«Ամենածավալուն համաներումը»` ծավալուն խնդիրներով. մասնագետները մեկնաբանում են նախագիծը
«Հայաստանի և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր ամենածավալուն համաներումն է լինելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ սպասվելիք համաներմանն` ասել էր Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Այս հայտարարությունը պատժաչափի զգալի կրճատման, ազատության մեջ հայտնվելու հույս էր առաջացրել ազատազրկված անձանց, ընդհուպ ցմահ դատապարտյալների շրջանում:
Հոկտեմբերի 23-ին համաներման օրինագիծը հրապարակվեց Ազգային ժողովի կայքում, և արդեն երեք օր է, իրավական ոլորտի մասնագետների կողմից այն բուռն քննարկումների առարկա է դարձել:
«Աննախադեպ համաներումն», ըստ մասնագետներից շատերի, ոչնչով չի տարբերվում վերջին տարիներին Հայաստանում եղած այլ համաներումներից, ավելին, այն հետընթաց է՝ համեմատած այլ տարիներին հայտարարված համաներումների, դրա արդյունքում ավելի քիչ թվով անձինք կհայտնվեն ազատության մեջ:
Մեզ հետ զրուցում Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ համաներումը մարդասիրական քայլ է, որը, սովորաբար, այնքան էլ հաճախ չի արվում, ապա հիշեցրեց, որ միայն վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում մի քանի անգամ համաներում է հայտարարվել, որոնց նպատակը եղել է, օրինակ, կալանավայրերում գերբնակեցման խնդրի լուծումը: Համաներումներից մեկն էլ, ըստ Ռևազյանի կապված է եղել 2008 թվականի մարտի մեկի դեպքերի և դրանց հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց ազատ արձակելու խնդիրը լուծելու հետ:
Թեև Ռևազյանը համարում է, որ այս համաներումն արժեր անել, կարծում է, որ եթե Հայաստանում դատական համակարգը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը արդյունավետ գործեն, ապա համաներումներ անելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
Ըստ Ռևազյանի՝ ավելի արդյունավետ է դատապարտյալի ուղղման մեխանիզմների մշակումը:
«Այս դեպքում յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվում. դատապարտյալն ուղղվել է՝ հայտնվում է ազատության մեջ, չի ուղղվել՝ չի հայտնվում»,- նշեց Ռևազյանը և հիշեցրեց, որ համաներման դեպքում բոլորի նկատմամբ կիրառվում է նույն սկզբունքը:
Ռևազյանն անդրադարձավ նաև խնդրին, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս համաներումը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որևէ կերպ չի տարածվում:
«Կարծում եմ՝ կարելի էր նաև ցմահների վրա որևէ կերպ տարածել, օրինակ՝ 18-ից 21 տարեկանում հանցագործություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատիժը դարձնել 20 տարի»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոբերտ Ռևազյանը:
Ըստ փաստաբան Գեղամ Հակոբյանի՝ թեև հայտարարվել է, որ աննախադեպ համաներում է լինելու, այն նախագիծը, որ շրջանառության մեջ է դրվել, աննախադեպ համարել չի կարելի, այն սպասելիքները, որոնք այս հայտարարությունից հետո առաջացել էին, որևէ կերպ արդարացված չեն: Ավելին՝ ըստ փաստաբանի ևս, այս համաներումը հետընթաց է՝ համեմատած 2011 և 2013 թվականներին Հայաստանում հայտարարված համաներումների հետ:
Հակոբյանն անդրադարձավ համաներման նախագծում առկա դրույթների, որոնք իր դիտարկմամբ՝ խնդրահարույց են:
Ըստ այս տարվա համաներման նախագծի՝ «համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել հանցագործությամբ պատճառված նյութական վնասը կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ:
«Ենթադրենք` կա վեճ, անձին պատճառվել է 500 հազար դրամի վնաս, սակայն տուժողն ասում է, թե իրեն պատճառվել է 5 մլն դրամի վնաս: Ստացվում է, որ արհեստականորեն խոչընդոտվում է համաներման կիրառումը»,- նշեց Հակոբյանն ու կարծիք հայտնեց, որ առհասարակ սխալ է համաներման ակտի մեջ գույքային վնասի հատուցման վերաբերյալ կետ նախատեսելը:
«Այդպիսով խտրականություն է դրսևորվում, և խախտվում օրենքի առաջ հավասարության սկզբունքը: Ստացվում է, որ անձն, ով գույքային վատ դրության մեջ է, պետության բարեհաճ վերաբերմունքից չի օգտվում, նրա նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում` գույքային դրությունից ելնելով»,- ասաց Գեղամ Հակոբյանը:
Վերջինս խոսքով` խնդրահարույց է նաև այն, որ եթե նախկինում երկու և ավելի հոդվածներով հանցագործության մեջ մեղադրվող անձի հոդվածներից յուրաքանչյուրի նկատմամբ էր համաներումը կիրառելի, ապա այժմ կիրառելի է համակցությամբ սահմանված պատժի վրա:
Գեղամ Հակոբյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ համաներման նախագծում հատուկ կարգավորում կա` կապված Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման մասնակիցների և 2014 թվականի ապրիլի 24-ին նախապատրաստվող զանգվածային անկարգությունների վերաբերյալ:
Նշենք, որ համաներման նախագիծը սահմանում է «պատժից ազատել 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները»:
Հակոբանը նկատում է. նորմատիվ իրավական ակտով անհատական կարգավորումներ են տրված, մինչդեռ օրենքի առաջ հավասար են բոլորը:
Ըստ Գեղամ Հակոբյանի` եթե նույնիսկ վերը նշված գործերով անցնող անձանց ներելու քաղաքական կամք կար, ապա դա կարելի էր անել անհատական ակտի, օրինակ` նրանց ներում շնորհելու միջոցով:
Համաներման նախագծի միակ նորմը, որը կարելի է բարելավում համարել, ըստ փաստաբանի, հատուկ խմբի անձանց նկատմամբ կարգավորումն է:
Նշենք, որ նախագծով սահմանվում է պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց, 60 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։
Նախկինում հատուկ խմբի անձանց նկատմամբ համաներում կիրառվում էր, եթե նրանք դատապարտված էին ոչ թե առավելագույնը մինչև 6, այլ 5 տարի ժամկետով ազատազրկման, և այս առումով է, որ այս դրույթը կարելի է բարելավում համարել:
Թեև, ստացվում է, որ համաներման նախագծում կոնկրետ գործերով անհատական իրավակարգավորումներ են տրվել` դրանում որևէ կերպ անդրադարձ չի կատարվել այսպես ասած «Նորքի զինված խմբի» գործին, ինչը դժգոհությունների առիթ է դարձել:
Նշենք, որ անձինք, որոնք անցնում են այս գործով, ըստ մեղադրանքի, նպատակ են ունեցել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ բացահայտվել են ու 2015-ի նոյեմբերի 25-ին խմբի անդամներից ոմանք վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Մեզ հետ զրույցում խումբը ստեղծելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Արթուր Վարդանյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանը նշեց, որ եթե, ըստ մեղադրանքի, Նորք-Մարաշի գործով անցնող անձինք մտադրվել են զավթել նախկին` արդեն հեռացված իշխանությունն, ապա այդ իշխանության դեմ պայքարին նվիրված մարդկանց համաներմամբ չանդրադառնալը սխալ է:
Աղվանյանը նկատում է. եթե ՊՊԾ գնդի գրավման ժամանակ որոշակի գործողություններ են կատարվել, ապա Արթուր Վարդանյանին և Նորք-Մարաշի գործով անցնող մյուս անձանց հանցագործության նախապատրաստում է վերագրված ու կարծիք հայտնում, որ եթե ՊՊԾ գնդի գործին առանձին կետով անդրադարձ կատարվել է, ապա պետք է նման անդրադարձ կատարվեր նաև Նորք-Մարաշի գործով:
Հիշեցնենք, որ համաներման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել