինելու է երկրորդ խորհրդարանական ուժը և ունենալու է զսպող դեր։

«Նոր խորհրդարանում չի լինելու այն ընդդիմությունը, որ հիմա կա, մենք այլ իրողություններ ունենք, իշխանության մեջ չեն լինելու թալանչիներ, քրեաօլիգարխիկ տարրեր, և այդ պարագայում մտքերի, ծրագրերի բախում է լինելու»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter