HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում բացվել է գինու համտեսի առաջին սրահը

ONEArmenia-ն տեղեկացնում է, որ «Մոմիկ» գինու համտեսի սրահը (Wine Cube), որը կառուցվել է  2017թ.-ին ONEArmenia-ի «Խաղողից մինչեւ գինի» ծրագրի շրջանակներում կատարած դրամահավաքի շնորհիվ, Արենի գյուղում հյուրընկալել էր գործընկերներին եւ աջակիցներին։ Հյուրերի թվում էր նաեւ Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Գոնսալո Սերանոն՝ ԵՄ պատվիրակության Համագործակցության սեկտորի ղեկավարը, ինչպես նաեւ այլ գործընկերներ  եւ տեղական համայնքի ներկայացուցիչներ։

2012թ.-ից սկսած ONEArmenia-ն իր ներուժն ուղղում է Հայաստանում կենսամակարդակի բարձրացմանը՝ ստեղծելով եւ ավելացնելով աշխատատեղեր գյուղատնտեսական, զբոսաշրջության, տեխնոլոգիաների եւ Հայաստանում արտադրվող ապրանքանիշների ոլորտում։ Կազմակերպության կարեւորագույն շեշտադրումն է թափանցիկությունը, որն այն ապահովում է իր դոնորների համար։

«Խաղողից մինչեւ գինի» ծրագրի նպատակն է ոգեշնչել խաղողագործներին ու աջակցել՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ սարքավորումներ և գիտելիքներ, որպեսզի վերջիններս  կարողանան ստեղծել գինու իրենց ապրանքանիշը։ Այդպիսով,  նրանք դուրս չեն մնա Հայաստանում արագ տեմպերով զարգացող գինու արտադրության սեկտորից։ «Մոմիկ»-ը գինու առաջին ապրանքանիշն է, որը մեկնարկել է «Խաղողից մինչեւ գինի» ծրագրի շրջանակներում։ «Մոմիկ» գինու համտեսի սրահն աշխատացնում են ամուսիններ՝ Նվեր եւ Նարինե Ղազարյանները, ովքեր զբաղվում են խաղողագործությամբ ավելի քան 20 տարի։

WineWorks ընկերության (Vineyards of Armenia)  հիմնադիր եւ տնօրեն Վահե Քոշգերյանը նշում է, որ «Մոմիկ»-ը ONEArmenia-ի, DZ Architectural Design Studio ընկերության, ինչպես նաեւ այլոց օրինակելի եւ հաջողությամբ պսակված համագործակցության արդյունք է։

WineWorks ընկերությունը Ղազարյանների համար կազմակերպել է դասընթացներ, որպեսզի վերջիններս կարողանան աճեցնել բարձրակարգ խաղող։ Ղազարյանները WineWorks-ի գինեգործական արտադրամասում նաև կարողացել են ստանալ իրենց «Մոմիկ» գինին։ «Մոմիկ» սրահը, որն անվճար նախագծվել է DZ Architectural Design Studio ընկերության կողմից, գտնվում է Ղազարյանների 1,500 քմ մեծությամբ խաղողի այգում։  

Գինու համտեսի սրահների (Wine Cubes) նախագծի իրականացմանն աջակցել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության պատվիրակմամբ:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը պատրաստակամություն է հայտնել գործընկերների, ինչպես նաեւ մասնավոր դոնորների հետ միասին շարունակել տարածաշրջանի հետագա զարգացումը՝ որպես գինե զբոսաշրջության գրավիչ վայր:

«Մենք հավատարիմ ենք մնալու մեր գինու եւ բրենդի որակին եւ հանրությանը մատուցելու ենք միայն համեղ, բարձրորակ գինիներ, որոնք սկսվում են այս խաղողի այգուց», - ասում է Նվեր Ղազարյանը:

 

:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter