
«Քարանձավի մարդիկ». երբ ներքին լույսն օգնում է հաղթահարել կյանքի խավարը
«Աշխարհը կարծես քարանձավ է: Երբեմն այն բավականին հաճելի զարդարված քարանձավ է, բայց ավելի հաճախ խղճուկ ավերակներ են: Մարդիկ բարեկարգում և զարդարում են իրենց աշխարհը, իրենց քարանձավները հանուն իրենց երեխաների, իսկ թատրոնը առավել ևս քարանձավ է»:
Վիլյամ Սարոյան
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» դրաման Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանի մեկնաբանմամբ ներկայացվեց նաեւ գյումրեցի հանդիսատեսին: «Թատրոնում մենք խաղում ենք Սեմուել Բեկետի «Դեպի վերջ» ներկայացումը: Բեկետը հոռետեսության թատրոնն է, եւ ես որոշեցի, որ եթե թատրոնի խաղացանկում կա Բեկետ, ուրեմն պետք է լինի նաեւ հակակշիռը, իսկ հակակշռողը լուսավորն է, դրականը: Ինձ հայտնի հեղինակներից այդպիսին Վիլյամ Սարոյանն է,- ասում է բեմադրիչ Արթուր Սահակյանը՝ հավելելով, որ հեղինակի «Քարանձավի մարդիկ» ստեղծագործությունը ցանկացել է բեմադրել դեռեւս 90-ականներին, երբ այնքան անհրաժեշտ էր մարդկանց ներարկել լավատեսություն եւ հավատ ապագայի հանդեպ:
«Ես այն ժամանակ Արքայի դերում տեսնում էի Խորեն Աբրահամյանին ու մտածում, որ եթե համարձակություն ունենամ նրան առաջարկելու, եւ ինքն էլ համաձայնվի, ապա անպայման կբեմադրեմ»,- խոստովանում է Արթուր Սահակյանը: Ցանկություն-երազանքից մինչեւ իրականացում հարկ էր, որ անցներ մոտ երկու տասնամյակ: «Քարանձավի մարդիկ» ներկայացման բախտը վճռվում է «Լիր արքա» ներկայացման բեմադրության ընթացքում: «Երբ Գյումրու դրամատիկականից 2016 թ.-ին ինձ առաջարկեցին բեմադրել «Լիր արքա»-ն, ես հարցրեցի, դուք Լիր ունե՞ք, մի քանի թեկնածուներ կային, բայց երբ ծանոթացա Ռաֆայել Գրիգորյանի հետ, հասկացա, որ ոչ միայն շեքսպիրյան «Լիր»-ին եմ գտել, այլ նաեւ սարոյանական «Արքա»-յին»:
ԱՄՆ դեսպանատան համաֆինանսավորմամբ «Քարանձավի մարդիկ» դրաման բեմադրվել է 2017 թ.-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ներկայացումը հաջողված էր եւ որոշվեց, որ այն պետք է հիմնական տեղ գրավի Գոյ թատրոնի խաղացանկում: Սարոյանի «Քարանձավի մարդիկ» դրաման լույս է տեսել 1939 թ.-ին. 20-րդ դարասկզբին գրողին այդքան հուզող թեմաներն արդիական են նաեւ մեկ դար անց:
«Սահակյան Արթուրի հետ սա 2-րդ ներկայացումն է, որի վրա աշխատում ենք, եւ կարծում եմ այն շարունակություն կունենա, քանի որ արդեն մտմտում ենք համատեղ 3-րդ լուրջ ներկայացման մասին,- ասում է արվեստի վաստակավոր գործիչ, Արքայի դերակատար Ռաֆայել Գրիգորյանը,- իմ խաղացած երկու արքաների մեջ մեծ տարբերություն կա, ճիշտ է՝ երկուսն էլ ողբերգություն են ապրում, սակայն Լիր արքայինը անձնական ողբերգություն է, իսկ Սարոյանի հերոսը, որ թատրոնի արտիստ է եղել ու իրեն կոչում է Արքա՝ համամարդկային ողբերգություն է ապրում: Սակայն նույնիսկ այդ պայմաններում իմ հերոսը չի կորցնում լավատեսությունը, ուրիշներին նեցուկ լինելու ունակությունը: Եվ ողջ ներկայացման ընթացքում էլ կարմիր թելի նման տարվում է այդ գիծը, որ սերը, բարությունը, միմյանց օգնելու կարողությունն են փրկելու մարդկությանը»:
Պիեսի գործողությունները ծավալվում են հին թատրոնի շենքում: Քաղաքում քանդում են հին շենքերը, եւ մի օր հերթը հասնելու է նաեւ թատրոնի լքված շենքին, որի կամարների տակ դեռեւս զգացվում են ներկայացումների ավարտին հնչող ծափահարությունների, դերասանների խաղը գնահատող «բռավոների» արձագանքը, բեմ նետվող ծաղկեփնջերի բույրը, կուլիսներում իրենց մուտքին սպասող արտիստների սրտի բաբախը: Սակայն այդ ամենը ծածկված է խավարով ու միայն լապտերների դեղին, առկայծող լույսերի ներքո է հին թատրոնը բացում երբեմնի շքեղության մնացորդները:
Թատրոնի քանդվող շենքի տանիքի տակ հանդիպում են նախկին դերասանն (դերակատար՝ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյան) ու դերասանուհին (դերակատար՝ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյան), նախկին բռնցքամարտիկը (դերակատար՝ Աշոտ Տեր-Մաթեւոսյան), մի աղջիկ փողոցից (դերակատար՝ Էլիզա Մանթաշյան), կրկեսի արջ վարժեցնողը (դերակատար՝ Սամվել Թոփալյան) հղի կնոջ (դերակատար՝ Գայանե Բալյան) հետ: Նրանք բոլորն ունեն խնդիրներ, սակայն պատրաստ են մոռանալ սեփականը հանուն կողքինի բարօրության: Այստեղ ողբերգության ու կոմիկական իրավիճակների միախառնում է, որ այնքան բնորոշ է Սարոյանի ստեղծագործություներին, եւ որն այնքան գունեղ կարողացավ հանդիսատեսին փոխանցել Ռաֆայել Գրիգորյան-Նարինե Ալեքսանյան արտիստիկ զույգը:
«Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մարդը կարող է գտնել իր արեւն այնտեղ, որտեղ իրեն անպետք է զգում, չչարանալ մարդկանց դեմ, այլ պահպանել հոգու ջերմությունն ու տալ նաեւ ուրիշներին»,- նկատում է Արթուր Սահակյանը: Ներկայացման մեջ ռեժիսորը կիրառել է «բեմում բեմ» հնարքը, ինչպես նաեւ բեմ-դահլիճ սերտ կապը՝ հանդիսատեսին պասիվ դիտողից ինչ-որ տեղ վերածելով մասնակցի: Դերասանները տեղաշարժվում են դահլիճում, նստում շարքերում՝ վերածվելով հանդիսատեսի՝ ջնջելով բեմ-դահլիճ բաժանարար գիծը:
«Դա նաեւ թելադրված է պիեսով, քանի որ ողջ ընթացքում հերոսները ներկայացում են խաղում ներկայացման մեջ՝ ներկայացնելով հատվածներ Շեքսպիրի մի քանի ստեղծագործություններից՝ «Լիր արքա»-ից, «Ռոմեո Ջուլիետ»-ից, «Օթելլո»-ից եւ այլն»,- ասում է բեմադրիչը:
Գլխավոր նկարում արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանն է:
Մեկնաբանել