HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ն ցանկանում է, որ իր նախընտրական ցուցակը գլխավորի Գագիկ Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկանում է, որ իր նախընտրական ցուցակը գլխավորի անձամբ Գագիկ Ծառուկյանը։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Ինչպես ես, այնպես էլ մեր քաղաքական թիմը համարում է, որ ԲՀ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի, բնականաբար, անձամբ Գագիկ Ծառուկյանը»,- ասաց Էնֆիաջյանը։

Դիտարկմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու, հնարավո՞ր է, որ ինքը, Նաիրա Զոհրաբյանը կամ Միքայել Մելքումյանը չլինեն ԲՀԿ ցուցակում կամ զբաղեցնեն ցուցակի վերջին տեղերը, Էնֆիաջյանն արձագանքեց․«Ինձ համար Նաիրա Զոհրաբյանի կամ Միքայել Մելքումյանի համար որևէ գործունեություն ինքնանպատակ չէ, ինչ կորոշի մեր քաղաքական թիմը՝ մեզ համար ընդունելի կլինի»,- ասաց նա:

Մենք հիշեցրինք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցադրումը խորհրդարանում այն մասին, թե գործարարի ինչի՞ն է պետք լինել պատգամավոր, քանի որ պատգամավորի կարգավիճակը ոչ մի բան չի պակասեցնի կամ ավելացնի: Արդյոք այդ հայտարարությունն ուղղված էր հենց «Ծառուկյան» խմբակցությանը և նրա ղեկավարին, որը խորհրդարանի ամենաշատ բացակայություններ ուենցող պատգամավորն է, արդյոք այդ հայտարարությունը դեր ունենալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցուցակները կազմելիս: Էնֆիաջյանը վստահեցրեց՝ Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները ԱԺ աշխատակազմը հարգելի է համարել։

«Չկա գործընթաց, որ մենք իրականացնում ենք, և Գագիկ Ծառուկյանը պատշաճ տեղեկացված չլինի, իր խոսքն ասած չլինի։ Անկախ նրանից` որ պաշտոնյան ինչ հայտարարություն է անում, ՀՀ-ում պետք է լինի օրենքի գերակայություն, անկախ նրանից` որ քաղաքական ուժն է ներկայացնում»,- ասաց  նա։

Դիտարկմանը, որ իրենց խմբակցությունում գործարարներ կան, ի՞նչ խնդիր են լուծել գործարար պատգամավորները, խմբակցության քարտուղարը վստահեցրեց՝ որևէ լրագրող կաշկանդված չէ ցանկացած պատգամավորի հարց ուղղել։

«Մենք մեր խմբակցության ներկայացուցիչներով արել ենք առավելագույնը, և գործարար ձևակերպումը տեղին չենք համարում»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանն ավելի շատ պատգամավո՞ր է, թե գործարար հարցին Վահե Էնֆիաջյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այդ հարցին լավագույնս պատասխանել է վարչապետը` ասելով, որ նա խոշոր սեփականատեր է»:

Վահե Էնֆիաջյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, սակայն վստահեցրեց` Հայաստանում այնպիսի պաշտոնյա չկա, որ ԲՀԿ-ն վերջինիս թեկնածուի համապատասխան կադր չունենա։

Հարցին, թե ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Էնֆիաջյանը պատասխանեց՝ ամեն ինչ իր ժամանակին պարզ կլինի։

«Շտապողականությունը լավ բանի չի բերի»,- ասաց նա:

ԲՀԿ-ն ընտրություններին ո՞ր տեղի համար է պայքարելու հարցին ի պատասխան, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Կա քայլերի տրամաբանություն, առաջնային քայլն արդեն իսկ ուրվագծված է՝ հասցնել տրամաբանական կետին՝ խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվի, գնանք նոր ընտրությունների, և այդ հարցն, ըստ էության, որոշում և լուծում է մեր ժողովուրդը, թե որ քաղաքական ուժն ինչպիսի մասնակցություն կունենա խորհրդարանում»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter