HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հացիկ գյուղի 33-ամյա նկարչուհին խոսում է «արվեստի լեզվով»

33-ամյա նկարչուհի Գոհար Պետրոսյանն ապրում է Շիրակի մարզի Հացիկ գյուղում։ Մասնագիտությամբ գեղանկարիչ է: Գյուղի իր արվեստանոցում դպրոցահասակ երեխաներին նկարչություն է դասավանդում։

Գոհարը դպրոց է հաճախել Գյումրում, որին զուգահեռ այցելել է նկարչական խմբակի պարապմունքների։ Ավարտելուց հետո ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղ, սովորել գեղանկարչություն, զուգահեռ կուրսի հետ դասերի մասնակցելով՝ սովորել քանդակագործություն։

Գոհարի լսողությունը թույլ է, մոտ երկու տարեկանում ծնողները նկատել են, որ երեխան իրենց ասածներին չի արձագանքում: Փոքր տարիքից իր զգացածն ու պատկերացրածը բացատրելու համար սկսել է նկարել։

Առաջին աշխատանքները տան պատերին կամ մոր պայուսակից գտած թղթերի վրա են եղել:

Նկարչուհին լավ չի տիրապետում ժեստերի լեզվին, այդ պատճառով էլ շփման համար նախընտրում է հաղորդակցման գրավոր տարբերակը, իսկ բանավոր զրույցի համար օգնում են ծնողները, նաև կարդում է շուրթերի շարժումների ու միմիկաների միջոցով:

Գոհարի հետ մեր զրույցը ևս գրավոր ընթացավ:

Նկարչուհին քչախոս է, շատ չի սիրում պատմել իր, ապրումների ու զգացմունքների մասին: Նրա նկարներում ամենից շատ հանդիպում են գյուղական տեսարաններ, նկարչուհին սիրում է տաք ու սառը գույներ օգտագործել, ասում է, որ կախված է տրամադրությունից: Լավ տրամադրության դեպքում նկարում է դեղին ու կարմիր գույների երանգներով, իսկ երբ տխուր է լինում, օգտագործում է կապույտի երանգները:

Ասում է ՝ արվեստի համար խոչընդոտներ չկան, իսկ նկարչության լեզուն օգնում է զգացածն ու ապրումները պատկերավոր ներկայացնել։ «Եթե նկարելուց անկեղծ ու ներշնչված չլինես, դա կլինի ոչ թե գեղանկար, այլ ինչ-որ բանի պատճեն»,- հավելում է Գոհարը:

Պետրոսյանների ընտանիքը բնակվել է Գյումրիում, բայց որպեսզի Գոհարը կարողանա ազատ ստեղծագործել, տեղափոխվել են Հացիկ գյուղ։ «Հիմա տնից դուրս եմ գալիս, բակ եմ գնում կամ գյուղից դուրս գալիս ու սկսում նկարել»,- պատմում է արվեստագետը:

Համալսարանն ավարտելուց հետո Գոհարը Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանում է աշխատել, հուշանվերներ է պատրաստել, հետո որոշել իր սեփական արվեստանոցը հիմնել:

Նկարչուհին հիմա մի աշակերտ ունի, որը գալիս է Գյումրիից:  Գյուղում այս ամիսներին դաշտային աշխատանքների շրջան է, Հացիկից աշակերտ առայժմ չունի, բայց հույս ունի` նորից կգան։

«Աշակերտներիս սկզբում սովորեցնում եմ մատիտ բռնել, հետո նկարել։ Նկարում ենք ազատ թեմաներով, կարդացած հեքիաթների հերոսներին ենք պատկերում: Երբ լավ հմտանում են, անցնում ենք կոմպոզիցիաների, հետո՝ ակադեմիական ծրագրերի»,-պատմում է Գոհարը: Աշակերտների հետ պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպում և աշխատանքները ցուցադրում գյուղից դուրս։ «Աշակերտներիս հետ շփվում եմ արվեստի լեզվով։ Պարապելիս հաշվի եմ առնում նրանց ձգտումը, պարտաճանաչությունը, առաջին աշակերտուհիս շուտով համալսարանը կավարտի»։

Գեղանկարներ անելուց բացի, Գոհար Պետրոսյանը նաեւ հայկական տարազներով փոքր արձանակիրներ, հեքիաթների հերոսներ, Սուրբ ծննդյան թեմայով արձանիկներ է պատրաստում, նկարում կավե սալիկների վրա։

Աշխատանքները հիմնականում վաճառում է հուշանվերների խանութներում։

Գոհարը մեծ ցանկություն ունի երեխաների համար արվեստի կենտրոն հիմնել, որտեղ կսովորեցնեն նկարել և կավի հետ աշխատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter