HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ն ամփոփել է 2011 թվականին կատարած աշխատանքները

2011 թվականի հունվարի  26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հատուկ քննչական ծառայության՝ 2011 թվականին կատարված աշխատանքները: Խորհրդակցությունը նախագահել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ. Մաթեւոսյանը:

Տարեկան աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես է եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:

Ստորեւ կարող եք ծանոթանալ ՀՀ ՀՔԾ 2011 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքին:

Համառոտ տեղեկանք 2011թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական  ծառայության  աշխատանքների մասին              

2011թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ, որոնցից  69-ը՝ 131 անձի վերաբերյալ, ուղարկվել է  դատարան:  Կասեցվել է`  4-ը,  կարճվել՝ 41-ը, միացվել՝ 14-ը, ուղարկվել  այլ մարմին`  44-ը, անավարտ է մնացել՝  21-ը:

Ավարտված քրեական գործերով պատճառված 4.786.429.882 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 908.711.882 դրամը կամ 22.7 տոկոսը: (Ի դեպ, արձանագրված 4.7մլդ վնասից 3.9 մլդ գոյացել է չորս քրեական գործերով, որոնցով դատի է տրվել 18 անձ:

Եթե նկատի ունենանք, որ վնասի վերականգնման և քաղհայցի ապահովման  նպատակով մեղադրյալների գույքի վրա  քննիչների կողմից 3 միլիարդ 358 միլիոն դրամի հաշվարկով կալանք է դրվել, ապա վերականգնումը կազմում է  99.9 տոկոս:

Ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու  ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր:

Վարույթում քննված 193 քրեական գործից 58-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից`   23-ը՝ 47 անձի նկատմամբ /33-ը` պաշտոնատար անձ/,  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատի տրված 33 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների եղել են՝

1. ոստիկանության աշխատակիցներ՝--------------------------------------- 16-ը,

2. ՊԵԿ աշխատակիցներ`---------------------------------------------------------4-ը,

3. ՏԻՄ (մարզպետարանի) աշխատակիցներ`-------------------------------4-ը,

4.ՔԿՀ աշխատակիցներ՝ ----------------------------------------------------------2-ը,

5. ԱԻՆ աշխատակիցներ՝ ---------------------------------------------------------2-ը,

6. ԱԱԾ աշխատակից՝ -------------------------------------------------------------1-ը,

7. «Հայինկասացիայի»  աշխատակիցներ`-----------------------------------4-ը,

Ընդ որում՝ քննվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել բազմադրվագ հասարակական մեծ հնչեղություն ստացած քրեական գործեր, որոնցից են

Օրինակ՝

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Ոստիկանության ՊՊՎ Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի տեղակալ Լուսաբեկ Սամվելյանի կողմից 2007-2011թթ. ընթացքում խարդախությամբ` մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ինչպես հիշյալ անձանց, այնպես էլ մյուսների կատարած հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործի նյութերով հարուցվել են մի քանի գործեր:   

Նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Թադևոսյանը և Լուսաբեկ Սամվելյանը «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից կառուցվող` Երևան քաղաքի Գևորգ Չաուշի 14/3 շենքից, Բաբաջանյան 25/1 և Նորաշեն 37 հասցեներում կառուցվելիք շենքերից բնակարաններ տրամադրելու պայմանագրեր են կնքել բազմաթիվ քաղաքացիների հետ, այդ պատրվակով նրանցից ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափի գումարներ, իսկ բնակարաններն հետագայում իրացրել այլ անձանց:

Խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ բնակարաններ վաճառելու և ավտոմեքենաներ տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակներով հափշտակվել է բազմաթիվ քաղաքացիների` ընդհանուր 2.475.425.269 դրամ արժողությամբ գույքը, չարամտորեն խուսափել են 50.784.820 դրամ հարկերը վճարելուց£

Նախաքննության ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ շուրջ 663.158.300 դրամի կամ 1.746.000 ԱՄՆ դոլարի վնաս: Արգելանք է դրվել նաև 2.865.243.000 դրամ և 291.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի վրա:

2011թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործը՝ 6 անձի վերաբերյալ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Կոռուպցիոն բնույթի  հանցագործության դասական օրինակ հանդիսացող մեկ այլ  քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկա­նության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանը, նույն բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանը  և 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը ՃՈ պետ Մարգար Օհանյանի հանձնարարությամբ 2009 թվականի հունվարից 2011 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում բենզինի ելքի կարգադրություններով, բաշխման քարտերով և ծախսի վերաբերալ ամսական հաշվետվություններով ցույց են տվել և ձևակերպել, թե ՃՈ հիշյալ սպայական գումարտակներին հատկացվել ու ծախսվել է 2.480.720 լիտր բենզին, սակայն փաստացի բաշխել են ընդամենը 1.906.300 լիտր, իսկ տարբերություն կազմող, 197.003.060 ՀՀ դրամ արժողությամբ 574.420 լիտր բենզինը կտրոնների տեսքով հանձնել են վերջինիս, որը նա յուրացրել է: Կատարած հանցանքի համար  մեղադրանքներ  են առաջադրվել 4 անձի եւ գործն ուղարկվել է դատարան :

Կան նաեւ այլ օրինակներ: Այդուհանդերձ՝  Հատուկ քննչական ծառայությունը համոզված է, որ   կոռուպցիայի հաղթահարումը հանդիսանում է տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գրավական, այն պահանջում է իրավապահ մարմինների համատեղ և ներդաշնակ աշխատանք: ՀՀ հատուկ  քննչական ծառայությունը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել և համագործակցել խնդրո առարկայով զբաղվող մյուս պետական մարմինների հետ ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված կոռուպցիայի դեմ պայքարին:

Կատարված դրական աշխատանքների հետ մեկտեղ` Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում, անշուշտ, կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ, որոնք, ցավոք, կրում են շարունակական բնույթ և գրեթե մնացել են անփոփոխ:  Մասնավորապես՝ առանձին դեպքերում լինում են քրեական գործերով նախաքննության ձգձգումներ կամ հանցագործություն ծնող պատճառների ոչ լիարժեք բացահայտում: Շարունակվում է  այլ մարմինների կողմից, առանց նախնական ուսումնասիրության կամ հանցակազմի ակնհայտ բացակայությամբ կամ էլ վիճարկվող հարցի ակնհայտ քաղիրավահա­րաբերության բնույթ կրող դիմումների, հաղորդումների, նյութերի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի պահանջների խախտմամբ քրեական գործերի ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու սովորություն դարձած պրակտիկան, որն ինքնին նպաստում է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների ծանրաբեռնվածությանը (որի վկայությունն է 44 քրեական գործերի այլ քննչական մարմին ուղարկելու հանգամանքը:)

Փոխարենը՝ քիչ չեն նաև դեպքերը, երբ Հատուկ քննչական ծառայությանն ընդդատյա  գործերը քննվել և ընթացք են տրվել ու տրվում այլ քննչական մարմինների վարույթներում, փաստորեն` խախտելով ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածի պահանջները:

Կան կոնկրետ օրինակներ: Այսպես՝

ՀՀ ոստիկանության  հերթապահ ծառայության հանցագործությունների և դեպքերի մասին օպերատիվ  հաղորդագրությունից, քննի¬չի կողմից  իրեն ծեծի ենթարկելու և սխալ ցուցմունքներ տալու վերաբերյալ  ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արտյոմ Բաղդասարյանի դիմումի հիման վրա` ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով 2011 թվականի դեկտեմբերի 19-ին կայացված որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քր. դատ օր-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն դեպքում, երբ իրավական գնահատականը պետք է տրվեր  և որոշումը  կայացվեր ՀՔԾ-ում:

Նույն հաղորդագրությունների  ուսումնասիրությամբ  պարզվել է, որ միայն  2011թ. վերջին տասնօրյակում արձանագրվել է կեղծ անձնագրերի ձեռքբերման և օգտագործման 8 դեպք. 3-ը` Արմավիրի, 2-ական` Գյումրու և Երևանի, 1-ը` Հրազդանի անձնագրային բաժանմունքների հետ կապված և նույնքան էլ  պետական միջոցների յուրացման նպատակով հղի կանանց հավաքագրելու  և կարճ ժամանակ անց (նույնիսկ` նույն օրը)`աշխատանքի ընդունելու օրը հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկներ ներկայացնելու, նպաստներ ստանալու` առանձնապես խոշոր չափի յուրացումներ կատարելու  դեպքեր, սակայն, այդ դեպքերով նյութեր, գործեր Հատուկ քննչական ծառայություն չեն ուղարկվել` այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, այդ բնույթի հանցագործությունների  վերաբերյալ նախկինում մեր վարույթում քննված գործերից այդ հանցագործությունները կատարվել ու կատարվում են առաջին դեպքում` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կամ անձնագրային բաժանմունքների, իսկ երկրորդ դեպքում` ՊԵԿ աշխատակիցների ուղղակի  անմիջական հանցակցությամբ կամ, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, անփութության, այսինքն` թե° մեկ, թե° մյուս դեպքում այդպիսիք  ընդդատյա են ՀՔԾ-ին:

«Մի առիթով արդեն ասել եմ, ու հիմա էլ կրկնում եմ, եթե կա մաքսանենգության կամ հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ հանցագործության դեպք` քրեական գործ, ուրեմն ճնշող մեծամասնությամբ ու հիմնականում առկա է նաև օրինախախտ մաքսավոր և հարկային տեսուչ»,- ամփոփելով 2011 թվականին կատարած աշխատանքները՝ խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը՝ նկատելով, որ քննչական ենթակայության օրենսդրական պահանջի պահպանման կարևորությունը հաստատվում է ՀՀ քր. դատ. օր-ում դրա նախատեսման փաստով: Ենթակայության վերաբերյալ օրենսդրական պահանջների, ուստի և` օրինականության սկզբունքի խախտումը հանգեցնում է նախաքննության ընդհանուր պայմանների խախտման, կասկածի տակ է առնում նախաքննության օբյեկտիվությունը:

Հատուկ քննչական ծառայութունը կարևորում և իր առջև խնդիր է դնում՝

- ամենօրյա ուշադրության արժանացնել նախաքննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ բարձրացնել քրեական գործերի քննության որակը, պարզել արարքի որակման համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, բացառել օրենքի խախտմամբ ապացույցների ձեռքբերումը,

- առանձնակի հետևողականություն դրսևորել նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ, բացառել դրանց անհարկի ձգձգումները,

- քրեական գործերի քննության ընթացքում պարզել յուրաքանչյուր հանցագործությունը ծնող պատ­ճառներն ու նպաստող պայմանները, միջնորդագրերի կիրառմամբ համապատասխան մար­մինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել այդպիսիք վերացնելու անհրաժեշտության վրա,

- բացառել ակնհայտ, քաղաքացիաիրավական բնույթի վեճերը քրեականացնելու սխալ պրակտիկան,

- կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և նախականխման գործում ձեռնարկել կոնկրետ գործնական միջոցառումներ քննչական ու օպերատիվ հետախուզական մարմինների ջանքերը միավորելու, այդ բնագավառում նրանց գործունեությունը նպատակային դարձնելու համար,

- հետևողականություն դրսևորել, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռնարկվեն բոլոր հնարավոր քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները թմրամիջոցներ իրացնող անձանց շրջանակն ամբողջությամբ բացահայտելու, ինչպես նաև ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ,

- առանձնակի ուշադրություն դարձնել դիմում-բողոքների հետ տարվող աշխատանքներին, որպեսզի դրանք քննարկվեն օրենքով սահմանված ժամկետներում և դիմում-բողոքներին տրվեն սպառիչ և պատճառաբանված պատասխաններ,

- գործնական միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պետությանը, իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատճառված նյութական վնասը ռեալ վերականգնելու ուղղությամբ: 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter