HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակ Զեյնալյան. «Համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, այն մարդասիրական, հումանիտար ակտ է»

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» հարցը:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Մինչ բուն նախագիծը ներկայացնելը նախարարի պաշտոնակատարը հայտնեց ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև կալանավորների համար նախատեսված մահճակալների թիվը: Ըստ այդմ՝ այսօրվա դրությամբ բոլոր ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց թիվը 2888 է, մահճակալների թիվը՝ 5346, Նուբարաշեն ՔԿՀ-ում 644 կալանավոր ու դատապարտյալ է, տեղերի քանակը՝ 780, Վարդաշեն ՔԿՀ-ում դատապարտյալների ու կալանավորների թիվը 339 է, մահճակալների թիվը՝ 155:

«Սա ներկայացնում եմ այն նպատակով, որ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, այն մարդասիրական, հումանիտար ակտ է և կոչված է հաշտության, համերաշխության»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց այն շրջանակը, որի վրա տարածվելու է համաներումը.

Առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց:

Այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է:

Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

Առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեն, օրենքն ուժի մեջ մտնելու պահին հղի են, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեն, օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեն, 60 տարին լրացած են, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։

Նախատեսվում է պատժից ազատել նաև նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են`

առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը:

առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և  օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

Համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն նաև անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք: Առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

Համաներման ակտում առանձին դրույթ կա նաև 2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված անձանց վերաբերյալ:

Քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝ 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող  անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter