HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շուկայում լոլիկի բարձր արժեքով գայթակղված` ֆերմերներն իրենց բերքը չեն վաճառել «Արտֆուդ»-ին

Եղեգնուտի բնակիչ Աշոտ Խուրշուդյանը 4 հեկտար լոլիկ էր մշակել այս տարի։ Բերքը հասունանալուց 20 օր հետո` օգոստոսի սկզբին, լոլիկը չորացել է։ «Արմավիրի մարզում բոլորի դաշտերը չորացան, պատճառը չկարողացանք հասկանալ, տեսան, թե ինչպես է չորանում լոլիկը, բայց արձագանք չեղավ»,- ասում է ֆերմեր Աշոտը՝ նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին։

«4 հա լոլիկից 450 տոննա բերք էի ակնկալում, որը 70 դրամով վաճառելու դեպքում 30 մլն դրամի եկամուտ էի սպասում։ Մշակելու համար կատարած ծախսերը հանած՝ դրանից 20 մլն դրամն ինձ կմնար»,- հաշվարկել է Աշոտ Խուրշուդյանը:

Նա տարեսկզբին պայմանագիր է կնքել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի հետ՝ պարտավորվելով 70 տոննա ապրանքային եւ 50 տոննա տոմատի լոլիկ հանձնել նրանց։ Գործարանը գարնանը ֆերմերային տնտեսություններին սերմ է տրամադրել, նաեւ՝ 1 հեկտարի համար 300 000 դրամ է վճարել, աջակցելով նրանց աշխատանքներին։ Աշոտ Խուրշուդյանն ասում է, որ 900 000 դրամ է ստացել, սակայն պայմանագրային պարտավորությունները չի կարողացել կատարել։ Որոշ քանակ հավաքելուց հետո լոլիկը չորացել է։

Անգամ այդ իրավիճակում նա անհնար չէր համարում գործարանից ստացած գումարը վերադարձնելը, եթե  «Արտֆուդ»-ը ժամանակին սկսեր մթերումը։ Ասում է՝ այս տարի բերքը 20 օր շուտ հասունացավ, բայց գործարանը պատրաստ չէր մթերելու։ Մինչեւ նախաձեռնեց՝ դաշտերը չորացան։

Աշոտ Խուրշուդյանից բացի, Եղեգնուտ գյուղում այլ ֆերմերներ նույնպես լոլիկի մթերման պայմանագիր ունեին «Արտֆուդ»-ի հետ։

Մովսես եւ Մարտուն Մկրտչյան եղբայրները միասին 6 հա լոլիկ են մշակել այս տարի՝ 1 հա-ից 60 տոննա բերքի ակնկալիքով։ «Արտֆուդ»-ի հետ ունեցած պայմանագրով 250 տոննա պետք է հանձնեին նրանց՝ ապրանքային լոլիկը՝ 70 դրամով էին հանձնելու, իսկ տոմատի լոլիկը՝ 40 դրամով։ Գործարանից 1 հա համար 350 000 դրամ գումար են ստացել՝ գարնանային աշխատանքները կազմակերպելու համար։

«Հեռախոսով տեղեկացրել եմ «Արտֆուդ»-ի ղեկավարությանը, որ պոմիդորը հասել է, բայց իրենք դեռ աշխատանքը չէին սկսել։ Սկսեցինք իրացնել, բայց չորացավ եւ բերքի 80%-ի կորուստ ունեցանք։ Մոտ 1 մլն դրամի լոլիկ ենք տվել գործարանին։ Պայմանագրով օգոստոսի 1-ից պետք է սկսեին մթերել, բայց հուլիսի 15-20-ից միանգամից սկսեց չորանալ»,- ասում է Մովսես Մկրտչյանը։ Նրա կարծիքով՝ լոլիկի զանգվածային չորանալու պատճառը աննախադեպ շոգն է եղել։ Ասում է, որ Արմավիրի դաշտերում մինչեւ 50 աստիճանի էր հասնում։

Ֆերմերները հայտնեցին, որ իրենց ահազանգով մասնագետներ են եկել, ուսումնասիրել են լոլիկի դաշտերը եւ եկել այն եզրահանգման, որ շոգն է եղել չորանալու պատճառը։ Մասնագետների ով լինելը նրանք չգիտեն, ասում են՝ եվրոպացի են եղել։

Մկրտչյան եղբայրները «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքել են դեռեւս 14.02.2018 թ.-ին։ «Բնական աղետների պատճառով պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում վաճառողը պարտավորվում է մինչեւ 30.09.2018 թ.-ին փակել ստացած բոլոր կանխավճարները»,- նշված է պայմանագրում։

Գործարանի կանխավճարը Մովսես եւ Մարտուն Մկրտչյանները չեն վերադարձրել։ Մարտունն ասում է, որ բանկերից վերցրած վարկը նույնպես չեն մարել, սելիտրայի համար չեն վճարել, բանվորների աշխատավարձը չեն վճարել։ Ակնկալում են, որ գործարանը, գուցե իրավիճակից ելնելով, զիջումների գնա տրամադրված կանխավճարի հարցում։

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի (Արտֆուդ) գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ գործարանը  2018 թ․-ին գյուղացիական տնտեսությունների հետ լոլիկ գնելու համար 240 նախնական պայմանագիր է կնքել։ Պայմանագրային պարտավորությունն իրականացնելու համար գյուղացիական տնտեսություններին 140 000 000 դրամ կանխավճար է տրվել։ Ըստ  պայմանագրերի`  գյուղացիական տնտեսությունները պարտավորվել էին 14 000 տոննա լոլիկ հանձնել  գործարանին։

«Ամռան ամիսներին գրանցված աննախադեպ շոգը, անկասկած, շատ վատ ազդեցություն ունեցավ գյուղատնտեսության, մասնավորապես՝ լոլիկի վրա։ Ինչ խոսք, դա միանշանակ ֆորսմաժորային իրավիճակ էր, որն ինքնին բավականին ռիսկեր էր պարունակում, ինչը բերեց լոլիկի վաղաժամ չորանալուն»,- հայտնում է տնօրենը։ Վերջինիս ասելով՝ ոչ բոլորի ցանքատարածություններն են վնասվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, շատ ֆերմերների հաջողվել է միջին քանակի բերք ստանալ, ոմանք նույնիսկ շատ բարձր բերք ապահովեցին։ Սակայն նրանք, գայթակղվելով շուկայում լոլիկի բարձր գնով, իրենց բերքը վաճառեցին այլ գնորդների՝ խախտելով պայմանագրային պարտավորությունները»,- հայտնում է գլխավոր տնօրենը։

Վ․ Կարապետյանն ասում է, որ այս տարվա անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցություն, իհարկե, ունեցել են իրենց տնտեսության վրա: Ինչ վերաբերվում է ֆորս-մաժորին, ապա պայմանագրերում նախատեսված  է համապատասխան կետ, որը կարգավորում է տվյալ խնդիրը։ «Բնական աղետների կամ այլ ֆորսմաժորային իրավիճակների պատճառով, եթե վաճառողը չի կարողանում հանձնել պայմանագրով նախատեսված լոլիկի ամբողջ  քանակը, ապա պարտավորվում է մինչեւ 30․09․2018 թ.-ը մարել ստացած բոլոր կանխավճարները։

Ընկերությունից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ միայն 20 գյուղացիական տնտեսություններ դեռևս չեն մարել կամ ամբողջությամբ չեն մարել ստացած կանխավճարները, որը կազմում է շուրջ 6,8 մլն դրամ։ «Նրանց մի քանիսին հնարավորություն է տրվել պայմանագրային ժամկետից ուշ մարել պարտքերը, շատերի հետ էլ պայմանավորվել ենք 2019 թ․-ին ստացվելիք բերքով մարել պարտքերը»,- հայտնում է Վաչագան Կարապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter