
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ծրագրերը
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային և միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։ Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը։
Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով ԵՄ-ի ֆինանսավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի կարևորությունը, և շեշտել երկկողմ գործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը ընդհանուր գծերով անդրադարձ է կատարել գյուղատնտեսության ոլորտի տեսլականին և առաջնահերթություններին։ Գեղամ Գևորգյանը մասնավորապես շեշտել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, որի նպատակակետը գիտելիքահեն, ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության զարգացումն է՝ տեղեկացնելով, որ ավարտին են մոտենում գյուղատնտեսության քաղաքականության հայեցակարգի մշակման աշխատանքները։
Այս համատեքստում նա կարևորել է կապիտալի սուբիսդավորումը, գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, ագրոմարքեթինգի ուժեղացումը, գյուղատնտեսական հողերի գոտիավորումն ու քարտեզագրումը՝ առավել արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով։
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև դոնոր-գործընկերների ներդրումն այդ ռազմավարության մշակման աշխատանքների հարցում՝ հավելելով, որ հաշվի է առնվել մասնավորապես Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) ծրագրի հիմնադրույթները։
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան շնորհավորել է Գեղամ Գևորգյանին՝ նշանակման առթիվ և իր հերթին ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համար գյուղատնտեսությունը հիմնական ուղղություններից է՝ կարևորելով համագործակցության ներկա մակարդակը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն ընդգծել են կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում սահմանված ռազմավարական առաջնահերթություններին համահունչ աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք ֆինանսավորման համաձայնագրին, որի շրջանակում դրամաշնորհ կտրամադրվի նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղվող ծրագրերին՝ մասնավորապես Հայաստանի հյուսիսային շրջանների՝ Լոռիի, Տավուշի, Շիրակի մարզերի զարգացմանը։ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդգծել է ֆինանսավորման ուղղություններն ու ծրագրերը հստակեցնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով ենթակառուցվածքների զարգացումը և միջին, և մեծ ագրոբիզնեսներին աջակցությունը, որոնք լոկոմոտիվի դեր կկատարեն նաև փոքր տնտեսությունների առաջմղման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Մեկնաբանել