HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատյան դաշտավայրի ջերմոցատերերը տունն ու հողը կորցնելու վտանգի առաջ են

Արարատի եւ Արմավիրի մարզի փոքր ու միջին ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը «Հետքին» խոստովանեցին, որ իրենցից շատերը միայն հեռուստատեսությամբ են տեսել Կառավարության շենքը, քանի որ հողի աշխատանքներից աչք չեն բացում եւ տարին մեկ, այն էլ առիթից առիթ են Երեւանում լինում: Բայց իրենց վիճակն այնքան է ծանրացել, որ ստիպված հողի գործը թողած՝ եկել են Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի, որպեսզի իրենց խնդիրների վրա ուշադրություն հրավիրեն:

Մայիսի 2-ին մոտ 20 ջերմոցատերեր, Կառավարության շենքի առջեւ հավաքված, պահանջում էին, որ իրենց անձամբ ընդունի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացի գազի բարձր սակագնից, նրանց մտահոգում է Թուրքիայից ՀՀ ներկրվող լոլիկի եւ վարունգի մեծ քանակությունը, ինչի հետեւանքով իրենք չեն կարողանում իրենց արտադրանքը նույնիսկ ինքնարժեքով իրացնել:

 Մի քանի համագյուղացի ջերմոցատիրոջ հետ բողոքի ակցիայի էր եկել նաեւ Արարատի մարզի Դարակերտ գյուղի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը: Մեզ հետ զրույցում Ղ. Սիմոնյանն ասաց, որ գյուղի 90%-ը վարկ ունի՝ 3 մլն դոլար վարկային պարտավորությամբ: Գյուղացիները ժամկետանց վարկեր դեռ չունեն, բայց եթե այսպես շարունակվի եւ իրենք, «թուրքական լոլիկի հետ մրցակցությունից դուրս մնալով», վնասներ կրեն, ապա մինչեւ աշուն հաստատ դատարանի հետ են գործ ունենալու եւ կորցնելու են իրենց տունն ու տեղը: «Հիմա դեռ մի կերպ, իրար օգնելով, ընկերներին խնդրելով, պարտք վերցնելով վարկի տոկոսները մարում ենք, բայց այդպես ինչքա՞ն կարող է շարունակվել»,- հարցնում է գյուղապետը:

Դարակերտ գյուղը մոտ 30 հա ջերմոցային տնտեսություն ունի, որից 12 հա-ը ապակեպատ է, մնացածը պոլիէթիլենային թաղանթով ծածկած ջերմոցներ են:

Գյուղապետը նույնպես վարկեր ունի: Ըստ նրա՝ առանց վարկի այսօր գյուղացին չի կարող հող մշակել, քանի որ ստացված եկամտով հազիվ կարողանում են ընտանիք պահել, իսկ սեզոնին կանխիկ գումար չեն ունենում եւ միակ ելքը վարկ վերցնելու մեջ են տեսնում: Ղուկաս Սիմոնյանը մոտ 100 հազար դոլար վարկ ունի: 2500 քմ ջերմոցային տնտեսություն է հիմնել: «Հիմա արդեն լոլիկի ամեն կիլոգրամի մեջ 200 դրամ վնաս եմ կրում, որովհետեւ ինքնարժեքից ցածր եմ վաճառում: Ինձնից 600-700 դրամով լոլիկ են գնում, բայց շուկայում վերավաճառողները կրկնակի թանկ վաճառում են: Այն վիճակում ենք, որ Կառավարությունը մեզ պիտի օգնի, որ կարողանանք պահել մեր տնտեսությունները, ջերմոցները չքանդենք մետաղի թափոնի տեղ ծախենք պարսիկներին: Եթե վարկը չկարողանանք փակենք, մեզ դատի տան, բա մի բան պիտի վաճառե՞նք, որ վարկը փակենք, ուրիշ էլ ի՞նչ պիտի անենք»,- ավելացնում է գյուղապետը:

 Վարուժան Խոդեդանյանը նույնպես Դարակերտի ջերմոցատերերից է, վարկառու: Գրավ են դրված նրա տունը եւ հողամասերը: «Ինչ ունեմ-չունեմ՝ գրավի տակ ա: 70 հազար դոլար վարկ եմ վերցրել, 2200 քմ ջերմոց եմ սարքել: 1 քմ ջերմոց սարքելու համար 100 դոլար ծախս ա արվում, ստեղ նստած՝ գիտեն գյուղացին վարկը վերցնում, քեֆ ա անում»,- ասում է Վ. Խոդեդադյանը: Նա իր համագյուղացի ընկերների հետ մոտ մեկ ամիս առաջ նամակ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, գյուղնախարարին եւ Հանրային խորհրդի նախագահին: Միայն վերջինիս նախագահ Վազգեն Մանուկյանն է հեռախոսով տեղեկացրել, որ վարչապետի կարգադրությամբ խումբ է ստեղծվելու, որպեսզի ուսումնասիրվեն ջերմոցատերերի բարձրացրած հարցերը: Խմբում ընդգրկվելու են հանրային խորհրդի անդամներ Վլադիմիր Մովսիսյանը եւ Խոսրով Հարությունյանը, ինչպես նաեւ գյուղացիներից ընտրված ներկայացուցիչներ: Այլ պաշտոնյաներից դեռ պատասխան չի ստացել:

«Էսօր տաք ենք, չենք հասկանում, բայց էգուց մյուս օրը մեր տներն ենք կորցնելու: Բոլորս էլ վարկերի տակ ենք: 16-24%-ով «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից» վարկ ենք վերցրել, խա՞ղ եք անում դրա հետ: Եթե այսպես շարունակվի, խայտառակ վիճակ է ստեղծվելու, հարկադիր կատարողները չեն իմանալու, թե որ մեկի տունն են վերցնելու, ում գործն են նայելու, այնքան շատ են լինելու դատական գործերը»,- ավելացնում է Վարուժան Խոդեդանյանը:

Կառավարության շենքի մոտ հավաքվածներն ասում էին, որ ջերմոցատերերի բախտը մայիսին է որոշվում, որովհետեւ հունիսից արդեն դաշտի լոլիկն է լինում, ու իրենք չեն կարող մրցակցել: Նրանց ասելով, եթե այս ամիս չկարողանան բերքը վաճառել եւ իրենց կատարած ծախսերը ետ բերել, ապա ստիպված են նորից դիմել վարկերի օգնությանը, ինչը կործանարար կլինի իրենց համար: «Առաջին տարին ջերմոց դրեցինք, 10000 խմ գազի համար վճարում էինք 33 հազար դրամ, հետո դարձրին 56 հազար, ասինք՝ ոչինչ, հիմա էլ սարքին 93 հազար, իսկ մանր տնտեսությունների համար՝ 132 հազար դրամ: Բա նման բան կարելի՞ է: Դա էլ քիչ ա, հիմա էլ Թուրքիայից են ֆուռերով պոմիդոր բերում-լցնում, որ մենք շնչելու տեղ չունենանք»,- ասում էին գյուղացիները:

Բողոքի ակցիային միացել էր նաեւ «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը: Նա եւս մտահոգություն հայտնեց, որ ջերմոցատերերը վարկային մեծ բեռ ունեն եւ իրենց եկամտով նույնիսկ չեն կարողանում ամսական ծախսած գազի համար վճարել եւ նորից վարկեր են վերցնում: Պ. Գեւորգյանն ասում է, որ արդեն վարկերը փակելու ժամանակն է, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում գյուղացու համար: «Թուրքական պոմիդորը մրցունակ չէ մեր արտադրանքի հետ, իրենց մոտ շատ ծախսեր չեն անում, գազ չեն վառում, թունաքիմիկատներով են աճեցնում: Գյուղնախարարի որոշում կա, որ թուրքական եւ ադրբեջանական ծագման գյուղմթերքների մուտքը Հայաստան արգելված է: Պոմիդոր ներկրողներն այլ ապրանքի անվան տակ են ներկրում, մաքսատուրք էլ չեն վճարում, դրա համար էլ կարողանում են այդքան էժան վաճառել»,- նշում է ՀԿ-ի գործադիր տնօրենը:

Նա հաշվարկել է ջերմոցատիրոջ ծախսերը եւ ստացված եկամուտը: Ըստ այդմ՝ 40%-ը վառելիքի գումարն է, որից 20%-ը վճարվում է պետբյուջե՝ որպես ավելացված արժեքի հարկ, 30%-ը աշխատավարձի վրա է ծախսվում, 25%-ը պարարտանյութերի, թունաքիմիկատների ու սերմերի ծախսն է, գյուղացուն մնում է 5% եկամուտ: «Բայց դա էլ հարց է՝ այդքան կմնա՞, թե՞ ոչ, որովհետեւ եթե բույսը հիվանդացավ կամ բնական աղետ եղավ, ապա եկամուտ ակնկալելն ավելորդ է»,- ասում է Պ. Գեւորգյանը:

 Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանին էլ ավելի շատ մտագոհում էր Թուրքիայից լոլիկ ներկրողների մտածելակերպը, թե ինչ խղճով են տեղի արտադրողին «գլխատում» եւ միեւնույն ժամանակ ֆինանսական հոսքեր ուղղում Թուրքիա: «96 տարի է գլուխ ենք ջարդում, թե Ցեղասպանությունը ճանաչեք, բայց այսօր Թուրքիայի ֆերմերի ջրաղացին ջուր ենք լցնում: Չէ՞ որ այնտեղից բերած լոլիկի վաճառքից միայն 100 դրամն է Հայաստանում մնում, այս ճգնաժամի պայմաններում կիլոգրամից 500-600 դրամը գնում է Թուրքիայի բյուջե: Ինչո՞վ ենք օգուտ տալիս մեր պետությանը: Սովետի ժամանակ անեին, կբռնեին այդ ներկրողին կգնդակահարեին, ոչ թե կխրախուսեին, որ բերեր վաճառեր, մի բան էլ տեղի արտադրողի ապրանքն էժանացներ»,- ասում է Վարդան Պողոսյանը:

Նա գյուղում 500 քմ ջերմոցային տնտեսություն ունի: Փոքր տնտեսություն է, բայց իր խոսքերով՝ կարողանում է ընտանիքի նվազագույն պայմանները հոգալ: Վարդանն ասում է, որ իր մշակած լոլիկի կիլոգրամի ինքնարժեքը 600 դրամ է: Եթե անցյալ տարի այս օրերին պոմիդորի կիլոգրամը եղել է 800 դրամ, իսկ գազի 1խմ-ը՝ 96 դրամ, ապա այսօր գազի 1խմ-ի համար վճարում է 132 դրամ, լոլիկի գինն էլ նախորդ տարվա համեմատ իջել է: «Ավելի լավ չի՞ այսօր ես էլ գնամ իրանց նման Թուրքիայից պոմիդոր բերեմ, քան թե հողի վրա չարչարվեմ, ջերմոց մշակեմ,- ասում է Վարդանն ու հավելում:- Բայց չեմ կարա բերեմ, որովհետեւ իմ մեջքին քեռի, ախպեր, հորոխպեր չկա, որ ինձ հովանավորեն»:

 6 մլն դրամ եւ 10000 դոլար վարկ ունի նաեւ գեղանիստցի Գագիկ Բաբախանյանը: Նա «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների խորհրդի անդամ է, իսկ իր ջերմոցային տնտեսությունը ծրագրի կողմից ճանաչվել է որպես օրինակելի տնտեսություն: Գագիկն արդեն 4 տարի է՝ նամակներ է գրում պատկան մարմիններին եւ ամեն անգամ ստանում խուսափողական պատասխաններ: Նա ահազանգում է, որ բացի տնտեսական վնասից, որ մեր երկրին հասցնում է Թուրքիայից ներկրված լոլիկը, վտանգված է նաեւ քաղաքացիների առողջությունը: «Թող մեր լոլիկն էլ, թուրքականն էլ տանեն անալիզի ու պարզեն, թե ինչու է իրենց լոլիկը կարտոշկի պես պինդ: Մենք հիմա թունաքիմիկատ չենք օգտագործում, որովհետեւ «Քարտ» կազմակերպությունը Հոլանդիայից ներկրել է փոշոտման մեղուներ ու հիմա ջերմոցի մեջ փոշոտում են անում: Եթե թույն օգտագործենք, մեղուները կսատկեն: Մենք վախենալու բան չունենք, թող տանեն ստուգեն մեր արտադրանքն էլ, թուրքականն էլ»,- ասում է Գ. Բաբախանյանը: Նրա ընտանիքը բաղկացած է 10 հոգուց եւ իրենց միակ կերակրողը 700 քմ ջերմոցն է, ինչի գոյությունն արդեն վտանգված է:

Անդրադառնալով Կառավարության արտոնյալ վարկերի ծրագրին, Գագիկ Բաբախանյանն ասում է, որ ջերմոցային տնտեսությունների համար 3 մլն դրամը քիչ գումար է եւ իրենց պետք է ավելին: Բացի այդ, 14%-ով արտոնյալ վարկը բացարձակապես կապ չունի նախկինում տրված վարկերի հետ, եւ մինչ հիմա մարդիկ շարունակում են կրել 24%-ով վերցրած վարկերի լուծը: «Այդ վարկերով մարդիկ ջերմոցներ են սարքել՝ հույս ունենալով, որ եկամուտ կունենան եւ կկարողանան ապրել ու իրենց վարկերը փակել, բայց հայտնվել են սնանկացման եզրին»,- ավելացնում է Գ. Բաբախանյանը:

 Նրա համագյուղացի Հրաչ Բաբախանյանն էլ չկարողացավ մտաբերել մի ֆերմերի, որ ջերմոցն իր ուժերով սարքած լինի ու վարկ չունենա: Չի ճանաչում նաեւ այնպիսի մեկին, որ ստեղծված պայմաններում վարկերից «շահած դուրս եկած լինի»: «Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ գյուղացին վարկ է վերցնում վարկը փակելու համար: Գուշակեք, թե ապագան ոնց է լինելու: Մարդիկ իրենց տներից արդեն զրկվում են»,- նշում է Հրաչը: Նա էլ տարեկան 12%-ով 6 մլն դրամ վարկ է վերցրել «Կոնվերս» բանկից: Հրաչի ասելով՝ հատուկենտ մարդիկ են 12%-ով վարկ վերցրել, բոլորի վարկերը 16-24%-ով:

Ի վերջո, երեք գյուղացու եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ընդունեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նա խոստացավ առաջադրված խնդրով զբաղվել: Գյուղացիների ներկայությամբ Դ. Սարգսյանն ինչ-որ մեկին է զանգել, հեռախոսափողի հակառակ կողմից պատասխանել են, թե թուրքական լոլիկ չի բերվել Հայաստան, իսկ այս տարի առհասարակ ոչ մի երկրից լոլիկ չի ներկրվել: Հետո աշխատակազմի ղեկավարը ջերմոցատերերին հույս է տվել, թե հնարավոր է, որ որակական հատկանիշներից ելնելով՝ խիստ հսկողություն սահմանվի լոլիկի վրա եւ արգելվի ներկրումը: «Ախր, որակն, իրոք, վատն է, թուրքական պոմիդորը կարող ես առնել տանել ու մեկ ամիս դնել սեղանին, այդպես էլ կմնա, ոչինչ չի լի լինի: Լենինի պես մի բան է, հա կպահվի: Ասում են՝ պոմիդոր չի մտնում Հայաստան, բայց եկեք գնանք երկու արկղ թուրքական պոմիդոր առնեմ, տեսեք ո՞նց չի մտնում»,- հանդիպումից դուրս գալով՝ ասաց Վարուժան Խոդեդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter