HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՅԴ-ն միայնակ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Հայ Յեղափոխական դաշնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ առանց որևէ ուժի հետ դաշինք կազմելու։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանն ասաց, որ կուսակցությունը Գերագույն մարմնի նիստ է արել և հստակ հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին, «քանի որ ունեն իրենց ասելիքը»։

«Միշտ այդպես է եղել` Դաշնակցությունն առանձին է գնացել ընտրություններին: Դաշնակցությունը քաղաքական դաշտում ունի իր առանձնահատկությունները, և ունենալով այդ առանձնահատկությունները` մենք գերադասում ենք այս անգամ էլ առանձին մասնակցել ընտրություններին»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու կաշառքի գործով, Արմեն Ռուստամյանը նկատեց․ «Մի կողմից վարչապետը հայտարարում է, որ չի միջամտում դատական գործերին, մյուս կողմից էլ բավական լավ տեղեկացված էր։ Եթե վերանանք այն բանից, որ այդ հայտարարությունը վարչապետն արեց, ապա պետք է յուրաքանչյուր պատգամավոր հստակ գիտակցի, որ չպետք է պատսպարվի անձեռնմխելիությամբ: Եթե ներկայացվի համապատասխան գործ, ունենանք համոզում, որ դա ճիշտ է, մենք երբեք չենք խոչընդոտել, հիմա էլ չենք խոչընդոտելու, որ քննությունն ամբողջությամբ ընթանա»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետն է, և նրան զեկուցում են երկրում տիրող իրավիճակի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Վարչապետն ավելի տեղեկացված պետք է լինի, քան մնացածները, բայց տիրապետել հարցի ամբողջ գործընթացին, սա մի քիչ այլ տեղ է տանում: Նման հայտարարություններից հետո ենթադրելի է, որ ոչ միայն տիրապետում է, այլ նաև դրա մեջ ներգրավված է, և դա կարող է այլ հետևությունների տեղիք տալ: Դրա կարիքը չկար, որ մինչև հարցի` ԱԺ բերելը, վարչապետը հայտարարեր: Եթե սա արվեց քաղաքական նպատակներով, ուրեմն լավ չէ: Ես չեմ կարծում, որ նման հայտարարությունները պետք է առաջինը վարչապետն անի»:

Արմեն Ռուստամյանը բացառեց, որ վերոնշյալ պատգամավորը ՀՅԴ խմբակցությունից լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter