HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեդովկա. գյուղ, որ հիմնել են մոլոկանները

Մայրուղուց թեքվող սաղարթաշատ, ասֆալտապատ ճանապարհը տանում է Մեդովկա քաղցրահունչ անունով բնակավայր: Գյուղի ռուսական անվան սկզբնաղբյուրը մեղր (мед) բառն է: Պատմում են, որ հին գյուղատեղին եղել է Մեդովինկա կոչվող սարի հարեւանությամբ: Այնտեղ տարածված ժայռափոր քարանձավներում վայրի մեղուների պարսեր են եղել, այստեղից էլ սարի ու հիմնված գյուղի անունը: Մեդովկան (հիմնվել է 1828-29թթ.) նախկինում բնակեցված է եղել մոլոկաններով: 1900-ականների կեսերին գյուղում բնակություն են հաստատել մի քանի ընտանիք հայեր եւ ադրբեջանցիներ, բնակչության մոնոէթնիկ կազմը խախտվել է:

Մոլոկանների տեղահանման ու աքսորման սկիզբը դրվել է Եկատերինա 2-րդ թագուհու կառավարման (1762-ից մինչեւ 1796թ.) տարիներին: Հայաստանի տարածք մոլոկանները եկել են 1800-ականներին, հասել են՝ հրապուրված Արարատյան թագավորության մասին պատմություններով, որ ասոցացվում էր «կաթ ու մեղրով» հարուստ երկրի հետ: Տաշիրի նախկին վարչատարածքում գտնվող Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Բլագոդարնոյե, Սարատովկա, Նովոսելցովո գյուղերի տարածքները մոլոկաններին հատկացրել է Կովկասի կառավարիչ Վորոնցովը: Տաշիրը` նախկին Կալինինոն, այդ տարիներին կոչվել է Վորոնցովկա:  

Մոլոկանների գյուղերում ապրած փոքրաթիվ հայերը ջերմությամբ են արտահայտվում նրանց մասին, անպայման շեշտում նրանց մաքրակենցաղությունը, էսթետ բնույթը (բոլորի տների դիմաց խնամված ծաղկանոցներ կային), զուսպ կենցաղավարությունը, ուտելիքի ու խմիչքի հանդեպ ժուժկալությունը (ոգելից խմիչք չէին օգտագործում, խոզի միս չէին ուտում եւ այլն): Մոլոկանները սեփական հայրենիքում հալածված էին ուղղափառ հավատի նկատմամբ ունեցած իրենց մոտեցումների համար: Հայաստանում այդ խնդիրը երբեք չի ծառացել նրանց առաջ: Մոլոկանները չեն ընդունում քահանայի միջնորդ կապը մարդու եւ Աստծու միջեւ, չեն կառուցում եկեղեցիներ, այլ կերպ են մեկնաբանում Աստվածաշունչը, չեն ընդունում սրբերի եւ խաչերի պաշտամունքը:

«Մենք տերտեր չունենք եւ փառք աստծո,-ասում է Մեդովկայի բնակիչ, մոլոկան Միխայիլ Ռեշետովը,-մենք միայն մեկ աստված ունենք, նրան ենք հավատում, ու դրանով ամեն ինչ ասված է մոլոկանների մասին»: Մեդովկայում ներկայում մոլոկանների երկու ընտանիք է ապրում: Ռեշետովների երեք անձից բաղկացած ընտանիքը մտադիր չէ լքել գյուղը: «Իսկ ու՞ր պիտի գնամ,-առանց պատասխանի ակնկալիքի հարցնում է Միխայիլը,-այստեղ ապրել են իմ պապերը, ծնողներս էլ են այստեղ թաղված եւ ես էլ կմնամ այստեղ: Մի աղջիկ ունեմ, Տաշիրի դպրոցում է սովորում, բայց ուզում եմ, որ ուսումն անպայման Երեւանում շարունակի»,-Միխայիլը բարեհոգի ծիծաղում է՝ բացատրելով, որ աղջիկը երկրորդ ամուսնությունից է:

«Հորթուկներ ունեմ, մեղու եմ պահում, եկող-գնացողին այգուս մրգից եմ հյուրասիրում: Ես սիրում եմ Մեդովկան»: Միխայիլը գյուղից հեռացած ազգակիցներին չի մեղադրում, նաեւ շեշտում է, որ ոչ ոք նրանց չի վտարել, ոչ ոք չի ասել՝ հեռացեք: «Գիտեք, ախր ոնց, ջահելները 90-ականներին գնացին Ռուսաստան ու էլ հետ չեկան, հետո ծնողներին տարան: Սա է ճշմարտությունը»,-ասում է Միխայիլը, հետո անակնկալ հարցնում, թե գիտե՞մ արդյոք` ինչու են իրենց կոչել «մոլոկան»: «Կարծեմ կաթ բառի հետ կապ ունի, դուք պասի ժամանակ կաթ շատ եք խմում»,-պատասխանում եմ: «Դե հիմա լսի, երբ Եկատերինա 2-րդը աքսորում էր մեր նախնիներին Սիբիր, իսկ այն ժամանակ մարդիկ սայլերով էին տեղափոխում իրենց ընտանիքները, սառած գետը անցնելիս սառույցը ջարդվում է եւ մարդիկ սկսում են խեղդվել: Եկատերինային զեկուցում են. «Люди в реку канут», իսկ նա պատասխանում է. «Мало канут, пусть канут», ահա այստեղից էլ մալո կան՝ մալական»:

Մոլոկանները չեն ծխում, չեն խմում, անառակությամբ չեն զբաղվում, չեն սիրում պարտք մնալ, աշխատասեր են, հպարտ: Պատմում են, որ երկրաշարժից տուժած մոլոկանների գյուղերում բնակիչները հրաժարվել են հումանիտար օգնությունից՝ հայտարարելով, որ աստված իրենց առողջություն տա, իրենք ամեն ինչ իրենց ձեռքերով նորից կստեղծեն: Տարիներն անցնում են, մոլոկանների կյանքում էլ որոշ բաներ փոխվում են՝ ստանալով հայկական երանգ (օղի են խմում եւ խոզի միս ուտում), սակայն դա չի խանգարում, որ շարունակեն մնալ կրոնական դավանանքին ու կենցաղավարության հիմնական սկզբունքներին հավատարիմ: «Սա մեր հողն է, գիտեի՞ք, որ սա մեր հողն է,-նկատելով զարմացած հայացքս՝ հաստատելով կրկնում է Միխայիլը,-մենք այն վաղուց ենք «գնել» մեր ապրած տարիներով, մեր աշխատանքով, մեր կառուցածով, իսկ հիմա Մեդովկան հայկական գյուղ է»:

Տաշիր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Մեդովկայում ապրում է 92 ընտանիք: Բնակչության մի մասը Շամխորի շրջանից բռնագաղթած հայեր են: Նելա եւ Տիգրան Ոսկանյանները Շամխորի շրջանի Բադա գյուղից սումգայիթյան ջարդերի ժամանակ փախել են Հայաստան, սկզբում հաստատվել Սպիտակի շրջանի Արջահովիտ գյուղում: Երկրաշարժից հետո տեղափոխվել են Մեդովկա: Տիգրանն ասում է, որ երկրորդ անգամ բնակավայր լքելու հիմնական պատճառը բնական աղետն էր: Մեդովկան ընտրել են, որովհետեւ այդ ժամանակ 30 ընտանիք իրենց հայրենակիցներից հասցրել էր հիմնավորվել այդտեղ:

«Մեդովկան հանգիստ, լավ գյուղ է, ուղղակի որ Վանաձորից հեռու է, էդ է մենակ վատը,-ծիծաղելով ասում է Նելան,-մենք 6 կով ունենք, կաթը չենք հանձնում, ինքս պանիր եմ սարքում, տանում եմ Վանաձորում վաճառելու, վախտ ա լինում` երկար եմ մնում, հետ գալն արդեն պրոբլեմ է լինում»: Վերջին շրջանում այդ խնդրի լուծումն էլ են գտել՝ հիմնական գնորդներ ունեն, որոնց պատվերով են պանիրը հասցնում մարզկենտրոն ու շուկայում իրացնելու քիչ քանակ է մնում: «Համ մեզի է ձեռնտու, համ իրանց, տանինք մինչեւ կուխնի կհասցնենք, լավ չէ՞»,-կատակում է Տիգրանը:

Հարեւան Լեռնահովիտ (գտնվում է խոշորացված Տաշիր համայնքի կազմում) գյուղից Մեդովկա տեղափոխված 58-ամյա Սեդա Ավետիսյանը դպրոցի պահակն է: Ամուսնու հետ Մեդովկա են տեղափոխվել 25 տարի առաջ: Լեռնահովիտի ու Մեդովկայի համեմատությունից Սեդայի համար շահեկան դիրքերում հայտնվում է Մեդովկան: «Շատ ընտիր հարմարվիր ինք՝ օդա անասուն շատ կպահինք, օնի քիչ կպահինք,-ալաշկերտի բարբառով բացատրում է Սեդան,- մենք մեր գալուց գոհ ինք, շատ խաղաղ գյուղ է: Տունը մեկ տղա ունիմ, հարս ունիմ, շուտով թոռնիկ կունենամ, մեծ տնտեսություն ունիմ՝ 14 հատ կով ունիմ, կաթ լե կհանձնինք 120 դրամով, ձմեռն ավելի թանկ, կաշխատինք տնով կապրինք, դժգոհ չինք մեր ապրելակերպից: Ես էսի քզի որպես բնակիչ կըսեմ, որպես դպրոցի պահակ էլ ըսիմ, օր մենք լավ դպրոց ունինք, բայց նորոգման պետք ունի, թող քիչմ ուշադրություն դարձնին»:

Մեդովկայի 31-ամյա վարչական ղեկավար Աշոտ Հակոբյանի ընտանիքն եւս Մեդովկա է տեղափոխվել Շամխորի շրջանից: Ասում է, որ այդ ժամանակ երկու տարեկան է եղել ու հանգիստ խղճով կարող է Մեդովկան իր երկրորդ ծննդավայրը հայտարարել: 2016թ.-ից ստանձնել է գյուղի ղեկավարումը, համայնքների խոշորացումից չի դժգոհում, թեեւ որեւէ մեկը մեդովկացիների կարծիքն այդպես էլ չհարցրեց որոշումը կայացնելիս:

«Ես չգիտեմ մյուս խոշորացված համայնքներում ոնց է, բայց Տաշիրի դեպքում մենք շահող դուրս եկանք,-ասում է Աշոտ Հակոբյանը,-մեր բյուջեն ընդամենը 12 մլն դրամ էր, որից 4 մլն 300 հազար դրամը պետական դոտացիան էր: Գյուղը մոտ 35 մլն ապառք ունի ու էս պայմաններում գյուղ ղեկավարել, ծրագիր անելը՝ շատ դժվար էր»: Մեդովկայում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ եւ արտագնա աշխատանքով: Ամուսնություններն ու հարկահավաքությունը գյուղում աշխուժանում են ձմռանը: «Այսինքն` դեկտեմբերից սկսած, երբ տղամարդիկ վերադառնում են խոպանից»,-ծիծաղում է վարչական ղեկավարը:

Գյուղում 20 ընտանիք զբաղվում է մեղվաբուծությամբ: Այս տարի «Ամքոր» կազմակերպությունը 12 ընտանիքի 3-ական մեղվաընտանիք է նվիրել: Մեդովկացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղում 950 գլուխ խոշոր եղջերավոր կա, ոչխար չեն պահում, վարչական ղեկավարն ասում `է մանր եղջերավորի համար արոտներ չունեն: Խոշոր եղջերավորը ֆերմերները տեղափոխում են հեռագնա արոտներ, որտեղ խմոցների տեղադրման կարիք կա: Հարցը բարձրացրել են, հույս ունեն, որ հաջորդ տարի կլուծվի:

Գյուղը գազիֆիկացված է, սակայն ձմռանը տները ջեռուցելու համար փայտ են գնում: Գյուղում խստորեն արգելված են ծառահատումները: Հպարտանում են, որ անգամ ցուրտ ու մութ տարիներին կարողացել են պահպանել Մեդովկա մտնող ճանապարհը երիզող ծառաշերտը: Դպրոցի նորոգման կարիք կա, ինչպես նաեւ ցանկություն մանկապարտեզ կամ գոնե նախակրթարան ունենալու՝ 27 մանկահասակ երեխա կա գյուղում: Աշոտ Հակոբյանը խնդիրները թվարկելիս չի մոռանում Մեդովկա գյուղի կազմում գտնվող Կրուգլայա Շիշկա բնակավայրի մասին: «Մեդովկան Տաշիրի հետ կապող տրանսպորտն օրը երեք անգամ գնում-գալիս է, բայց Կրուգլայա Շիշկա դժվարությամբ է մտնում, որովհետեւ մոտ 600 գծամետր վատ ճանապարհ ունենք: Այնտեղ հիմա 22 ընտանիք է ապրում, մարդիկ նեղվում են: Հույս ունենք, որ խոշորացումից հետո այս հարցն էլ կլուծվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter