
Գագիկ Ծառուկյան. «Վարչապետի ցավը տանեմ, վարչապետն ասեց՝ Ծառուկյանը սեփականատեր ա»
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այս մասին խոհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Այո, ես եմ գլխավորելու, ցուցակն էլ կազմում եմ, դեռ մտածում եմ՝ ոնց կազմեմ, որ փոխոխություններ լինի, ամեն ինչին էլ ուշադրություն եմ դարձնելու՝ կնայեք, կտեսնեք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի խոսքով՝ ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «օգտակար լինելու համար»: Հարցին, թե ո՞ր տեղը կզբաղեցնեն ընտրություններում, Ծառուկյանը պատասխանեց. «Կախված է ժողովրդից, որ տեղն էլ լինի, ես ուզում եմ, որ օգտակար լինեմ, ժողովուրդը կվստահի, ձայն կտա… Չկա մի բան, որ ժողովրդին ասած լինեմ ու արած չլինեմ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի վստահեցմամբ՝ ընտրություններին մասնակցելով՝ որևէ անձնական շահ չի հետապնդում, պարզապես փորձում է անել ամեն ինչ, «որպեսզի ժողովրդի վիճակը լավանա».
«Որը լավ լինի, որը ժողովուրդը կուզի, դա էլ կանեմ, ժողովուրդը չուզի՝ կարամ քաղաքականությամբ չզբաղվեմ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրել էր, թե գործարարի ինչի՞ն է պետք լինել խորհրդարանում, Ծառուկյանը պատասխանեց կրկին Նիկոլ Փաշինյանի խոսքերով. «Վարչապետի ցավը տանեմ, վարչապետն ասեց` Ծառուկյանը սեփականատեր ա, հերիք ա մուտիլովկաներ անեք»:
ԲՀԿ ցուցակում գործարարներ կլինեն, թե ոչ, Ծառուկյանն այդպես էլ չհստակեցրեց, միայն ասաց, որ նրանք բոլորն էլ սեփականատերեր են, և ամեն ինչ կախված է ընտրողի ցանկությունից:
Մեկնաբանել