
9 ամիսներին հարուցված քրեական գործերով բացահայտվել է պետությանը պատճառված ավելի քան 64.1 մլրդ դրամի վնաս
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ԳԴ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 ՀՀ դրամ: Նշված գործերից 14.288.089.919 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8.984.053.324 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 7.466.230.606 դրամը՝ Հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 33.3991.770.494 դրամը՝ Քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:
Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի
իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.553.817.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստով Գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը:
Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. 9 ամիսների ընթացքում վերականգնվել է 10.554.316.736 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:
Բացի այդ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից, պետական բյուջե է վճարվել շուրջ 1.730.406.983 ՀՀ դրամի տույժ-տուգանք:
Մեկնաբանել