HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի թիվ մեկ խնդիրը որակն է»,-ասել է ԱԶԲ տնօրենը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Վեյն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատված։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ` Հոնգ Վեյը հանդիպում է ունեցել Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը ԱԶԲ գլխավոր տնօրենի տեղակալին ներկայացրել է Տրանշ-3-ում կատարված ու ընթացիկ շինաշխատանքները։ Նա նշել է, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածում կան որոշակի կազմակերպչական խնդիրներ, սակայն շինարարներն աստիճանաբար լուծում են դրանք, և վերջին 2 ամիսներին աշխատանքների ծավալի մեծացումը նկատելի է։ Նա նշել է նաև, որ անհրաժեշտ են որոշ փոփոխություններ՝ ծրագիրը հաջողությամբ առաջ տանելու համար։ Պարոն Պետրոսյանը նկատել է, որ Տրանշ-3-ի շինարարները, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ու շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը սերտորեն համագործակցում են, որպեսզի առկա խնդիրները ժամանակին վերացվեն, և աշխատանքներն ավելի մեծ ծավալով առաջ ընթանան։

Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատախմբի ղեկավար Վաչե Մինասյանը նշել է, որ շինարարության առջև դրված գլխավոր խնդիրը որակն ու ժամկետներն են։ Ըստ նրա՝ կապալառու կազմակերպության հետ հանդիպումների ընթացքում մշտապես շեշտվում է, որ պետք է աշխատանքներն արագ տեմպերով իրականացվեն, միևնույն ժամանակ՝ բարձր որակով։

ԱԶԲ գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Վեյը նկատել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը շատ կարևոր նախագիծ է Հայաստանի համար։ Թիվ մեկ խնդիրն այս ծրագրում որակն է, և համատեղ ուժերով պետք է շարունակել աշխատանքները՝ լավ արդյունքների հասնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter