
Ալավերդցի վկաները չեն ներկայանում դատարան
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության մեջ մեղադրվող Կամո Շահվերդյանի դատաքննությունը:
Մոսինյանը սպանվել է 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Շահվերդյանին պատկանող քարի արտադրամասում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Ամբաստանյալ Կամո Շահվերդյանին նախաքննող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 34, 104 հոդվածների 2-րդ մասով և 258 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:
«Պաշտպանական կողմը ընդհանրապես մտքովը չի անցկացնում, որ երբևիցե հնարավոր է Կամո Շահվերդյանին դատարանում մեղադրող դատավճիռ արձակեն»,- ասաց Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ թեև դատաքննությունը սկսվել է 2011թ.-ի հոկտեմբերի 4-ից, սակայն անցած ժամանակահատվածում հրավիրված 8 դատական նիստերում քրեական գործով ընդգրկված 20-ից ավելի վկաներից դատարանում ցուցմունք են տվել ընդամենը 3-ը, որոնցից 2-ը Կամո Շահվերդյանի արտադրամասի բանվորներն են:
Դատաքննության վերջին 2 դատական նիստերը հետաձգվել են ամբաստանյալ Ռոմիկ Մոսինյանի դատարան չներկայանալու պատճառով: Ըստ պաշտպան Արսենյանի` Ռոմիկ Մոսինյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառով: Ամբաստանյալ Ռոմիկ Մոսինյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով:
«Հետքը» մինչև դատաքննության սկսվելը, ձգձգվող դատական նիստերի և դատական վերջին 2 նիստերին դատարան չներկայացող իր պաշտպանյալի մասին փորձեց տեղեկություն ստանալ Ռոմիկ Մոսինյանի պաշտպան Ադելինա Հակոբյանից: «Ոչ մի բան չեմ ցանկանում խոսել, գիտեք ինչի համար, որովհետև ուզում եմ իմ պաշտպանյալի հետ համաձայնեցնել, կներեք»,- ասաց պաշտպանը:
Դատական նիստը սկսվեց 1 ժամ ուշացումով` դատարանի որոշմամբ Ռոմիկ Մոսինյանին բերման ենթարկելու պատճառով: Դատական նիստին ներկայացել էր միայն վկա Մխիթար Գիշյանը: Մինչ վկայի հարցաքննությունը, դատավոր Նարինե Մելքոնյանը ամբաստանյալ Ռոմիկ Մոսինյանին հարցրեց, թե ինչու նա չի ներկայացել նախորդ դատական նիստերին: Ռոմիկ Մոսինյանը դատարանին հայտնեց, որ հիվանդ պառկած է եղել:
«Լսում ենք կողմերի կարծիքը Ռոմիկ Մոսինյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ներկայացրել է բժշկի թուղթ»,- ասաց դատավորը: Պաշտպանական կողերը Ռոմիկ Մոսինյանի խափանման միջոցը փոխելու նպատակահարմարությունը թողեցին դատարանի հայեցողությանը:
«Ինձ թվում է բոլորս հասկացանք այս փաստաթղթի իմաստը և ոնց է ձեռք բերվել այս փաստաթուղթը: Ուղղակի այս անգամ դատարանը ևս մեկ անգամ ու վերջին անգամ Ձեր նկատմամբ բարեհաճ վերաբերմունք է դրսևորվում ու Ձեր խափանման միջոցը անփոփոխ է թողնում: Դուք տանն էլ չեք եղել, Ձեր տուն էլ են այցելել և դուք տանը չեք եղել: Ուղղակի այս բժշկական թղթի հետևից էլ չեմ ուզում ինչ-որ վերաբերմունք դրսևորել: Հաջորդ անգամ, եթե կկրկնվի Ձեր նման վերաբերմունքը դատարանի նկատմամբ, Ձեր խափանման միջոցը անմիջապես կփոխվի: Պա՞րզ է»,- ամբաստանյալին ասաց դատավոր Մելքոնյանը:
«Բայց ես հիվանդ եմ եղել»,- արդարացավ ամբաստանյալը:
Դատավոր Մեքոնյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստին բերման որոշում է կայացվել մի քանի վկաների համար, ովքեր այսօր նույնպես չեն ներկայացել դատարան: Դատարան ներկայացած միակ վկայի` Ճանապարհային ոստիկանության հետաքննող սպա Մխիթար Գիշյանի ցուցմունքները գործի համար բացահայտողական որևէ նշանակություն չունեցան: Նա ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում: Վկան դեպքի վայրում լսել է մի քանի տղամարդկանց օգնության ձայն, այդ տղամարդկանց մթության մեջ չի ճանաչել: Վիրավոր Ռոբերտ Մոսինյանի որովայնի շրջանում նկատել է արյուն, սակայն չհիշեց, թե վիրավորին օգնելիս նրան հարցրել է, թե ինչ է պատահել:
Մխիթար Գիշյանը խոստովանեց, որ անփորձության պատճառով միջադեպից վախեցել և խառնվել է, այդ պատճառով էլ մասնագիտական կողմնորոշում չի ցուցաբերել, սակայն մի քանի տղամարդկանց հետ օգնել է վիրավոր երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուն:
«Ես կրկին հարց եմ ուզում ուղղել Ձեզ, այդ պահին դուք ինչո՞ւ որոշակի միջոցառումներ ձեռք չառաք, երբ Ձեր ներկայությամբ հրազենով վիրավորված մարդու բերել են հիվանդանոց»,- հարցրեց դատավորը:
«Ես հետո եմ իմացել, որ վիրավորը հրազենի կրակոցի հետևանք է»,-պատասխանեց Գիշյանը:
«Այդ դեպքում ինչու եք ներկաներին հարցրել. «Բաժին զանգահարե՞լ եք, թե՞ ոչ»:
«Արյուն էի տեսել, դրա համար եմ հարցրել»,- դատավորին պատասխանեց վկա Գիշյանը:
Դատական նիստին այլ վկաներ չներկայացան: Լսելով կողմերին` դատարանը վճռեց դատարան չներկայացած վկաների համար կրկին բերման որոշում կայացնել: Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանից պահանջեց հաջորդ դատական նիստերին գործով ներգրավված բոլոր վկաների ներկայությունը դատարանում ապահովել` ելնելով իր պաշտպանյալի առողջական վիճակից:
Նիստի ավարտից հետո պաշտան Հովիկ Արսենյանը «Հետքին» ասաց, որ հատկապես Ալավերդիում կատարված վերջին սպանությունից հետո վկաները հրաժարվում են ներկայանալ դատարան: «Սա վկաների չպաշտպանված զգալու և վախի դրսևորում է»,- ասաց պաշտպանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել