Երևանում 1 օրում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար
Եղանակային հանգամանքներով պայմանավորված` երեկ Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, այն դեպքում, երբ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ պարզաբանելով զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում եղած հրապարակումներներն այն մասին, որ երեկ երեկոյան երթևեկության լարվածություն է արձանագրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում:
Ոստիկանության հաղորդագրության մեջ գրված է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճով պայմանավորված` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի վայրերի պահպանության և սահմանված կարգով դրանց արձանագրման համար: Դրա հետևանքով Երևանի որոշ գերծանրաբեռնված խաչմերուկներում ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից երթևեկությունը չի կարգավորվել:
«Հարկ է նշել, որ բոլոր խցանված խաչմերուկները ունեն լուսացուցային կարգավորում, և խցանումներն առաջանում են վարորդների կողմից ճանապարահային երթեևեկության պարզագույն կանոնների խախտման հետևանքով»,- պարզաբանում է ոստիկանությունը՝ մանրամասնելով, որ չեն կատարվում «Ճանապարհային երթևեկության կանոնների» 88 կետի պահանջները, համաձայն որի` արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցի երթևեկությունը:
«Հարգելի վարորդնե´ր, հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնների բոլոր պահանջները, իսկ եղանակային բարդ պայմաններում լինել առավել կարգապահ և ուշադիր, ինչով, կաջակցեք ճանապարհային ոստիկանության աշխատանքին` նպաստելով երթևեկության անվտանգության և մասնակիցների կյանքի ու առողջության պահպանմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել