HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Ու՞ր գնա մշակույթը»․ Վարչապետի թիմը Հեքեքյանին համոզում է՝ իսկ ի՞նչ կլինի, եթե շենքը քանդենք

Հայաստանի փոքրիկ երգիչների՝ Արամի 23 հասցեում գտնվող շենքի ճակատագրի վերաբերյալ ոչ միայն հստակեցումներ չկան, այլեւ ամեն ինչ ավելի է խճճվել։ Սպասելիքներ կային, որ նոր իշխանությունները կսրբագրեն հնի ընդունած որոշումը՝ պատմաճարտարապետական հուշարձանը քանդելու վերաբերյալ։

Սակայն պետական պաշտոնյաների մի խմբի կողմից անտարբերություն է դրսեւորվում, իսկ մի խումբ էլ երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանին փորձում է համոզել՝ ի՞նչ կլինի, եթե շենքը քանդենք, մի երկու մետր տեղափոխենք։

Հիշեցնենք, որ գործարար Վարդան Սրմաքեշի համար բազմահարկ բիզնես-կենտրոն կառուցելու շրջանակներում նախատեսված է քանդել երգչախմբին պատկանող շենքը, որը կառավարության որոշմամբ հանդիսանում է պատմամշակութային հուշարձան։ Շինարարության պատճառով հուշարձանը ճաքեր է տվել, որոնք օր-օրի մեծանում են։

Մաեստրո Հեքեքյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ երեք օր առաջ իրենց այցելել էին վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ (մեր տեղեկություններով՝ խոսքը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մասին է)։ Այցելուներից գլխավորը շատ զգուշավոր է եղել իր խոսքերում, Հեքեքյանին առաջարկել է ցածր խոսել, որպեսզի Վարդան Սրմաքեշի շինարարները չլսեն զրույցը։ Նա արտահայտել է մտքեր, որ հակասել են պատմամշակութային հուշարձանի պահպանության սկզբունքներին։

«Ես չեմ հասկանում, այդքան հստակ, առանց սեթեւեթանքի մտածող վարչապետի թիմը ինչո՞ւ է այսքան հապաղում, ինչո՞ւ է ասում՝ իսկ ի՞նչ կլինի, եթե էս շենքը քանդենք»,- տարակուսած է դիրիժորը։

Շենքին եւ կազմակերպությանը վնաս հասցնող գործարարը՝ Վարդան Սրմաքեշը, չի էլ փորձել իրավիճակը շտկել։ Երգչախումբն այժմ փորձեր անելու տարածք չունի։ Հեքեքյանն ասում է, որ մերժել են արտասահմանյան շրջագայության մի առաջարկ։ «Մենք այս իրավիճակը շատ ծանր ենք տանում։ Ստեղծագործելու, արարելու տրամադրություն չի մնացել։ Ո՞նց է լինում, երբ մարդու զավակը ծանր, մահամերձ վիճակում է»,- ասում է անվանի երաժիշտը։ Մինչդեռ երգչախմբի շահերից է բխում փորձերն արագ վերսկսելը։

«Լեւոն Վարդանյանը որոշել է, որ ինքը էս քաղաքի կենտրոնում պիտի Հին Երեւան կառուցի։ Իբր նախկինում սխալ էին կառուցել։ Իրական նպատակը Վարդան Սրմաքեշի ընկերության համար ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելն է»,- նկատում է Հեքեքյանն ու շարունակում․ «Վարչապետի աշխատակազմից ասում են՝ բայց ի՞նչ կլինի, եթե քանդենք։ Բայց քանի որ քանդելու իրավունք չունեն, ասում են՝ մայթը երկու մետրով պետք է լայնացնենք։ Մեր շենքը խանգարում է, որպեսզի իրենք խանութներ եւ ավտոկայանատեղիներ կառուցեն։ Սա Նարեկ Սարգսյանի գաղափարն է։ Նարեկ Սարգսյանը հայ ճարտարապետության Գեբելսն է»։

Տիգրան Հեքեքյանի հետ հարցազրույցը՝ տեսանյութում.

Հեքեքյանի խոսքով, կառավարության որոշմամբ՝ պետք է կառուցվեր երկհարկ ստորգետնյա ավտոկայանատեղի, բայց արդեն երեք հարկ են քանդել, որովհետեւ պետք է նաեւ խանութներ կառուցել։ 11 մետրի փոխարեն 15-16 մետր են քանդել։ Արդյունքում շենքի կողային պատն անընդհատ հեռանում է։ Առաստաղը ոչ միայն մի հարթության մեջ է հեռանում, այլեւ՝ հավասարության մեջ։

«Հին Երեւան չկա։ Սա բիզնես պրոյեկտ է։ Այնքան հին բարքերը մնացել են, որ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը հայտարարում է՝ Հեքեքյանին հորդորել ենք թռչել Բելգիա եւ բանակցել Սրմաքեշի հետ, խնդրել-աղաչել։ Լրիվ կորցրել են իրենց»,- նշում է նա։

Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մաեստրոյի նամակներին չի պատասխանում։ Միակ պետական մարմինը, որն այս իրավիճակում աջակցում է երգչախմբին եւ հանդես է գալիս նույն դիրքերից, Մշակույթի նախարարությունն է։

Լուսանկարները եւ տեսանյութը՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։