
Էդուարդ Շարմազանով. «Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը միակարծիք են՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չպետք է կողմ քվեարկել»
Խորհրդարանը շարունակում է հատուկ նիստով քննարկել վարչապետի ընտրության հարցը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթը կառուցեց «չգրված օրենքի» հիման վրա, ըստ որի` իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը՝ քննադատի: Շարմազանովը սակայն ընդգծեց՝ քննադատելու է փաստարկված:
«Երբ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ, ասվում էր, որ Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում, ես հեռու եմ այն մտքից, որ այս վեց ամսվա ընթացքում պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց խոսեմ փաստերով: Ներդրումային միջավայրի մասին՝ առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են, առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդ եռամյսակում՝ 9 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային բում էինք սպասում հեղափոխությունից հետո, անկման տաշտակի առջև կանգնեցինք»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ 2019 թվականին 3,5% գնաճ է նախատեսվում և 0 % աշխատավարձերի բարձրացում, նա անդրադարձավ նաև աշխատատեղերի խնդրին:
«Ինչքա՞ն աշխատատեղեր եք բացել, 10-15 աշխատատեղ բացում եք, Հայլուրը մի շաբաթ ցույց է տալիս, թերթերը, սայթերը… Էն դեպքում, երբ Ալավերդու պղձնաձուլարանը փակման ենթակա է դարձել, ես չգիտեմ` ով է մեղավոր, ով չի մեղավոր, բայց 630 ալավերդցի այսօր կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առջև»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մինչ հեղափոխությունը ՀՀԿ-ի ընդդիմախոսները քննադատում էին իշխող ուժին թե՛ կարմիր գծերի, թե՛ տեսախցիկների համար։
«Հիմա պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք, կամերաներն էլ ոչ թե պետք է փակենք, այլ շատացնենք, էդ ոնց եղավ, բա հեղափոխության շրջանում ձեր կողմնակիցները, հազար ներողություն, իրենց ներքնաշորերով կամերաներն էին փակում, դրանով բողոք էին արտահայտում, որ կամերաները պետք չեն»,- ասաց նա:
Շարմազանովը, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց։
«Գնում եք Գումի շուկա, լավ եք անում, չնայած ես կարծում եմ, որ գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետը պետք է աներ, բայց որ պոմիդորի ու վարունգի գինը հարցրեցիք, դրանից հետո ժողովուրդն ավելի էժա՞ն առավ, թե՞ ավելի թանկացավ», -ասաց նա:
Շարմազանովն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ երբ ՀՀԿ-ականները քննադատում են, Նիկոլ Փաշինյանը փորձում է հակադարձել՝ բա չէ, ձեր նման վիզը ծուռ քաղաքականություն:
«Եթե վիզը ծուռն այն է, որ Հայաստանը ԵՏՄ է մտել, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոն է ունեցել և ունի, ԵՄ-ի հետ համաձայնագիր է կնքել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ ԵՄ անդամ երկրները պետք է ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, ձեր հպարտ վզով քաղաքականությունն էլ տեսանք: Բոլթոնն եկավ ասեց ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք, ո՞րն է պատմական կաղապարը՝ ավանդական հայ ընտանիքը, քրիստոնեական արժեքները, ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը»,- ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ նոյեմբերի ութին Աստանայում քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, և հույս հայտնեց՝ վարչապետն ամեն ինչ կանի, որպեսզի նախագահությունը կրկին Հայաստանինը լինի: Շարմազանովը կատակեց՝ այդ օրն իր ծննդյան օրն է, ուստի եթե նախագահությունը կրկին Հայաստանինը լինի, ապա դա կհամարի որպես նվեր:
«Թավշյա հեղափոխությունից վեց ամիս անց կես կատակ, կես լուրջ կարող եմ ասել, որ սերն ու համերաշխությունը հաղթել են, այսօր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը միակարծիք են՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չպետք է կողմ քվեարկել»,- ասաց նա՝ հավելելով, որ չի մասնակցելու քվեարկությանը:
ԱԺ փոխխոսնակը նաև շնորհակալություն հայտնեց իր խորհրդարանական գործընկերներին համատեղ աշխատանքի համար, նաև՝ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած գործիչներին:
Մեկնաբանել