HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ գույնի է Հայքը

Արմեն Քեշիշյան

Հայկական ոճը,

ինքնագիտակցության և ստեղծագործական թափի գերագույն այդ պսակը,

կարող է ստեղծվել տվայտալից որոնումներից հետո միայն:

Կ. Զարեան «Նավատոմար»

Ողջույն,

Նախորդ և այս նամակներիս միջև մի քանի օր է անցել: Գիտե՛ս՝ գրում եմ, երբ մեր անցյալի վերաիմաստավորման առիթ է լինում: Հիմա կա, ու գիտե՞ս այս անգամ ո՞րն է: Գունավոր Հայքը: Այս բնաբանով Երևանում, «Դալան» սրահում բացվել է Մուշեղ Մխիթարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Մեր անցյալում մենք չենք ճանաչել Մուշեղ Մխիթարյանին: Բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ իմացել ենք միշտ. ճիշտ այս դեպքի համար էինք ասում, որ հանճարեղ մարդը երբ մի բան է ասում կամ անում, արտահայտում է այն, ինչ մենք չենք կարողացել, որքան էլ որ մտածել կամ պատկերացրել ենք:

Այս նամակս նման չէ նախորդներին. բառերը կարդա միայն այնքանով, որ «Գունավոր Հայքից» ստացված տպավորություններիս իսկությունը համադրես քո ընկալումների հետ: Գունավոր Հայքին կամ Հայքի գույներին եկել են համալրելու և միախառնվելու Հայքի և նրա գույների հարատևությունը ապահովող և այն սնող հասկացությունները, ինչպիսիք են Հայրենիքը, սեփական վախերի նկատմամբ հաղթանակը, ոգու ակունքը, վերելքը՝ որպես վտանգը ջախջախելու միջոց, իրական թշնամուն ճանաչելու իմաստնությունը, կենսատու ժառանգականությունը և այն սիրելու կարիքը, մեզ Հայ պահող այլ կարիքները: Գրում եմ այս մասին, որովհետև չես կարող այցելել ցուցահանդես, բայց գիտեմ, որ հիշելով՝ կհասկանաս, թե ինչ եմ ուզում ասել մեր այն ժամանակվա երազների մասին:

Հիշո՞ւմ ես, Մարգարայի կամրջի մոտ էինք, երբ հանկարծ «նկատեցինք», ինչպես թե Սպիտակ Ձիավորի զորքին ու մոխրասիրտ փախստականներին միանալով՝ Ռուսահայաստան անցավ սնխչի Կրկոն:

Մենք պատկերացրեցինք, իսկ Մուշեղը դրանք գտավ ու անմահացրեց իր ստեղծագործության մեջ: Կրկոն մեզ պես ճամփորդ էր այս գույների մեջ, նա զինվոր ու մշակ էր բուժում, որ… Հայքի գույները ողջ մնան:

Նկարներից մեկի առջև կանգնած հիշեցի այն կարմիրը, կապույտը, դեղինն ու կանաչը, որ մեր աչքերում երևակվեցին ի տես Կրկոյի:

Քիչ հեռու, ինձ թվում է, Լափաճի ավերակ Սուրբ Աստվածածին եկեղեցու սևահողն է, որն ափի մեջ մասունք պահած՝ Խաչիկը բերեց մեզ ցույց տալու որպես անցավորած նահատակների զմրուխտ պատգամ մեր ներկա ու գալիք զավակներին՝ մեր Գունավոր Հայքի արմատի ավիշ ու հարատևություն, ցեղի բերրի հող, որքան էլ որ ֆիզիկապես կորուսյալ:

Որոտնավանքից Լուսինեի Հորովելն էր ու Տեր Ողորմյան, որ թափանցելով Որոտանի կիրճ՝ հոսում էին Գողթանի վրայով, գնում հասնում Վան, Սասուն և Մուշ՝ Սուրբ Կարապետի մարմարյա արձանագիր խաչքարների վրա սփռվելու: Կարապետի գորշ սրբատաշի գույները ա՛յ տես, ա՜յն նկարի վրա էին, ճիշտ այն գույնի, որով մեզ էին նայում Սանահինի գրատան ու Սուրբ Գրիգորի մատուռի գրեթե լքված պատերը: Սրանք էլ են Հայքի գույներից, որ ճանաչելի են գրեթե բոլոր նկարների վրա:

Իսկ սա արդեն Արդվինի գունապնակն է, որ Մուշեղը որպես մասունք փրկում է մեր հողերի վրա ատամները սրած հարևաններից: Ճորոխի պղտոր ջրերի մեջ դրանք զտվել, Բաթումով եկել հասել են Երևան, երբեմն Սիբիրում տասնամյակ կանգ առնելով՝ իրենց հետ բերելով բազմաթիվ ազնվականների ազնվական, անշահախնդիր նվիրումն ու անհուն սերը առ մայր հող:

Եվ որքան են այս գույները զուլալվել, պայծառացել, որքան խորն են և օծյալ ստնտու՝ կարծես փորձում են իրենց հարստությամբ հատուցել Էրգրից անհուսորեն մռայլ ճամփի տառապանքները:

Հայքի գրի ու հնչյունի հետ մեզանում երրորդություն կազմող գույները լուսավորում և երանգավորում են Քենսինգթընի մարմ օդը, երբ Սուրբ Սարգսից ելնող պատարագի հնչյունագիրը նույնիսկ անձրևին ջերմացնում է հայի սիրտը, շոյում ականջն ու ժպտում երեսին, կամ էլ ավելի թնդացնում հայ գաղթականներին ընդունած արևաշատ Մարսելում Սուրբ Կարապետի որմնանկարների ու սրբապատկերների որդանն ու լաջվարթը՝ պարուրելով բլրի վրայից քաղաքը հսկող Աստվածամոր տաճարը:

Հիշում ես այս գույները, վստահ եմ, պարզապես տեսած պահին չէիր պատկերացնում, որ դրանք Մուշեղի նկարների վրա կհայրենադարձվեին:

Գունավոր Հայքը շռայլ առատաձեռն է, այն իր գույները սփռել է երկրագնդի չորս ծագերում իր զավակների և նրանց ստեղծած բարիքի ու արժեքի տեսքով՝ ջերմացնելով հայի ու օտարի սրտերը: Հիշո՞ւմ ես, վստահ էինք: Հիմա Մուշեղն ի՞նչ է ասում: Ինձ այսպես է թվում, թե տաղանդն արձագանքում է մեր անցյալի ու ներկայի հարցերին, անսում մեր հարցումներին և պատասխանում մեր կասկած-խոհերին: Նա ասում է, որ այդքան հարուստ ու բազմաշերտ Հայքի գույներն էլ են սնունդ ուզում, որը մենք՝ Հայքի ժառանգներն ու բնակիչները պետք է ապահովենք, եթե նրա զավակներն ենք՝ պիտի դրանք ապրեցնենք: Մուշեղի բաղադրատոմսում են սերը միմյանց նկատմամբ, Հայրենիքին սպասավորությունը, անսասան հավատն առ հաղթանակը և Գունավոր Հայքի երկրպագությունը: Եվ այս բաղադրիչները հայթայթելու միակ ստույգ ճանապարհը մեր զորությունն է, զինյալ և ուսյալ, մեր տիեզերական գիտելիքի ծառայեցնելը Հայքին, նրա գույները մեր գրով, հնչյունով ու սիրով, երբ պետք է՝ արյունով սնելը, պահելն ու հարստացնելը:

Այսպես է Մուշեղը մեզ տեսնում հաղթական, և հիմա ես ու դու զինվորագրվում ենք Մուշեղի փողի հաղթող կանչին: Իսկ այս կանչն ասում է, որ պատմության օրացույցում եկել է մեր հաղթության օրն ու ժամը: Ու վկայակոչում է մեր Հաղթող Սպարապետին, որը մեզ համար հող պահեց վստահությամբ, որ մենք տեր կկանգնենք այդ հողին, նրանից ուժ կառնենք ու կզորանանք նրա ու միմյանց նկատմամբ սիրով, գիտելիքով ու նվիրումով և կվայելենք Գունավոր Հայքի հարստությունը իբրև հաղթող:

Երբ նորից գաս ինձ հետ հանդիպելու, քեզ կտանեմ Մուշեղի արվեստանոց, ու մենք միասին կհամեմատենք ցուցահանդեսից առաջ և հետո ինչ լինելներս: Ողջ լեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter