HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահրամ Բաղդասարյան․ «Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական»

Առաջիկա օրերին ՀՀԿ-ն կհայտարարի ընտրություններին իր մասնակցության մասին։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Առաջիկա օրերին մենք համաժողով կունենանք և դրա մասին հայտարարություն կանենք, իսկ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին»։

Բաղդասարյանը, սակայն, վստահեցրեց, որ ցուցակը լինելու է քաղաքական։

«Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական, միանշանակ, միայն այդքանը կարող եմ ասել, մեր ցուցակը լինելու է ընդդիմությանը հարիր ցուցակ»,- ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ի նպատակն է խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան ձևավորելը։

«Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ ընդդիմություն, քաղաքական ուժերը պետք է պատրասատ լինեն լինելու թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն, ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն և պատրաստ է նաև լինել փոքրամասնություն։ Մենք մտնում ենք ԱԺ՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրվելու դեպքում ՀՀԿ-ն լինելու է արմատական և կառուցողական ընդդիմություն, որը դրականը նկատելու է։

Դիտարկմանը, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Լույս» դաշինքի մասին, ասել էր, թե վերջինս կլինի գրպանային ընդդիմություն, արդյոք ՀՀԿ-ն ունեցե՞լ է գրպանային ընդդիմություն, Բաղդասարյանն արձագանքեց․

«Կարող է իրենք են ձգտել, որ դառնան նման ընդդիմություն, բայց ընդունվե՞լ են, թե ոչ, այդ մասին չեմ կարող բարձրաձայնել»։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում խոշոր կաշառքի գործով պատգամավոր է կալանավորվելու, Բաղդասարյանն ասաց․ «Եթե վարչապետը նման հայտարարություն է անում, ուրեմն նա պետք է բոլոր անունները տար։ Ինձ թվում է` դա նախաքննական գաղտնիք է, և որևէ մեկը իրավունք չուներ նման հայտարարություն անելու, քանի որ նախաքննության պրոցես է գնում»:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ վերոնշյալ պատգամավորը ՀՀԿ-ից լինի, Բաղդասարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող եզրակացություններ անել և որևէ անուն տալ։ Առաջին անգամ էի լսում վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը։ Մենք կրոսվորդ չենք լուծում, հանելուկներով չենք զբաղվում և դնենք քննարկենք, թե ով կարող է լինել, ով՝ չէ։ Մարդկանց ճակատագրերի հետ կապված ես նման ենթադրություններ չեմ անում»։

Բաղդասարյանը կրկին վերահաստատեց ՀՀԿ-ի դիրքորոշումը, որ դեմ են թե՛ դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՛ ԸՕ-ի փոփոխություններին, սակայն ընդգծեց, որ վարչապետի երկրորդ փուլով ընտրության ժամանակ թեկնածու չեն առաջադրելու։

«Բայց դա արդեն իսկ կայացած փաստ է, և մենք մեր մոտեցումների մասին լրացուցիչ կհայտարարենք»,- ասաց Բաղդասարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter