
189 մարդ տեղափոխող «Բոինգը» ընկել է ծովը Ջակարտայի օդանավակայանից դուրս գալուց հետո
Ինդոնեզական Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը վայր է ընկել Ջակարտայի օդանավակայանից դուրս գալուց հետո: BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Ինդոնեզիայի իշխանություներին, գրում է, որ օդանավը ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափի մոտակայքում:
Ջակարտա- Պանկալ Պինանգ չվերթն իրականացնող օդանավը անհետացել է ռադարներից թռիչքից 13 րոպե անց, որից անմիջապես հետո սկսվել են որոնողական աշխատանքները:
Հաղորդվում է, որ օդաչուներից մեկը թույլտվություն է հայցել Ջակարտայի օդանավակայան վերադառնալու համար, դրանից հետո դիսպետչերների հետ կապն ընդհատվել է: Ինդոնեզիայի իշխանությունների տվյալներով՝ օդանավում եղել է 189 ուղևոր և անձնակազմի անդամներ, այդ թվում՝ երեք երեխա, երկու օդաչու և հինգ բորտուղեկցորդ, բոլորը զոհվել են: BBC-ի տեղեկություններով՝ օդանավում են գտնվել նաև Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության 20 պաշտոնյաներ։
Lion Air ավիաընկերության տնօրենը հայտնել է, որ Boeing 737 Max 8-ը նախօրդ թռիչքի ժամանակ տեխնիկական խնդիրներ է ունեցել, սակայն բոլոր այդ խնդիրները լուծվել են հաջորդ չվերթից առաջ:
Lion Air-ը Ինդոնեզիայի ամենամեծ մասնավոր ավիաընկերությունն է, որի ավիապարկում կա մոտ 100 ինքնաթիռ, այդ թվում՝ տարբեր մոդիֆիկացիաների Boeing 737: Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում 120 ուղղություններով:
Այս ընկերության հետ կապված վերջին ավիաաղետը տեղի էր ունեցել 2013 թվականի ապրիլի 13-ին: Այդ ժամանակ Boeing 737-ը վայրէջքի ժամանակ չէր կարողացել հասնել Դենպասարի օդանավակայանի թռիչքուղուն, ընկել էր ծովaփի մոտ և բաժանվել երկու մասի, օդանավում գտնվող բոլոր 108 մարդիկ ողջ էին մնացել:
Լուսանկարը՝ AFP / Getty Images
Մեկնաբանել