
Արտակ Զեյնալյան. «Վարչապետը հայտարարել է, որ սխալ է ուղղակի համաներմամբ ցմահ դատապարտյալին ազատ արձակելը»
Խորհրդարանն արտահերթ նիստով շարունակում է քննարկել համաներում հայտարարելու ակտը: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դիմելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, հետաքրքրվեց ցմահ դատապարտյալների խնդրով:
«11 պատգամավոր դիմել է ցմահ դատապարտյալների խնդրով և առաջարկ է եղել, որպեսզի նման կետերին համապատասխանող մարդիկ ևս ներառվեն համաներման շրջանակի մեջ, ինչո՞ւ եք մերժել»,- ասաց Սիմոնյանը:
Նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձագանքեց՝ գործող կառավարությունն արդեն իսկ դրսևորել է իր վերաբերմունքը ցմահ դատապարտման ենթարկված անձանց վերաբերյալ, ինչը, ըստ Զեյնալյանի, աննախադեպ է:
«Ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատվել այս կառավարության օրոք, սրանով ենք դրսևորում մեր վերաբերմունքը, անհատական մոտեցում է ցուցաբերվելու ցմահ դատապարտյալների նկատմամբ: Վարչապետը հայտարարել է, որ սխալ է ուղղակի համաներմամբ ցմահ դատապարտյալին ազատ արձակելը, սակայն նրանք իրավունք ունեն պայմանական վաղաժամկետ ազատման, ինչը արդեն գործում է նրանց նկատմամբ, և նաև ներման իրավունք ունեն»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Զեյնալյանը հիշեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պայմանական վաղաժամկետ ազատվել է ցմահ դատապարտյալ:
Մեկնաբանել