
Պատգամավորը՝ Զեյնալյանին. «Երբվանի՞ց բացեցիք կալանավայրերի դռները, որ այլևս տեղերն ազատվել են»
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է համաներում հայտարարելու ակտը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, արձագանքելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի այն դիտարկմանը, որ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու խնդիր չունի, հարցրեց. «Երբվանի՞ց բացեցիք կալանավայրերի դռները, միանգամից քանի հազար հոգու բաց թողեցիք, որ այլևս տեղերն ազատվել են»:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ կառավարության քաղաքականության արդյունքն է ՔԿՀ-ների բեռնաթափումը՝ մեծ թվով անձանց պայմանական վաղաժամկետ ազատումները, կալանքի իրավակիրառական պրակտիկայի փոփոխությունը:
«Դռները չենք բացել, այդ ամբողջն օրինականության շրջանակում է արվել, երբ ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, մեկ-երկու ՔԿՀ-ներում եղել են խցեր, որտեղ մի մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել հերթով: Այս կառավարության պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է վերաբաշխումների, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի շնորհիվ, նաև խափանման միջոցներ են փոխվել»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Մեկնաբանել