
Մեր փախուստները յուրօրինակ ակցիաներ էին ռեժիմի դեմ
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ստանում եմ Ձեր գրառումները, սիրելի ընթերցողներ: Դրանք հիմնականում իմ ազատության մասին Ձեր մաղթանքներ են: Շնորհակալ եմ, որ հետևում եք ու արձագանքում: Ինքս հավատում եմ Սիրո հեղափոխության վերջնական հաղթանակին, արդար Հայաստանի ստեղծմանը:
Հարցնում եք՝ երբ կտեսնեք ինձ ազատության մեջ: Պայքարս արդեն 23-րդ տարին հենց ազատության ու արդարության համար է: Բայց իմ պատմությունը մի փոքր այլ է. ազատություն վերադառնալու պայմանական վաղաժամկետի մեխանիզմը այս պահին չի կարող գործել իմ դեպքում: Թեև 23-րդ տարին բանտում եմ, այդուհանդերձ միայն 10 տարի անց կունենամ պայմանականի դիմելու իրավունք: Իմ գրքերում, հոդված-նամակներում պատմել եմ, որ 2004 և 2009 թվականներին, չունենալով լսված լինելու որևէ հնարավորություն, ազատություն վերադառնալու որևէ հույս, երկու անգամ հուսահատությունից փախուստ եմ կատարել իմ խցակից-ընկեր, Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի հետ:
1996-ից անցնելով մահապատժի տարիների անմարդկային պայմանների միջով, 2003-ին վերջապես հույս արթնացավ, որ դարձել ենք ԵԽ անդամ, մահապատիժը վերացել է, կգործի քրեական նախկին օրենսգրքով 15-20 տարվա ազատազրկումը: Սակայն Ռոբերտ Քոչարյանի անօրեն հրամանագրով 42 մահապատժի դատապարտվածներս դարձանք ցմահ դատապարտյալներ: Այդ ժամանակ հասկացանք, որ մենք անտեսված ենք: Այլ ելք չտեսնելով՝ 2004-ին հետախույզի հետ առաջին անգամ փախանք: Նույնը միգուցե կանեիք Դուք կամ գոնե կմտածեիք այդ մասին: Նույն չլսված վիճակն էր նաև 2009-ին՝ ո՛չ գործերի վերանայում, ո՛չ մի հույս: Բայց երկրորդ փախուստի գործով դատավարությունից հետո իմ կյանքը փոխվեց, ու ես սկսեցի հավատալ, որ Սիրո դիմաց բացվում են անգամ հազար կողպեքով փակված դռները:
Մեր փախուստները յուրօրինակ ակցիաներ էին ռեժիմի դեմ: Դրանք այդ պահին միակ միջոցն էին բարձրաձայնելու մեր անարդար դատապարտումների մասին, ԶԼՄ-ների և հասարակության ուշադրությունը հրավիրելու թե՛ մեր ճակատագրերին և թե՛ Հայաստանում մահապատիժ-ցմահ ազատազրկման խնդրին: Դա էր այդ իրավիճակում մեր միակ արդյունավետ պայքարի միջոցը: Հենց այդ կերպ հանրությունը իմացավ Հայաստանում այս ցավոտ խնդրի մասին: Վերջապես և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակությունը ուշադրություն դարձրեցին արդարադատությանը, պատժի կատարմանը վերաբերող խնդիրներին: Կամաց-կամաց հարցը սկսեց բարձրաձայնվել իրավական-քաղաքական-հասարակական հարթության մեջ:
Այո՛, Սողոմոնը և ես անհուսությունից դրդված երկու փախուստներ ենք արել, սակայն ունեցել ենք մեկ պայման՝ դուրս ենք գալիս առանց որևէ բռնի գործողության կամ սպառնալիքի: Երկու անգամ էլ աննկատ ենք լքել երկու տարբեր բանտի տարածքները՝ առանց որևէ աշխատակիցի հետ կոնտակտի: Սա էր Սողոմոնի ու իմ փախուստների նախապայմանը:
Բազմաթիվ եվրոպական երկրներում փախուստը ազատազրկման վայրերից առհասարակ հանցագործություն չի համարվում, եթե բռնություն չի կիրառվել փախուստի դիմելիս ու ազատության մեջ: Այդ երկրների շարքում առաջինը Գերմանիան է, որտեղ օրենսդիրն արձանագրել է`ազատության ձգտումը մարդու հիմնական բնազդներից է, որի դեմ պայքարելն անիմաստ է: Ազատասիրությունը նույնքան անհաղթահարելի ուժ է, որքան բազմանալու և ինքնապաշտպանվելու բնազդները, և քանի դեռ մարդուն վանդակի մեջ չեն հոգեբանորեն կոտրել, նա փորձելու է վերադարձնել իր ազատությունը: Չգիտեմ՝ երբևէ Հայաստանում կլինի Գերմանիայի պես, առանց բռնության փախուստը կընկալվի որպես մարդու անհաղթահարելի մղում: Բայց այս ուղղությամբ աշխատել է պետք, ոչ թե ազատության ձգտման համար առավելագույնը 8 տարի դատապարտել մարդուն: Այսինքն՝ մարդն ուզում է վերադառնալ ազատություն, իսկ նրան պատժում են դրա համար ազատությունից զրկելով: Տիպիկ պատժողական քաղաքականության դրսևորում է:
Ցավոք, Հայաստանում ազատության բնազդը ազատազրկվածի պարագայում պատժելի է, և նախկին ռեժիմը Սողոմոնի ու իմ փախուստների համար առավելագույն պատիժներ սահմանեց` 14 տարի գումարելով ցմահ ազատազրկմանը, ինչի հետևանքով միայն 2028-ին կարող են ներկայացվել պայամանական վաղաժամկետ ազատման: Այսպիսին էր ռեժիմի դեմ պայքարելու, ազատասիրության և արդար դատաքննության համար պայքարի մեր պահանջի գինը: Հա՛ փախուստների համար կրկին ձերբակալելուց հետո վրեժ էին լուծել մեզնից՝ ծեծելով Սողոմոնին, իսկ ես ինքնասպանության փորձ էի արել:
… Սողոմոնն այսօր մեզ հետ չէ` նրա մարմինը Եռաբլուրում է: Բանտից Եռաբլուր ճանապարհը տևեց 20 տարի: Արդարադատության ու մարդասիրության բացակայության պատճառով մի ամբողջ ընտանիք կորցրեցինք: Նախ ինքնասպան եղավ 19-ամյա Սյուզին՝ Սողոմոնի դուստրը: Աղջիկն արդեն կորցրել էր մորը, իսկ հոր վերադարձը խիստ անորոշ էր: Սողոմոնը կնոջն ու աղջկան կորցնելուց կարճ ժամանակ անց տառապանքից կորցրեց ինքն իրեն ու մի քանի ամիս անց միացավ նրանց: Իսկ երկու տարի անց որդու հետևից ճամփա ընկավ տիկին Զինան՝ Սողոմոնի մայրը: Նախկին իշխանությունների հանցավոր անգործության մասին այս պատմությունը կմնա մարդկանց հիշողության մեջ`շնորհիվ «Հետքի» փաստագրական ֆիլմի, բազմաթիվ հոդվածների ու իմ գրքերի…
Կես տարի առաջ` ապրիլ-մայիսին սկսված ու մինչ օրս շարունակվող թավշյա, ոչ բռնի, Սիրո հեղափոխության արդյունքում, փառք Աստծո, Հայաստանում ունենք այլ իրականություն. գործադիր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արտահայտում է ժողովրդի մի մեծ զանգվածի կամքը: Մենք` մահապատժի դաժան, անմարդկայն տարիների միջով անցած, Ռոբերտ Քոչարյանի հակաօրինական հրամանագրով ցմահների կարգավիճակում հայտնված բանտարկյալներս, մեր հարազատների, ընկերների, իրավապաշտպանների և ստացավ քաղաքացիների հետ միասին հույսով ու հավատով սպասում ենք, որ Նոր Հայաստանում մարդասիրությունը չի շրջանցի նաև մեզ`բանտերում 20 տարուց ավելի տառապող, մեղքերը քաված կամ անարդար «արդարադատության» հետևանքով այստեղ հայտնվածներիս:
Հավատով շարժվում եմ առաջ, պայքարը շարունակվում է, պատրաստվում եմ նոր դատական վիճարկումների:
Մեկնաբանել