
Արփինե Հովհաննիսյան. «Հարգելի գործընկերներ, սա թողեք աշխատենքի՞, թե՞ հետո կսովորենքի շարքից է»
Խորհրդարանն արտահերթ նիստով շարունակում է քննարկել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն արտահերթ ելույթով նկատեց՝ քննարկումը կարող էր համարվել փայլուն, եթե չլիներ ընտրություններից 42 օր առաջ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել էր քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու խնդրին:
«Մենք վատն էինք, դուք` լավը, է տարանջատեք բիզնեսը քաղաքականությունից, ընտրական համակարգը ինչի՞ եք փոխում, ընտրական համակարգի փոփոխությունն ինչի՞ համար է, եթե կա քաղաքական կամք, էլ ի՞նչ տարբերություն, թե որ ընտրական օրենսգրքով եք գնում ընտրությունների»,- ասաց Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներին, որոնք կողմ էին արտահայտվել արտահերթ ընտրություններին:
«ՀՀԿ-ի՝ այստեղ-այնտեղ ծվարածների մասին մի անհանգստացեք, տեսեք՝ որտեղ են ծվարել, նրանք, ում մասին մազապուրծ մտածում եք, որ մարզերում էլի վերարտադրություն կապահովեն: Կոնսենսուսի մասին՝ կոնսենսուս մինուս մեկ, բայց միևնույն է, կոնենսուս չկա, որովհետև ոչ թե մենք չենք ուզում փոփոխություններ, այլ ընտրություններից 42 օր առաջ ԸՕ չեն փոխում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հովհաննիսյանը վստահեցրեց՝ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի ԸՕ-ի փոփոխության հարցով որևէ բանաձև չի ընդունել, ընդամենը հանձնաժողովին ներկայացվել է, և հնչել են կարծիքներ:
«Հարգելի գործընկերներ, սա թողեք աշխատենքի՞, թե՞ հետո կսովորենքի շարքից է, Վենետիկի հանձնաժողովը բանաձև չի հաստատել, ընդամենը կարծիքներ են հնչել, և հանձնաժողովը տեղեկացվել է»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակը նաև զգուշացրեց՝ ափալ-թափալ ընտրությունների բացասական հետևանքն ընդամենը մեկ շաբաթ անց լսվելու է:
«Քաղաքական սկզբունքայնության և հեռանկարության մասին. քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է հարմարվետության և խիզախության միջև ընտրություն կատարել հօգուտ քաղաքական խիզախության, որքանով են այս կամ այն ուժերը քաղաքական սկզբունքայնություն դրսևորել, կդատեն իրենք ու պատմությունը: Մի քիչ էլ քաղաքական հեռատեսության մասին՝ ՀՀԿ-ի մասին մի անհանգստացեք, թե ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կլինի, թե ոչ, դրանից ոչ մեր ասելիքը կփոխվի, ոչ ձեր այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը, քաղաքական հեռատեսությունը ենթադրում է տեսնել մակերեսից այն կողմ, իսկ մակերեսից այն կողմ մարտահրավերներն են, որոնց առերեսվելու ենք, մակերեսից այն կողմ ՀՀ քաղաքացին է, ոչ թե սևերն ու սպիտակները, մենք բոլորս ենք»,- ասաց նա:
Մեկնաբանել