HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համամասնական ընտրակարգի քննարկումները չե՞ն պառակտի կոալիցիան

Այսօր «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները համատեղ դիմել են Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, որպեսզի ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ հրավիրվեն խորհրդարանական լսումներ:

Նշված թեմայի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Դեռեւս 2007թ. մեր ծրագրում, որ հրապարակվեց, ունեինք աստիճանաբար համամասնական ընտրակարգին անցնելու դրույթ: Հիմա հասարակական լայն արձագանք է գտել այս հարցը, որը ենթադրում է իրավասու մարդկանց կողմից լսումների կազմակերպում, եւ, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս պատգամավոր Արամ Սաֆարյանի ստորագրության, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» ԱԺ նախագահին ներկայացրել են դիմում, որպեսզի մինչեւ խորհրդարանական քննարկումներն անցկացնենք լսումներ, որ հիմնավոր մոտեցումների, փաստերի պարագայում կարողանանք կողմնորոշվել, թե որքանով է հնարավոր այս կարճ ժամանակահատվածում 100 տոկոսով անցնել համամասնական ընտրակարգի:

ՀՀԿ-ից ասում են, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քննարկումների ժամանակ ԲՀԿ-ից որեւէ մեկը չի բարձրաձայնել, որ 100 տոկոսով կողմ եք համամասնական ընտրակարգին:

Դա այդպես չի եղել: Ես եւ մեր կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը եղել ենք ընտրական օրենսգրքի մշակման  աշխատանքային խմբի կազմում: Այո, այդ հարցը սուր չի բարձրացվել, որովհետեւ հավատացնում եմ ձեզ, որ այդ պահի դրությամբ հրատապության որեւէ երանգ չուներ: Ինչպես բազմաթիվ այլ հարցեր, այդ հարցերն էլ դիտարկվել են աշխատանքային խմբի կողմից, բայց քանի որ մեծ արձագանք չէր ստանում, այդ պահին ժամանակավրեպ համարվեց անցումը: 100 տոկոս համամասնությանը հանրությունն էլ գիտի, քաղաքական ուժերն էլ գիտեն, եւ դրա վերաբերյալ վերջերս միանգամից բարձրաձայնվեց եւ սրություն հաղորդեց այս թեմային:

Հիմա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին կողմ եք, սակայն ԲՀԿ-ից վերջերս հայտարարել են, որ բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում կուսակցությունն ունենալու է թեկնածուներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Այս պահին մենք ունենք ընդունված ընտրական օրենսգիրք, որը բոլոր եվրոպական կառույցներում ստացել է իր գնահատականը, ընդ որում՝ բարձր գնահատականը: Մենք այս պահին առաջնորդվում ենք մեր երկրում ընդունված օրենսգրքով, ըստ որի` մենք ունենք 41 մեծամասնական ընտրական տարածք: Ես կարծում եմ` ոչ միայն ԲՀԿ-ն, այլ ցանկացած քաղաքական ուժ կարող է իր մասնակցությունը բերել մեծամասնական ընտրություններին:

Կոալիցիայից այժմ միայն ԲՀԿ-ն է համամասնական ընտրակարգին անցնելու մասին ավելի շատ բարձրաձայնում: Այս հարցը կարո՞ղ է բերել կոալիցիայի պառակտմանը:

Հանրապետականն էլ է ասում, որ ինքն ըստ էության բացասական չի նայում 100 տոկոս մեծամասնականին, «Օրինաց երկիրը» եւս ասում է, պարզապես ամբող խնդիրը կայանում է այլ բանում, որ մեզ մնացած կարճ ժամանակահատվածն արդյոք բավարարելո՞ւ է, որ ընտրական օրենսգրքում այսպիսի փոփոխություն կարողանանք իրականացնել եւ դրանով էլ առաջնորդվենք, եւ բոլոր նախընտրական կազմակերպչական հարցերը, որոնք ըստ էության դյուրին հարցեր չեն, կազմակերպենք: Հավանականությունը մեծ է, որ տեխնիկապես չկարողանանք հասցնել:

Չասացիք, այս խնդիրը կարո՞ղ է բերել կոալիցիայի պառակտմանը:

Ես չեմ կարծում, որ սա այն խնդիրն է, որը ենթադրում է նման վիճակ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter