HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդն ուղևորներին թողել է ճանապարհի կեսին. արկածներով ուղևորափոխադրում Երևանից Սոչի

Երևանից Սոչի մեկնող մարդատար ավտոմեքենայի ուղևորներն ուղևորափոխադրումներ իրականացնող «Էմո Տրանս» ՍՊԸ-ից չեն կարողանում հետ ստանալ չկայացած փոխադրման դիմաց վճարված  իրենց տոմսերի գումարները:

Այս տարվա հուլիսի 22-ին 7 ուղևոր  «Էմո Տրանս» ՍՊԸ-ի հայտարարության և կազմակերպած փոխադրման միջոցով պետք է Երևանից ուղևորվեր Սոչի: Խոստացված ժամին՝ 18:00-ին, մեքենա չի եղել, և «հեսա կգա, հեսա հասնում է» խոստումներով ավելի քան 1,5 ժամ սպասեցնելուց հետո, ի վերջո, ընկերությունը մի վարորդի է գտել:

«Դա ճամփորդություն չէր, այլ արկածներ էին»,- բնութագրում է Ժաննա Պետրոսյանը: Նա իր դստեր՝ Ելենա Պետրոսյանի հետ Երևանից պետք է գնար Սոչի՝ հանգստանալու: 18-ամյա որդին էլ Մոսկվայից պետք է միանար իրենց: Հայաստանից Սոչիի հյուրանոցում սենյակ են ամրագրել հուլիսի 23-ից սկսած:

«Մենք գնացել ենք Կինո հայրենիքի մոտ, օֆիսն էդտեղ էր, գումարը տվել ենք Էմոյին: Բայց 1,5 ժամ սպասեցինք, անընդհատ ասում էին՝ մեքենան Արգավանդ է, հեսա գալիս է: Պարզվում է՝ էն մեքենան, որ պետք է գար մեզ տաներ, չի եկել, զանգել են էդ վարորդին, ասել են՝ պիտի վիռուչատ անես: Արդեն հասկացանք, որ անկազմակերպ վիճակներ են, բայց մենք էլ չէինք կարող հետ գնալ, որովհետև տղաս արդեն գնացքով Մոսկվայից գալիս էր Սոչի, իսկ մենք էլ սենյակը պատվիրել էինք, պետք է հաջորդ օրն էնտեղ լինեինք»,- պատմում է Ժաննան:

Ճանապարհին պարզել են, որ վարորդ Արմենը 22-ամյա երիտասարդ է, ով մեքենան արհեստավորի մոտից վերցրել ու եկել է ուղևորների հետևից: Սակայն ճանապարհին արդեն զգացել են, որ մեքենան անսարք է: Հասնելով «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ՝ վարորդն ուղևորներին որոշ ժամանակ թողել և գնացել է մեքենան նորոգելու: Քիչ անց վերադարձել է և ասել՝ ամեն ինչ նորմալ է, կարող են շարունակել:  

Ուղևորները շարունակել են ճանապարհը մինչև Ստեփանծմինդա, երբ առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, մեքենան այլևս չի կարողացել հաղթահարել Կազբեկի լեռան թեքությունները. վարորդն ուղևորների հետ ստիպված է եղել վերադառնալ: Անսարքությունը վարորդը բացատրել է գազից բենզինի անցմամբ, ինչը տարօրինակ է թվացել ուղևորներին: Տարբեր վարորդներ են կանգնել և փորձել օգնել, սակայն անօգուտ է եղել:

Վարորդն ուղևորներին բերել, հասցրել է Թբիլիսիից 65 կմ հեռավորությամբ գտնվող Անանուրի ամրոց, որտեղ նրանց և մեքենան թողել, իսկ ինքը ճանապարհին պատահած հայ վարորդի հետ գնացել է Թբիլիսի՝ ինչպես ուղևորներին է խոստացել, մեկ-երկու ժամվա ընթացքում վնասված ավտոմասն արագորեն ձեռք բերելու: Սակայն 1-2 ժամը դարձել է 8 ժամ, վարորդը չի վերադարձել մինչև երեկո:

«Մենք էդ արևի տակ, առավոտվանից սոված-ծարավ, ում մոտ ինչ կար արդեն վերջացել էր: 4-5 ժամ անցավ, զանգում ենք, անհասանելի է: Աղջկաս մոտ ռուսական քարտ կար, զանգեցինք ամուսնուս, Մոսկվա, խնդրեցինք լիցքավորել, երևի 2000 կամ 3000 ռուբլի այդ ժամանակ հեռախոս ենք լիցքավորել, որ կարողանանք կապ հաստատել թե´ մեր հարազատների, թե´ վարորդի ու Էմոյի հետ: Մեզ հետ նաև մի կին կար, տիկին Թերեզը, նրա ամուսնուն ենք զանգահարել, խնդրել գնալ Էմոյի օֆիս, որ պարզեն՝ ինչ է եղել վարորդի հետ: Էմոն ասել էր, որ ինքն էլ չի կարող կապ հաստատել վարորդի հետ: Իմ ոտքերն ուռել էին, Գագիկի ճնշումը, որ երբևէ չէր ունեցել, 180-200 էր դարձել: Էմոյին ասում ենք՝ Վրաստանում ուրիշ մեքենա չկա՞, գա մեզ վերցնի, սա էլ, թե՝ սպասեք, Հայաստանից կարող եմ մեքենա ուղարկել: Բայց մենք 7-8 ժամից ավել էլ պիտի Հայաստանից եկող մեքենային սպասեինք: Որոշեցինք տաքսի վարձել ու  շարժվել»,- պատմում է տիկին Ժաննան:

Էմոյին տեղեկացնելով՝ վերցրել են նաև վարորդի փաստաթղթերն ու մեքենայի բանալիները, քանի որ մեքենան այդտեղ անտեր է մնացել: Բացի դրանից, հույս են ունեցել, որ վարորդը գոնե կգա իրենց հետևից: Թբիլիսիից տաքսի են պատվիրել և շարունակել մինչև սահման, սակայն Լարսի անցակետի մոտակայքում հանկարծակի տեսել են վարորդին, որ իրենց դանդաղընթաց մեքենայի կողքից շարժվելիս է եղել: «Ըստ երևույթին, նա ոչ մի տեղ էլ չէր գնացել, սպասել էր մոտակայքում, որ մենք շարժվենք, գար մեքենան վերցներ ու գնար, բայց որ տեսել է, որ մենք փաստաթղթերը վերցրել ենք, ստիպված հետևներիցս եկել էր»,- պատմում է տիկին Ժաննան:

Վարորդն ասել է, որ մեքենան պատրաստ է, և կարող են իր մեքենայով շարունակել ճանապարհը, բայց քանի որ փաստաթղթերը վերցրել են, չի կարողացել դրանով գալ, համոզել է ուղևորներին սպասել իրեն, մինչև մեքենան վերցնի ու գա իրենց հետևից: «Մենք միամտաբար էլի հավատացինք իրեն, պայմանավորվեցինք, որ սահմանն անցնենք ու կսպասենք իրեն մինչև կեսգիշեր: Ռուսական կողմում նստեցինք, սպասեցինք մինչև լուսադեմ, ու երբ հասկացանք, որ նա այլևս չի գալու ու էլի մեզ խաբել է, սկսեցինք մեքենաներ կանգնեցնել ու խնդրել մեզ տանել»,- շարունակում է տիկին Ժաննան:

Ուղևորների մեջ են եղել վայքեցի Էմիլ Հովհաննիսյանը և երևանաբնակ Գագիկ Մկրտչյանը, ովքեր էլ փորձել են մեքենաներ կանգնեցնել և տեղավորել ուղևորներին: Եվ քանի որ որպես տղամարդ պատասխանատվություն են զգացել մյուս ուղևորների նկատմամբ, առաջին պատահած մեքենաներով կանանց չեն ուղարկել, սպասել են մինչև հայկական համարանիշով մեքենաներ լինեն, որպեսզի անվտանգ կարողանան ճանապարհել բոլորին:

«Ուտելիքը վերջացել էր, ջուրը խնայելով էինք խմում, ստիպված իջել ենք ներքև, ինչքան տամոժնիայից դուրս եկող հայկական մեքենա կար, խնդրում էինք, որ վերցնեն մեզ»,- պատմում է Գագիկ Մկրտչյանը:

Ուղևորներից տիկին Թերեզային ուղարկել են սկզբում, քանի որ վերջինս շտապելիս է եղել: Ի վերջո, Արցախից եկած մեքենայում 5 տեղ է եղել, մնացած 6 ուղևորով տեղավորվել են այդտեղ, այդ թվում՝ իրերին նստելով: Բոլորով հասել են մինչև Կրասնոդար: Դրանից հետո արցախցի վարորդը Կրասնոդարում տաքսի է գտել իրենց համար և ճանապարհել դեպի Սոչիի մերձակայք՝ Մամայկա: Այդտեղից էլ ուղևորները շարժվել են ինքնուրույն:  

Բոլոր ուղևորները, բացի Թերեզայից, մեկ ամսվա ընթացքում վերադարձել են և փորձել են Էմոյից իրենց տոմսերի գումարները հետ վերցնել: Ուղևորները վրդովված են, որ ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունը որևէ պատասխանատվություն չի զգացել և կրել իր ուղևորների նկատմամբ:

«Էմոն ասում է՝ ես էդ գումարները տվել եմ վարորդին, զանգում եմ՝ անհասանելի է, իմ մոտ չեն, էսօր-վաղը և այդպես շարունակ: Ոչ մի փոխհատուցում և ոչ մի մարդկային վերաբերմունք»,- նշում է տիկին Ժաննան:

Այս ուղևորափոխադրման համար 7 ուղևորները տարբեր գումարներ են վճարել: Տիկին Ժաննան ու դուստրը վճարել են 19- հազարական դրամ, Էմիլը՝ 25 հազար դրամ, Գագիկը՝ 23 հազար դրամ, Արմենուհին և որդին՝ 23-հազարական դրամ:

Ոչ մի ուղևորի ուևորափոխադրում իրականացնելու համար ՀԴՄ կտրոն չի տրամադրվել: Գագիկ Մկրտչյանին է միայն տպագրված տոմս տրամադրվել «Արմենտուր»-ից, որտեղից նրան տոմսը տրամադրել է Էմոն:

Բացի Էմիլ Հովհաննիսյանից, մնացածները տարբեր տեղերից ու տարբեր ճանապարհներով են վճարել, սակայն ո´չ տոմս, ո´չ էլ ուղևորափոխադրման նշումներով կտրոն չի տրամադրվել նրանց:

«Եթե սկսենք հաշվել ծախսերը՝ աստղաբաշխական թվեր են գալիս. երկու օր 2200 ռուբլի հյուրանոցին եմ վճարել, բայց չեմ մնացել, 2000 ռուբլուց ավելի միայն հեռախոս եմ լիցքավորել Վրաստանում՝ կապ հաստատելու համար, գումարած 1500 ռուբլի արցախցի վարորդին ենք տվել Կրասնոդար հասցնելու համար, Կրասնոդարից մինչև Սոչի հասել եմ մոտ 1000  ռուբլով: Բայց մենք դրանք չենք ուզել իրենցից, միայն ասել ենք՝ մեր տոմսերի գինը հետ վճարեք, որովհետև դուք չեք իրականացրել ձեր ծառայությունը, որի համար մենք վճարել ենք»,- ասում է տիկին Ժաննան:

Էմիլ Հովհաննիսյանը մեկ ամսով արձակուրդ է վերցրել ծառայությունից, որպեսզի գնա Կրասնոդարի մարզի Ջուբկա ավան (Կրասնոդար-Սոչի ճանապարհին է)` վնասվածք ստացած եղբորը փոխարինելու: Սակայն պայմանավորված օրվանից ուշացել է, և իր ներկայությունն այլևս անհրաժեշտ չի եղել:

Էմիլն ասում է, որ բացի նյութական վնասները, որ կրել են ուղևորները, չի ցանկանում նկարագրել հոգեբանական վիճակները, որը թե´ իրենք, թե´ իրենց ընտանիքի անդամներն են ապրել այդ օրերին, երբ դժվարությամբ են կարողացել նրանց հետ կապ հաստատել և ասել, որ  իրենց հետ ամեն ինչ կարգին է, ու խնդիրը մեքենայի անսարքությունն է: Այդուհանդերձ, էմիլն ասում է, որ ընկերությունը գոնե իրենց ծախսած գումարները պիտի վերադարձնի:

Գագիկ Մկրտչյանը պատմում է, որ այս փոխադրման պատճառով ինքը լուրջ վնասներ է կրել: Նա դուրս է եկել աշխատանքից և Աբխազիայում պայմանավորվածություն է ունեցել հուլիսի 23-ից աշխատանքի անցնել հյուրանոցներից մեկում՝ խոհարարի օգնականի պաշտոնում: Սակայն 3 օր խոստացած օրվանից ուշացել է, և իր փոխարեն այլ անձի են աշխատանքի ընդունել:

Գագիկն ամենավերջին ուղևորն է եղել, և ինքնուրույն է հասել Ադլեր: Գիշերել է  երկաթգծի կայարանում, առավոտյան ավտոբուսով հասել Աբխազիա:

«Քանի որ Էմոյենք խոստացել էին, որ դա մեկ օրվա ճանապարհ է, բայց ես երկուշաբթվա փոխարեն հասել եմ հիգշաբթի ցերեկը, իմ փոխարեն արդեն մեկ ուրիշին էին ընդունել, որովհետև հյուրերի թեժ սեզոնն էր, և օգնական էր պետք: Ստիպված՝ իմ ընկերների շնորհիվ կարողացել եմ շինարարական բրիգադ մտնել, ձեռքիս գումար լինի, որ հետ գալ կարողանամ»,- պատմում է Գագիկ Մկրտչյանը:

Գագիկի մայրը ինսուլտից հետո անշարժ պառկած է: Քույրն աշխատանքից դուրս է եկել, որ խնամի մորը: Ինքն էլ որոշել էր գնալ աշխատելու, որպեսզի փակեր կուտակված վարկերն ու պարտքերը:  7,5 մլն դրամ բանկում վարկ ունի: Իսկ խոհարարի օգնականի համար 1000 ռուբլի օրական գումար էին խոստացել Գագիկին, որը, նրա հաշվարկով, բավարար էր լինելու վարկերը և պարտքերը փակելու համար:

«Էդ կինն ասում է՝ գնացեք վարորդից գումարն ուզեք, վարորդն է ձեզ տարել: Պետք է ձեզ գողականով էլ կօգնենք, գնացեք նրանից վերցրեք: Բայց ես ասացի, որ վարորդի հետ մենք գործ չունենք, քանի որ դուք եք ուղևորափոխադրումն իրականացրել, իրենցից էլ տոմս ենք առել, գուցե այլ օֆիսից են տոմս առել մյուսները, բայց դրանք միջնորդ կազմակերպություններ են, և ինքն է ուղևորափոխադրում իրականացնողը: Ես վճարել եմ այն բանի համար, որ ինձ հասցնեն վերջնակետ, էլ չեմ ասում, որ մենք ուտելու, խմելու, հեռախոսերի ծախսեր ենք արել: Մենք մարդկայնորեն միայն տոմսի գինն ենք հետ պահանջել, որովհետև նա չի իրականացրել իր պարտավորությունը՝ ծառայությունը»,- ասում է Գագիկ Մկրտչյանը:

Նույն իրավիճակում են հայտնվել ուղևորներից Արմենուհին և որդին, ովքեր նույնպես տոմսերը ձեռք են բերել 25 հազարական դրամով և փոխհատուցում են պահանջում, սակայն առ այսօր որևէ էական արձագանք չեն ստացել:

«Այստեղ վիրավորանքի աստիճանն է շատ մեծ, որ մարդիկ կարող են ոտնատակ տալ քեզ, իրեն չի հետաքրքրում՝ իր ուղևորները  հասան, չհասան: Իսկ ես ուրիշ օֆիս գիտեմ, որ վարորդները ճանապարհին պաղպաղակ էին հյուրասիրում ուղևորներին: Դա իրենց ֆիրմայի պատիվն է»,- շարունակում է Գագիկ Մկրտչյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից խնդրեցինք պարզաբանել, թե ունի «Էմո տրանս» ՍՊԸ-ն դեպի ՌԴ ուղևորափոխադրում իրականացնելու թույլտվություն:

Նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը պատասխանել է, որ «Էմո տրանս» ՍՊԸ-ն չի հանդիսանում ՀՀ տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություն, սակայն ընկերությունը նախարարությունից ստացել է ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվություններ՝ հիմնականում Երևան-Անապա, ինչպես նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ. Երևան-Յալթա երթուղիներով փոխադրումներ իրականացնելու համար (ըստ ներկայացված հայտերի):

«Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության, թե արդյոք «Էմո տրանս» ՍՊԸ-ն սույն թվականի հուլիսի 22-ին իրականացրել է Երևան-Սոչի ուղղությամբ փոխադրումներ, թե ոչ, քանի որ դեպի ՌԴ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվությունների գործողության ժամկետը սահմանված է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:

2012թ. գրանցված «Էմո տրանս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու  տնօրենը Արմեն Աբրահամյանն է: Սակայն ընկերության անունից հանդես է գալիս Էմո անունով տիկինը:

«Էմո տրանս» ՍՊԸ-ի հեռախոսահամարներից մեկով փորձեցինք ճշտել, թե իրականացնում է այս պահին Երևան-Սոչի ուղևորափոխադրումներ: Պարզվում է՝ ամեն չորեքշաբթի և կիրակի ընկերությունը կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացնում 7-տեղանոց մարդատար Mercedes-VITO-ներով, տոմսն  արժե 22 հազար դրամ: Միայն այս շաբաթ փոխադրում չի իրականացվել, քանի որ Սոչիի մոտակայքում կամուրջ է փլուզվել, և ճանապարհը փակ է: Փոխադրումները կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից:

Բացի դրանից, ընկերության դռան դիմաց փակցված ցուցատախտակում հստակորեն գովազդվում են նաև այլ ուղղություններ, որոնց համար ընկերությունը թույլտվություն չի ստացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter