HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Այդ խմորը շատ ջուր է վերցնելու

Թեեւ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Իջեւանի քաղաքապետի ընտրությունից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն ընտրություների հետ կապված լարվածությունը շարունակվում է: Նման բան կարելի էր եզրակացնել  հունվարի 25-ի ավագանու նիստից:

Վարդան Ղալումյանը ընտրվել է  քաղաքապետ, որպես ավագանու անդամ նրա լիազորությունները դադարեցվել են, ավագանու անդամ Հովիկ Խեչյանն էլ  խուլիգանության գործով քննվող քրեական գործով  տարեմուտից առաջ կալանավորվել է: Ավագանու 15  անդամից այդ նիստին մասնակցում էին 13-ը:

Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից հանդիսացող ավագանու անդամները ժամը 10-ին նշանակված նիստին ներկայացան միասին, քաղաքապետի աշխատասենյակում էլ նստած էին իրար կողքի: Սպասվում էր, որ նիստի ժամանակ էլ նրանք  կազմակերպված հանդես կգան:

Հունվարի 25-ին  պետք է հաստատվեր համայնքի 2012 թվականի բյուջեի նախագիծը, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակները եւ պաշտոնային դրույքաչափերը, 2012թ. տեղական տուրքերի ու  վճարների չափերը եւ այլն:  Նիստի  սկզբում ավագանու անդամներ Նարինե  Գրիգորյանը ու Հասմիկ Ամիրյանը հայտնեցին, որ  նիստի օրակարգը ստացել են ոչ թե անձամբ, այլ`մի դեպքում` խանութպանից կամ հարեւանի միջոցով:

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը հայտնեց, որ օրակարգը մի շաբաթ առաջ փոստով ուղարկել են ավագանու անդամներին: Ավագանու անդամ, Իջեւանի նախկին քաղաքապետի հարազատ եղբայր, «Իջեւանի բժշկական կենտրոնի» տնօրեն Հրաչ Ներսիսյանն  էլ դժգոհեց, որ քաղաքի աղբահանությունն իրականացնող կոմունալ տնտեսությանը այս տարվա բյուջեով 79 միլիոն դրամ է նախատեսված:  Ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանն էլ հավելեց, որ կոմունալ տնտեսության համար նախատեսվածն ավելի է, քան քաղաքապետարանի  աշխատակազմի համար նախատեսված գումարը: Նշենք, որ 2012-ին կոմունալ տնտեսության համար նախատեսված գումարը 2011-ի համեմատ աճել է  5 միլիոն դրամով, անցյալ տարի էլ կոմունալին հատկացվածը մեծ է  եղել քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձի գումարից , նախորդ տարիներին էլ  ավագանու վերոհիշյալ անդամները հաստատել են տեղական բյուջեն:

Իջեւանի ավագանու անդամները քվեարկությամբ 6 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ մերժեցին հաստատել նիստի օրակարգը:  Օրակարգի հաստատմանը դեմ քվեարկածները   քաղաքապետ Վարդան Ղալումյանից պահանջեցին ավագանու հաջորդ նիստին լսել կոմունալ տնտեսության, նաեւ քաղաքապետարանի մյուս հիմնարկների տնօրենների աշխատանքների տարեկան հաշվետվությունը:  

Վարդան Ղալումյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների թափանցիկ աշխատանքին: Կարելի է կռահել, թե ինչու Վարուժան Ներսիսյանի  կողմնակից ավագանու անդամները շեշտեցին հատկապես կոմունալ տնտեսության տնօրենի հաշվետվության անհրաժեշտությունը: Այդ հիմնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը  2011թ. մայիսի 29-ին ընտրվել է ավագանու անդամ, դրանից հետո նրա փոխարեն  հիմնարկի տնօրեն է դարձել Չիբուխչյանի քրոջ որդին` Էդգար Մեհրաբյանը: Սամվել Չիբուխչյանը մասնակցում էր նիստին եւ կողմ քվեարկեց օրակարգի հաստատմանը: Բնականաբար Ս. Չիբուխչյանի  նման կերպ քվեարկելը ձեռնտու չէ նախկին քաղաքապետի կողմնակիցներին:  

Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գեւորգյանը  նիստում հայտնեց, որ 2011թ. վերջին քաղաքապետարանի աշխատավարձի եւ այլ պարտքերը կազմել են 5 միլիոն 368 հազար դրամ:  Այդ գումարից 624 հազարը քաղաքապետարանի պարտքն է «Ջրմուղկոյուղուն», մնացածը աշխատավարձի պարտք է` 1 միլիոն 295 հազարը Իջեւանի քաղաքային կոմունալ տնտեսության, 1 միլիոն 453 հազարը` երաժշտական դպրոցի, 1 միլիոն 695 հազարը` մշակութային «Ավանդույթ» ՓԲԸ-ի, 301 հազարը` Իջեւանի ՔԱԿԳ-ի («Զագսի») աշխատողների աշխատավարձի պարտքն է:

Նիստում նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարազատ եղբայր, «Իջեւանի բժշկական կենտրոնի» տնօրեն Հրաչ Ներսիսյանը Վարազդատ Գեւորգյանին հարցրեց, թե  քաղաքապետարանի բյուջեում եղած գումարները ինչո՞ւ չեն  ուղղվել քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներից մեկի աշխատողների աշխատավարձի պարտքի մարմանը: Վ. Գեւորգյանի վկայությամբ`այս   տարեսզբին համայնքի վարչական բյուջեում եղել է  1 միլիոն 267, իսկ ֆոնդային բյուջեում` 360 հազար դրամ:

Քաղաքապետարանի ֆինբաժնի վարիչի խոսքով` այդ գումարները  քաղաքապետարանի բյուջե են փոխանցվել ուշ` դեկտեմբերի 30-ի երկրորդ կեսին,  մինչ տարեմուտ հնարավոր չէր աշխատավարձի պարտք մարել: Իջեւանը  Տավուշի մարզի 62 համայնքներից  միակն է, ուր դեռ չի հաստատվել այս տարվա բյուջեի նախահաշիվը:  

Մոտ 10 օրից Իջեւան համայնքի ավագանին կրկին նիստ կունենա: 2011թ. մայիսի 29-ին ընտրված ավագանու ներկայիս կազմի 13 անդամներից 7-ը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ազգակից բարեկամները կամ նրա կողմնակիցներն են: Հավանաբար, համայնքի բյուջեի ընդունումը, ավագանի-քաղաքապետ հարաբերությունները հարթ չեն լինելու:  Այդ խմորը դեռ շատ ջուր է վերցելու:

Մեկնաբանություններ (1)

Aram
Welcome to transparency(?) and democratic rule.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter