HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Գլոբալ» ինովացիոն ֆորումին

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» շրջանակներում այսօր կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը: Այս մասին տեխեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Թեման՝ ուղեցույց սկսնակ ստարտափերների համար, թե ինչպես ընտրել «ճիշտ» վենչուրային ներդրող, որպեսզի կառուցեն փոխշահավետ հարաբերություններ:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում այսօր ստարտափների զարգացման համար էկոհամակարգը լիարժեք ձևավորված չէ, բայց կան ֆոնդեր, ներդրողներ, գրանտային ծրագրեր, որոնք բավական արդյունավետ աշխատում են նաև կառավարության հետ համագործակցությամբ: Հակոբ Արշակյանի խոսքով՝ կառավարության նպատակն այս գործընթացներն ուղղորդելն ու համակարգելն է օգտագործել սփյուռքի ու տեղացի գործարարների ռեսուրսը, ստեղծել խոշոր վենչուրային ֆոնդ, որը վստահություն կներշնչի նոր ներդրողներին ավելի մեծ գումարներ դնել այս շուկայում: 
Նրա խոսքով՝ կառավարության դերը ձեռներեց-ներդրող փոխհարաբերությունների մեջ պիտի լինի այն, որ պետական մակարդակում խրախուսվի ներդրումը հենց տեխնոլոգիական ոլորտում, նորարարական գաղափարների մեջ. դա պիտի լինի քաղաքական որոշում:
«Աշխարհում շատ գումարներ կան, գումար հայթայթելը գաղափարն իրագործելու համար դժվար չէ, բայց երբ խոսք է գնում խոշոր գումարների մասին, հայաստանյան ստարտափները ստիպված են դուրս գնալ, որովհետև խոշոր ֆոնդեր մեր երկրում չկան: Այս խնդրի լուծումը ևս մեր նպատակներից է: Կառավարությունը պիտի հարթակ ստեղծի համագործակցության համար, նվազեցնի ներդրողների ռիսկերը»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:
Քննարկման ընթացքում բանախոսները կարևորեցին նաև ներդրող-ձեռներեց փոխըմբռնման ասպեկտը: Ներդրողի համար, ըստ Նուբար Աֆեյանի, պետք է ընկալելի լինի ձեռներեցի մշակույթը, նրանց բիզնես նպատակները պիտի համընկնեն: Նրա խոսքով՝ պետք է ընտրել թրենդային ոլորտներ, հստակ ուղղություններ և աշխատել այդ ուղղությամբ: Օրինակ բերելով արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությունը՝ Նուբար Աֆեյանը նշեց, որ երբ ստեղծվի արժեք, ֆոնդերը կհայթայթվեն: 
Հակոբ Արշակյանը կարևորեց նաև միջազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որովհետև հաճախ հենց այդ ընկերությունների աշխատակիցները դառնում են ձեռներեցներ, որովհետև այդ ընկերությունների բերած կորպորատիվ մշակույթի կրողներն են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter