HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ք. Սփեք. «Եթե բոլորը Հայաստանում վճարեն հարկերը, դրանց տոկոսը կնվազի»

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը «Միջազգային կոմերցիոն հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» խորագրով թեմատիկ քննարկման ժամանակ ներկայացրեց Հայաստանում ներդրումների իրենց 20-ամյա փորձն ու հաջողության պատմությունը: Ելույթից հետո «Հետքը» զրուցեց պրն Սփեքի հետ Հայաստանում տնտեսական գործունեության առանձնահատկությունների, առավելությունների ու դժվարությունների մասին:

Պրն Սփեք, Դուք խոսեցիք Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունների եւ դժվարությունների մասին: Որպես դրական հատկանիշ հիշատակեցիք անվտանգ միջավայրը եւ մարդկային լավ ռեսուրսը: Որո՞նք են մյուս գրավիչ կողմերը Հայաստանում բիզնեսով զբաղվելու:

Մարդկանց թեման շարունեակելով՝ բացի այն, որ երկրում շատ ջերմ եւ ընկերական մթնոլորտ է, կրթության մակարդակը շատ բարձր է Հայաստանում, բազմաթիվ են բարձր մակարդակի բուհերը, ինչպիսիք են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական եւ Երեւանի պետական համալսարանները։ Հայաստանում կրթության առումով Արեւմուտքը եւ Արեւելքը համատեղված են կրթական եւ մշակութային համակարգերի տեսանկյունից, եւ ինչպես նախագահ Սարգսյանը նշեց այս առավոտ, Հայաստանը համատեղում է Արեւելքն ու Արեւմուտքը եւ կարեւոր է այդ երկուսից վերցնել առավելագույնն ու լավագույնը։

Հայաստանը փոքր է, շուկան՝ նույնպես, եւ, ցավոք սրտի, բազմաթիվ են երիտասարդ տաղանդները, որոնք լքում են Հայաստանը, բայց մյուս կողմից, ունենալով մեծ Սփյուռք, Հայաստանը հնարավորություն ունի երկրորդ սերնդի երիտասարդներին ներգրավել Հայաստան, բերել Հայաստան։ Նրանք հետաքրքրված են գալ եւ նորից բացահայտել այս երկիրը, եւ այդ հնարավորությունը պետք է օգտագործել, որովհետեւ այս երիտասարդները, վերադառնալով, գուցե ավելի շատ բան տան, քան նրանք, ովքեր ուղղակի կմնային՝ առանց զարգացման այլ հնարավորություն ունենալու։

Նախագահ Արմեն Սարգսյանը ֆորումի իր բացման խոսքում ասաց, որ Հայաստանում հեշտ է ընկերություն հիմնադրել, գրանցել ու գործունեություն ծավալել։ Բայց տեսակետ կա, որ ի տարբերություն հարեւան Վրաստանի՝ Հայաստանում ընթացակարգերն ավելի բարդ են։ Ի՞նչ փորձ ունեք Դուք այս առումով։  

Ինչպես իմ զեկույցում ցույց տվեցի, բիզնես բացելու հեշտության առումով Հայաստանը երկու հարյուր երկրների թվում տասնհինգերորդ տեղում է։ Դա վատ ցուցանիշ չէ։ Անձամբ բիզնես չեմ բացել եւ չգիտեմ, թե քանի օր է տեւում, բայց բիզնես հիմնելն այդքան բարդ չէ, բարդությունները սկսվում են դրանից հետո։ Տարբեր երկրներում եմ աշխատել եւ գիտեմ, որ բյուրոկրատական դժվարությունները լինում են տարբեր փուլերում։ Օրինակ՝ Հայաստանում որպես օտարերկրացի կացության քարտ ստանալը շատ բարդ է, իմ այդ փորձի մասին կարող եմ մի ամբողջ գիրք գրել։ Բյուրոկրատիան կրճատելու եւ ընթացակարգերը պարզեցնելու համար կարելի է ուսումնասիրել այլ երկրների փորձը։ Դրա արդյունքում թե´ բիզնեսի տեսանկյունից կբարելավվի իրավիճակը, թե´ պետության համար, որովհետեւ բյուրոկրատիան երկու կողմի համար էլ գումար արժե։

Դուք խոսեցիք հարկային ոլորտի թերությունների մասին, կմանրամասնե՞ք` ինչ խոչընդոտներ կան այս առումով։

Հարկերը Հայաստանում շատ ավելի բարձր են, քան այլ երկրներում։ Ես այնպիսի երկրներում եմ աշխատել, որտեղ 10 % ֆիքսված հարկ է սահմանված։ Ես հարկային մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել իմ անձնական փորձից, որ ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց եկամտահարկին, ապա դա քիչ թե շատ պարզ է,  թե ոնց եւ ինչքան է գանձվում։ Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկին` ԱԱՀ-ին, այստեղ բարդություններ կան։ Օրենքը բավարար չափով հստակ չի, որպեսզի միանշանակ կարողանանք հասկանալ, թե ԱԱՀ-ի որ մասն է վերադարձվում, որ մասն է հաշվանցվում, որը՝ ոչ։ Այսինքն՝ այն մանրամասները, որոնց ընկերություններն են առնչվում, շատ են։ Արդեն մեկուկես տարի մեր ընկերությունում անընդմեջ հարկային ստուգումներ են իրականացվում եւ չգիտենք, թե երբ են ավարտվելու, երկրորդ՝ մարդիկ այնպիսի տեղեկատվություն են ուզում եւ այն ծավալով, որ դրանք տերաբայթերի կարող են հասնել, եւ որը, վերջին հաշվով, ոչ մեկը չի ուսումնասիրում։ Լավ կլիներ, որ հարկային մարմիններն աշխատեին բիզնեսի հետ։ Այլ երկրներում հարց են տալիս, ստանում են պատասխան։ Այս դեպքում նպատակը այդքան էլ հասկանալի չէ։ Տեղեկատվություն են ուզում, բայց երբեք չեն բացատրում դրա իմաստը։

Մեկ այլ խնդիր` Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկն անդրադարձել են այն թեմային, թե հատկապես որ կազմակերպություններն են Հայաստանում ստանում հարկային արտոնություններ եւ ինչի հիման վրա, արդյոք այն բոլոր ընկերությունները, որոնք պետք է վճարեն հարկեր, վճարում են իրականում։ Այս հարցադրումը ոչ միայն մենք ենք տալիս որպես բիզնես, այլեւ միջազգային կազմակերպությունները։ Կարծում ենք՝ նոր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս հարցին եւ հուսով ենք, որ կտեսնենք դրական զարգացումներ։ Հստակությունն ու պարզությունը գրավականն ու երաշխիքն են նրա, որ բոլորը հարկեր վճարեն։ Եթե բոլորը վճարեն հարկերը, դրանց տոկոսը կնվազի։

Թավշյա հեղափոխության օրերին որպես Հայաստանում աշխատող ընկերություն մտավախություններ ունեի՞ք:

Իբրեւ բիզնես, բնականաբար, որոշ դժվարություններ կային սպառողներին ապրանքը մատակարարելու առումով, սակայն շատ մեծ անհանգստություն չկար, վաճառքի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այնքան էլ վատ չէին, մենք հետեւում էինք իրավիճակի զարգացմանը` հետագա քայլերը հասկանալու համար: Բայց անձնական մեծ մտահոգություն կար, որովհետեւ նախ հնչում էին արտահայտություններ, որ եթե այդպես շարունակվի, ապա կտեսնենք այն, ինչ տասը տարի առաջ, այսինքն` Մարտի 1-ին, որն ինձ շատ էր անհանգստացնում թե´ ընկերության աշխատակիցների, թե´ հայ հասարակության եւ թե´ իմ ընտանիքի անվտանգության տեսանկյունից: Մտահոգ էինք, որ թերեւս հակադրությունը խաղաղ լուծում չստանա:

Տեսնու՞մ եք փոփոխություն նոր կառավարության ձեւավորումից հետո բիզնեսի նկատմամբ վերաբերմունքի մեջ:

Դեռ ոչ: Անձամբ շատ բան չգիտեմ, բայց լսել եմ, որ մաքսազերծման առումով կան դրական զարգացումներ: Պետք է ժամանակ տալ նոր կառավարությանը, որովհետեւ այս պահին կան շատ լավ գաղափարներ, բայց դրանց իրականացման եւ որեւէ օրենսդիր փոփոխության համար ժամանակ է հարկավոր: Այս պահին դեռեւս չկա այնպիսի կառավարություն, որը արդեն հարթ ձեւով կարող է աշխատել: Մարդիկ նոր են նշանակված, դեռեւս իրար հետ անխափան աշխատելու փորձ չունեն: Երբ մարդ անցնում է աշխատանքի, առնվազն 6 ամիս ժամանակ է անհրաժեշտ ամբողջությամբ հունի մեջ մտնելու համար: Նոր կառավարությանը եւս ժամանակ է անհրաժեշտ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց այս առավոտ (Տնտեսական ֆորումի բացման ելույթում-հեղ.), որ մենք մարաթոն ենք վազում, ոչ կարճ վազքուղի, դրա համար ժամանակ է հարկավոր բոլոր հարցերին ճիշտ եւ ժամանակին լուծում տալու, ոչ թե հապճեպ արվի ինչ-որ բան եւ արդյունքում դրական փոփոխություն չլինի: Այլ կերպ ասած` եթե ավելի արագ վազենք, քան կարող ենք, կգլորվենք:     

Լուսանկարում Քրիստոֆ Սփեքը` աջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter