HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«ԵԱՌԱԶԱ» կոնֆերանսի մասնակիցները շրջայց կատարեցին Երևանի կենդանաբանական այգում

Երևանում առաջին անգամ անցկացվում է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի 24-րդ կոնֆերանսը։ Այսօր շուրջ 80 կենդանաբանական այգիներից եկած մոտ 120 մասնակիցներ շրջայց կատարեցին Երևանի կենդանաբանական այգում, ականատես եղան կենդանիների կերակրման գործընթացին:

Կոնֆերանսի այս տարվա թեման է վայրի բնության պահպանման ու կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում կենդանաբանական այգիների դերն ու նշանակությունը: 

Քննարկման թեմաներից են նաև կենդանիների ապօրինի առևտուրը և փոխանակումը: «Կենդանիների փոխանակումը լուրջ աշխատանք է, եթե նույնիսկ այգիները ցանկանում են միմյանց կենդանի նվիրել, ապա չեն կարողանում, քանի որ կենդանին տվյալ երկրում հանդիսանում է գույք, այն որոշակի արժեք ունի, ուստի որոշակի կանոնակարգի է պատկանում»,- ներկայացրեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ապա հավելեց, որ կենդանին բացարձակ արժեք է՝ չի կարելի գնել կամ վաճառել: «Սա ասոցիացիայի համար շատ կարևոր է: Հույս ունեմ, որ Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի և Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի միջև կլինի միացում նույն գաղափարների շուրջ և երկրներից դուրս կհանի կենդանիների սև շուկա ասվածը, կենդանիների առք ու վաճառքը»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը: Կենդանաբանական այգու տնօրենն անդրադարձավ նաև օլիգարխների տներում պահվող կենդանիներին, նշեց, որ օրենքի բացի և անպատժելիության պատճառով է այս ամենը տեղի ունենում:

Կենդանաբանական այգու տնօրենը հայտնեց, որ այսպիսի հարթակները նոր ծրագրեր սկսելու, տարբեր այգիների հետ համագործակցելու և նաև ֆինանսավորվելու տեսակետից կարևոր են, նոր սկսվող ծրագրերի մեջ առանձնացրեց հայկական մուֆլոնի և գառնանգղերի պահպանման ծրագիրը, որտեղ համագործակիցներ են լինելու նաև ասոցիացիայի անդամներից մի քանիսը:

Շրջայցի ժամանակ ներկա էր նաև Վարշավայի կենդանաբանական այգու տնօրեն Անդրեյ Կրուշչևիչը, ով «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի իրենք դարձել են ԵԱՌԱԶԱ-ի անդամ և առաջին անգամ են մասնակցում կոնֆերանսին: Ասաց, որ Երևանի կենդանաբանական այգու հետ համագործակցել են և կշարունակեն փոխանակումներ անել: «Սև կարապի, սուրիկատների տեղափոխում է եղել Վարշավայից, բայց սա ընդամենը սկիզբն է: Այսօր տեսնում եմ, որ այգում փոփոխություններ են կատարվել, գայլերի, արջերի և առյուծների համար նոր ազատավանդակներ են կառուցվել: Գետաձին և փիղը միայնակ են, պիտի լինեն խմբով, ժամանակ է պետք, պետք է շատ աշխատել»,- հավելեց Վարշավայի կենդանաբանական այգու տնօրենը:

Կենդանաբանական այգու հանրային կապերի  պատասխանատու Ռուբեն Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կենդանիների պահպանման համար կարևոր է չկորցնել կապը վայրի բնության հետ։ «Կենդանաբանական այգու գործունեության վերջնական նպատակը պատմական  ինչ-որ ժամանակահատվածում կենդանաբանական այգիներում հայտնված  կենդանիների պահպանումն է՝ ինչ-որ մի օր դրանց վայրի բնությանը վերադարձնելու հույսով»,-նշեց  Ռուբեն Աբրահամյանը։ 

Այսօրվա շրջայցի ընթացքում մասնակիցներն ականատես եղան դդմատոնի և ծղոտե արձանների ցուցադրությանն ու վարպետության դասին:

Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցացիան (ЕАРАЗА) հիմնադրվել է Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների առաջատար կենդանաբանական այգիների տնօրենների նախաձեռնությամբ և Մոսկվայի կենդանաբանական այգու հենքի վրա՝ 1994 թվականին:

Ասոցիացիայում միավորված կենդանաբանական այգիների և ակվարիումների գործունեության գլխավոր նպատակը կենդանատեսակների և վայրի բնության պահպանումն ու կայուն զարգացումն է:

                                                             Լուսանկարները՝ Սամվել Վանոյանի (FPWC)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter