
2019-ին կանխատեսվում է 4,9% տնտեսական աճ. ներկայացվեց պետական բյուջեի նախագիծը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Տեղեկացնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա չէր բյուջեի նախագծի քննարկմանը, չնայած որ նրա ներկայությունը նախատեսված էր:
Նախագծի ֆինանսական ցուցանիշները ներկայացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նախագծի` 2019 թվականին կանխատեսվում է 4,9% տնտեսական աճ:
2019 թվականին կանխատեսվում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում ներդրումային ակտիվության աճ, ինչի արդյունքում սպասվում է ներդրումների շուրջ 6.1% իրական աճ: Ինչ վերաբերում է արտահանման կանխատեսումներին, ապա արտաքին պահանջարկի աճի պայմաններում կանխատեսվում է արտահանման 8.0% իրական աճ, իսկ տնօրինվող եկամտի աճի պայմաններում՝ ներմուծման շուրջ 7.0% իրական աճ:
2019 թվականի պետական բյուջեում եկամուտները կազմում են 1 տրիլիոն 533 միլիարդ 6 միլիոն դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 685 միլիարդ 2 միլիոն դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151 միլիարդ 6 միլիոն դրամ:
Մեկնաբանել