
Հիվանդանոցներում լինելու են առանձնացված բաժիններ, որտեղ բուժվելու են դատապարտյալներ ու կալանավորներ
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է համաներում հայտարարելու ակտը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում առողջապահական սպասարկման գումարներին:
«Ինչքան էլ մահճակալներն ազատվեն, միևնույն է, այդ հիմնարկները սանատորիա չեն, բնական է, որ մարդիկ իրենց առողջությունը կորցնում են»,- նկատեց Միքայել Մելքումյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձագանքեց՝ գործող կառավարության պաշտոնավարման շրջանում ավելի շատ անձ է ներկայացվել քաղաքացիական հիվանդանոցներում բուժման, քան նախորդ տարիներին:
«Այն դեպքում, երբ դատապարտյալների քանակը կրկնակի պակաս է, քան նախորդ տարիներին, մենք ավելի շատ ենք ներկայացրել, քանի որ կառավարության քաղաքականությունն է այդպիսին»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարի պաշտոնակատարը սակայն համաձայնեց՝ դատապարտյալների համար նախատեսված առողջապահական պայմանները բարելավման կարիք ունեն:
«Դրա համար անհրաժեշտ է բժիշկների վարձատրության չափը համապատասխանեցնել, որպեսզի անհրապույր չլինի ՔԿՀ-ում բժիշկ աշխատելը»,- ասաց Զեյնալյանը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հորդորեց կտրուկ ավելացնել 2019 թվականի պետական բյուջեի նախագծում այդ ոլորտին ուղղված ծախսերը:
«Այս ոլորտում նորմատիվ իրավական ակտեր են նախապատրաստվում՝ ապահովելու այս բժշկական ծառայությունների անկախությունը, անաչառությունն ու որակը, պատկերացրեք ՔԿՀ-ից երբ անձը ուղարկվում է քաղաքացիական հիվանդանոց, պետք է անվտանգությունն ապահովվի, և դա իրականացնում են ՔԿՀ ծառայողները: Նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որ և՛ Երևանում, և՛ մարզերում լինելու են հիվանդանոցներ, որտեղ առանձնացված է լինելու բաժին, որտեղ պահվելու են դատապարտյալներ ու կալանավորներ»,- ասաց Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է բյուջեում այդ ուղղության համար նախատեսված գումարն ավելացնելուն, Զեյնալյանն ասաց, որ բյուջեն բոլորինն է:
«Մենք պետք է որոշենք՝ ինչպես բաշխել բյուջեն, որ գնալով ավելանա և կարողանա օպտիմալ կառավարել միջոցները»,- ասաց նա:
Մեկնաբանել