HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Առաջարկ նախարարին». ընթերցողներին պատասխանում է Էրիկ Գրիգորյանը

«Հետք»-ը «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակում հարցաթերթի միջոցով մոտ 200 առաջարկներ և հարցեր է ստացել` ուղղված նորանշանակ նախարարներին: Ներկայացնում ենք ընթերցողների` բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին ուղղած հարցերը և առաջարկները պատասխաններով:

Է. Գրիգորյանը չի պատասխանել 9 հարց/առաջարկի: Ըստ նախարարությունից մեզ տված պարզաբանման` դրանց լուծումը ԲՆ-ի իրավասությունների շրջանակում չէ: 

Նախարարին ուղղված առաջարկների մեծ մասը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Մեծ թիվ էին կազմում նաև ապօրինի ծառահատումներին և կանաչապատ տարածքների պահպանությանը վերաբերող հարցերը։ 

Նույն թեմային առնչվող հարց/առաջարկները հիմնականում միավորել ենք։

Կան նույն թեմային առնչվող, բովանդակությամբ փոքր-ինչ տարբեր գրառումներ, որոնք բոլորը ուղարկվել են նախարարին՝ առավել ամբողջական պատասխան ստանալու ակնկալիքով։


«Ջերմուկի և առհասարակ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը չի ուզում Ամուլսարի հանքի շահագործումը»

  • Բարև Ձեզ, պարոն Գրիգորյան: Ամուլսարի հետ կապված՝ բնության վրա հանքի շահագործման հնարավոր ազդեցության էքսպերտիզան խնդրում եմ չվստահել Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան կենտրոնի» գիտաշխատողներին: Կանխավ շնորհակալ եմ։

  • Պարոն նախարար, եթե Ամուլսարը դառնա հանք, կվերանա Ջերմուկ առողջարանային քաղաքը, կթունավորվեն Արփա և Որոտան գետերի ջրերը, որոնք էլ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների միջոցով հասնում են Սևանա լիճ։ Դե իսկ Սևանա լճից էլ ոռոգման նպատակով՝ Արարատյան դաշտ։ Առաջարկում եմ կանխել Ամուլսարի ծրագիրը:

  • Ամուլսարի շահագործումը բոլորիս խնդիրն է: Չքամել մեր ապագան:

  • Փակել Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը՝ անկախ նրանից, թե որքանով է այն անվտանգ։ Ջերմուկի և առհասարակ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը չի ուզում այդ հանքի շահագործումը։

Է. Գրիգորյան - Վարչապետի 20.07.2018թ.-ի N986-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խումբ, որը ղեկավարում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ա. Գրիգորյանը:

Աշխատանքային խմբի նպատակն է փաստահավաք գործունեության միջոցով  ընդերքօգտագործման ոլորտում աշխատող ընկերությունների գործունեության, նախագծային և այլ փաստաթղթերի դիտազննության հիման վրա գնահատել այդ գործունեության սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունները, վեր հանել հանքարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական, առողջապահական ռիսկերը և խնդիրները:

Պահպանելով շահագրգիռ կողմերի ներկայացվածության հավասարակշռությունը՝ աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել և իրականացվող աշխատանքներին օժանդակել քաղաքացիական հասարակության, ազդակիր համայնքի և դիտազննության օբյեկտ հանդիսացող ընկերության ներկայացուցիչներ:

Աշխատանքային խմբի գործունեությունը բաց է զանգվածային լրատվության միջոցների լուսաբանման համար: Ամուլսարի հանքավայրում կատարվող աշխատանքները նույնպես հանդիսանում են վերոնշյալ աշխատանքային խմբի դիտազննության օբյեկտ, ինչի վերաբերյալ աշխատանքային խումբը վարչապետի 20.07.2018թ.-ի N 986-Ա որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացրել է ամփոփ հաշվետվություն և եզրակացություն Ամուլսարի հանքավայրում կատարվող աշխատանքների  վերաբերյալ:


«Արփի լիճ» ազգային պարկը «վերածվում է փոքր աղբանոցների»

  • Բարև Ձեզ պարոն նախարար, ներկա պահին «Արփի լիճ» ազգային պարկի լճից բաց է թողնվում բավականին մեծ քանակի ջուր` չնայած նրան, որ տարին սակավաջուր էր: Լիճը չի եկել իր նախնական չափին և գումարած դրան՝ սկսվել է ձկնկիթը և ջրլող թռչուների ձվադրումը. արդյո՞ք ջրի վաղաժամկետ բացթողումը չի հանգեցնի ձկների և մնացած էկոհամակարգի վատթարացմանը: Ջրային տնտեսությունը պատճառաբանում է, որ պատնեշը չի դիմանա: 2017թ. կատարվել է պատնեշի վերանորոգում: Կա մտավախություն, որ ջրթողումը կատարվում է Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-ի համար:

  • «Արփի լիճ» ազգային պարկի հարակից համայնքներում իսպառ բացակայում է աղբահանությունը: Պարկը վերածվում է փոքր աղբանոցների: Համայնքը ոչինչ չի ձեռնարկում այդ հարցում, բայց ունի բավականին տեխնիկա և ներուժ աղբահանություն համար: Ի՞նչ միջոցներ եք նախաձեռնելու:

Է. Գրիգորյան - 2018թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ «Արփի լիճ»  ջրամբարից ջրի բացթողումը եղել է 1 մ3/վ, ինչը չի գերազանցում անցած տարվա նույն ժամանակահատվածի ջրամբարից ջրի բացթողումը:

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լճից ջրի բաց թողնման բացասական ազդեցության մասին հարցը բազմիցս բարձրացվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեում, որը կարգավորում է լճից ջրի բացթողումը: Արփի լճի ջրի անարդյունավետ օգտագործումը և լճի մակարդակի անընդհատ տատանումները կարող են հանգեցնել հանդիպող կենդանատեսակների բնակմիջավայրերի փոփոխության, ինչը կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներից է և բացասաբար կանդրադառնա ինչպես ձկնային պաշարների, այնպես էլ թռչնաֆաունայի բնականոն կենսակերպի վրա:

Լճի ծավալի 10 մլն մ3 ավել իջեցման դեպքում ծածանի, ինչպես նաև այլ բնիկ ձկնատեսակների բնական վերարտադրությունը խաթարվում է: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքն աչքի է ընկնում յուրօրինակ և հարուստ բուսական աշխարհով, այդ թվում և ջրաճահճային բուսականությամբ:  «Արփի լճում» գտնվող կղզիները բնադրավայր են հանդիսանում էնդեմիկ հանդիսացող հայկական որորի և Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր ցուցակում գրանցված վարդագույն հավալուսնի ու գանգրափետուր հավալուսնի համար:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ջրի նվազագույն մակարդակը պահպանվի 17-20 մլն մ3, որպեսզի կղզիները չվերածվեն թերակղզու և չդառնան բնադրավայր գիշատիչ կենդանիների համար: Հակառակ դեպքում շատ թռչուններ կդադարեն բնադրել այդտեղ: Ոռոգման և էներգետիկ նպատակներով Արփի լճի ջրի անխնա օգտագործումը, լճի մակարդակի տատանումները կարող են հանգեցնել լճի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը, լճի և դրա շրջակա տարածքների բույսերի տեսակային կազմի և քանակների փոփոխությանը:

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից համայնքներում աղբահանության խնդիրների լուծումը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է։ Աղբահանության պայմանագիր կնքելու նպատակով ՊՈԱԿ-ը դիմել է համայնքապետարանին։ ՊՈԱԿ-ի տարածքում պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կուտակված աղբը տեղափոխվում է համայնքապետարանի կողմից առաջարկված վայր, որը ծառայում է որպես աղբավայր։


Անօրինական ծառահատումներ և կանաչապատ տարածքներ

  • Պարոն նախարար, լրջագույն խնդիր է անօրինական ծառահատումների իրականացումը: Առաջարկում եմ հնարավորինս արդյունավետ մեթոդներ և տարբերակներ կիրառել այդ երևույթների կանխարգելման և պայքարի հարցում՝ կիրառելով ժամանակակից օդային վերահսկողության տեխնիկական միջոցներ ընդhուպ մինչև արբանյակային տեսնկարահանում և արագ արձանգանքման մեխանիզմների ներդրում:

  • Պարոն նախարար, Հայաստանի անտառները և կանաչ տարածքները գտնվում են ողբալի վիճակում: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ սպանդը կանխելու և երկիրը կանաչապատելու գործում:

Է. Գրիգորյան -  ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 30-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ՝ հավանության է արժանացել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը և անտառային ոլորտի բարեփոխումների ռազմավարության միջոցառումների  ցան­կը, որով նախատեսվում են անտառների պահպանության, նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների ներդրմանն ուղղված միջոցառումներ: Վերջին տարիներին «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոնը» հնարավորություն ունի անօդաչու թռչող սարքի (դրոն) կիրառմամբ ուսումնասիրություններ կատարել, ինչպես նաև տրամադրել արբանյակային պատկերների վերծանման արդյունքների գնահատման և վերլուծության վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համադրումը դաշտային ուսումնասիրությունների հետ նպաստում է անտառային տարածքներում ապօրինի ծառահատումների բացահայտման աշխատանքների արդյունավետությանը։

Անտառային ոլորտը ներկայում գտնվում է բարեփոխումների գործընթացում։ Առաջին փուլում կատարվել են ինստիտուցիոնալ փոփոխություններ, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գտնվող անտառային տարածքները կառավարվում են մեկ լիազորված մարմնի՝ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի կողմից։ Այդ բարեփոխումների համատեքստում նախատեսվում է ստեղծել հզորություններ անտառների պահպանության գործառույթներում, կիրառել ժամանակակից տեղեկատվական գործիքներ։

«Երկրի կանաչապատման»՝ Ձեր մտահոգության վերաբերյալ հայտնում եմ, որ ընդունվել  է կառավարության 08.02.2018թ. N108-Ն որոշումը, որով կարգավորվում են բնակավայրերի կանաչ գոտիներին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ սահմանված են քաղաքային և գյուղական բնակավայրերի կանաչ գոտիների չափերը` ըստ բնակավայրի տարածքի, կանաչ գոտիների տեսակները և կանաչապատման տարրերի տեսակային կազմն` ըստ գոտիականության, ինչպես նաև կանաչ գոտիների  պահպանությանն ու արդյունավետ օգտագործմանը ներկայացվող պահանջները: Իրավական ակտի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի բարեկարգման, վերակառուցման և նոր կառուցվող բնակավայրերի նախագծման աշխատանքների վրա:

  • Առաջարկում եմ պատրաստել օրենքի նախագիծ, որով կսահմանվի ծառեր աճեցնելու պարտականությունը ծառահատման դեպքում: Այդ պարտականությունը պետք է վերաբերվի ոչ միայն անհատներին և կազմակերպություններին, այլ նաև համայնքներին, մասնավորապես՝ քաղաքներին:

Է. Գրիգորյան - Ծառահատման դեպքում, ծառեր տնկելու պարտավորությամբ պայմանավորված սահմանվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N1045-Ն որոշման 8.1–րդ կետի, պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքներ իրականացնելուց առաջ դիմումատուն պետք է ներկայացնի անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր, ինչը ներառում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծ և անտառապատման ժամանակացույց:

  •  Առաջարկում եմ պատրաստել օրենքի նախագիծ, որը կպարտադրի յուրաքանչյուր բնակավայրի բոլոր ծառերը (օրինակ՝ մեկ մետր բարձրության վրա առվազն 40 սմ պարագիծ ունցող) ամեն տարի հաշվառել, համարակալել, հրապարակել՝ նշելով տարբեր պատճառներով վերացած ծառերի քանակը, և հայտնել նախարարություն: Ծառահատման թույլտվություն շնորհելու դեպքում այն պարտադիր հրապարակել նախատեսված ծառահատումից 1 ամիս առաջ:

Է. Գրիգորյան - Վայրի բուսական  աշխարհի հաշվառումը կարգավորվում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ բուսական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար` ոչ ուշ, քան տասը տարին մեկ անգամ:  

ՀՀ կառավարության 13.08.2009թ. N974-Ն որոշմամբ՝ հաստատվել է «ՀՀ բուսական աշխարհի պետական հաշվառման» ծրագիրը: Ինչ վերաբերում է անտառային տարածքներին, ապա նմանատիպ գործընթացը կարգավորվում է ՀՀ անտառային օրենսգրքով, որի համաձայն՝ անտառների պետական հաշվառումն անտառային տնտեսության վարման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների գրանցումն է, ինչն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ:


Ալավերդի քաղաքի բնակիչ. «[Իմ] օրը սկսվում և ավարտվում է գործարանի արտանետած թունավոր նյութերով»

  • Ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում անել հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի պատճառած սարսափելի վնասները կանխելու համար, ի՞նչ նորագույն տեխնոլոգիաներ կներդրվեն մարդկանց կյանքն ու բնությունը փրկելու համար:

  • Հարգելի պարոն Գրիգորյան, ես Ալավերդի քաղաքի բնակիչ եմ, ում օրը սկսվում ու ավարտվում է գործարանի արտանետած թունավոր նյութերով: Եթե մեկ օր, հատկապես՝ ամպամած օր, անցկացնեք մեր քաղաքում, կհասկանաք, թե ինչ է նշանակում այստեղ ապրելը: Էլ չեմ ասում, որ քաղցկեղի դեպքերի գրանցմամբ Ալավերդին մեր երկրում «ամենապատվավոր» տեղում է: Խնդրում եմ, հետևողական եղեք: Մի քանի դրամ ու քայքայված առողջություն բանվորներին տալով ու սեփական գրպանը միլիոններով լցնող մոսկվացու հետ լուրջ խոսեք, պարտադրեք՝ գոնե գործարանը շահագործեն այնպես, որ մարդկանց ու բնությանը չվնասեն: Այն քիչ թե շատ օգնությունները, որ գործարանը հատկացնում էր քաղաքին (մանուկներին ու ծերերին սնունդ, բյուջե գումար փոխանցել, ճոպանուղու գործարկում և այլն), ամբողջովին վերացել է: Ամենաթող վիճակում է Հայաստանի ամենասիրուն քաղաքներից մեկը, չի կարելի: Շնորհակալություն:

Է. Գրիգորյան - Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որպես անշարժ արտանետման աղբյուրներ ունեցող կազմակերպություն, կարող է իրականացնել գործունեություն՝ արտանետման չափաքանակների /արտանետման թույլտվությունների/ առկայության դեպքում: Արտանետման չափաքանակները տրվում են կազմակերպություններին բնապահպանության նախարարության կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ալավերդու գործարանի դեպքում այն տրվում է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա՝ 5 տարի ժամկետով:

Վերջին անգամ գործարանը դիմել է բնապահպանության նախարարություն՝ ժամանակավոր արտանետման չափաքանակներ ստանալու խնդրանքով, ինչը բավարարվել է 20.03.2013թ. և ուժի մեջ էր մինչև 07.10.2017թ.: Ժամանակավոր չափաքանակները տրվել էր՝ հիմք ընդունելով  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքը, որտեղ հստակ նշված է, որ այն տրամադրվում է ժամանակավորապես՝ հաշվի առնելով ներկայացված արտանետումների կրճատման միջոցառումների ծրագիրը: Սակայն, գործարանը չի կատարել ծծմբային անհիդրիդի արտանետումները մինչև 90% նվազեցմանն ուղղված բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումը:

23.09.2016թ. նա դիմել է ՀՀ վարչապետին՝ ընկերությանը նախկինում տրված արտանետման թույլտվությամբ սահմանված ժամանակավոր չափաքանակները ևս 5 տարով երկարեցնելու խնդրանքով: Այս հարցը համալիր քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների հետ և ընկերությանը 09.12.2016թ. N 1/19.3/12605-16 գրությամբ առաջարկվել է համապատասխան գերատեսչություն ներկայացնել ներդրումային ծրագիր, որտեղ տրված կլինեն ընկերության կողմից փաստացի արտանետումների հետ կապված խնդիրների լուծումները, սակայն մինչ օրս նման նախագիծ չի ներկայացվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։


Այլ առաջարկներ

  •  Առաջարկում եմ վերանայել 01․01․18թ-ից ուժի մեջ մտած, «Հարկային օրենսգրքով» սահմանված արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը։ Նախկինում դա 750 դրամ էր՝ անկախ մեքենայի հզորությունից, իսկ նոր օրենսգրքով դարձել է ըստ հզորության։ Իմ դեպքում՝ նախկինում ես վճարում էի 750 դրամ տարեկան, իսկ հիմա պետք է վճարեմ 9625 դրամ։ Հասկացանք գումարի ավելացում, բայց մոտ 13 անգամ ավելացումը պարզապես անխղճություն է։

Է. Գրիգորյան - 2018 թվականի հունիսի 21-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը /տես՝ ՀՕ-338-Ն հոդված 41-ում/, որով սահմանվում են նաև արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի նոր՝ ավելի ցածր դրույքաչափեր:

  • Առաջարկում եմ պատրաստել օրենքի նախագիծ, որը խիստ բնապահպանական նորմեր կմտցնի բնակավայրերի կառուցապատման գործընթացում: Մասնավորապես, օրենքով կարող է սահմանափակվել առավելագույն կառուցապատված տարածքի տոկոսաչափը, որը գերազանցելու դեպքում չի թույլատրվի հողային տարածքներ ծածկել: Խոշոր քաղաքներում կարող են սահմանվել բնապահպանական գանձումներ՝ կախված տարածքում պահպանված բնությունից (օրինակ՝ ծառերի քանակից և չափերից, խոտածածկ տարածքից և այլն):

Է. Գրիգորյան - Երևան քաղաքի շրջակա միջավայրի բարելավման, բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ ստեղծելու և ըստ գործառնական նշանակության արդյունավետ կանաչ տարածքներ ունենալու համար բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է իրականացնել առկա իրավիճակի վերլուծություն, գնահատում և առաջարկությունների ձևավորում (այդ թվում՝ իրավական դաշտի վերանայում) և հետագա ընթացքի ապահովում։

Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N108-Ն որոշմամբ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ քաղաքաշինության բնագավառին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը և մի շարք նախատեսվող գործունեություններ ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, ինչի ընթացքում էլ դիտարկվում է քաղաքաշինության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, գնահատվում են կառուցապատման ընթացքում շրջակա միջավայրին  հասցվող հնարավոր վնասները, ռիսկերն ու օգուտները:

  • Հաշվի առնելով, որ ցանկացած կառուցապատող կարող է սնանկանալ, առաջարկում եմ օրենքի նախագիծ պատրաստել՝ ներմուծելով ռեկուլտիվացիոն ֆոնդի գաղափարը բոլոր շինությունների համար:

Է. Գրիգորյան - Քաղաքաշինության արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման նպատակով ռեկուլտիվացիոն ֆոնդերի ստեղծման հարցը կքննարկվի քաղաքաշինության պետական կոմիտեի հետ, որը համաձայն գործող օրենսդրության՝ մշակում է քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ուրբանիզացիայի բացասական հետևանքների նվազեցմանը նպատակաուղղված ծրագրեր:

  • Առաջարկում եմ արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների վաճառքը, առնվազն մինչ աղբահանության խնդիրը կլուծվի մարզերում։ Մեկանգամյա օգտագործման համար առաջարկել թղթյա փաթեթներ կամ փոխարենը բազմակի օգտագործման (հաստ նյութից) ոչ անվճար ամուր պլաստիկ փաթեթներ։

Է. Գրիգորյան -  Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է  մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթների և տարաների օգտագործումը կրճատելու և այնուհետև արգելելու գործընթացը։ Այս նախաձեռնության շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել բնապահպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հանրապետության խոշոր առևտրային ցանցերի՝ ռեստորանների և սուպերմարկետների պատասխանատուների, ինչպես նաև արտադրողների հետ։

Գործընթացին զուգահեռ  սկսվել է նաև իրազեկման բազմաճյուղ միջոցառումների իրականացումը՝ անիմացիոն և ոչ անիմացիոն սոցիալական գովազդների պատրաստման, իրազեկման դասընթացների և արշավների նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցով։ 

  •  Հարգելի Էրիկ Գրիգորյան, վերջին տարիներին Հայաստանում փակվել են մեծ քանակությամբ մանր գետեր փոքր հէկերի պատճառով, որի հետևանքով ոչնչանում է կենսական ու բնական յուրօրինակ աշխարհը: Մեր Հայաստանի բնությունը յուրօրինակ է իր «չձեռքտրվածությամբ»: Իմ հարցը հետևյալն է, ի՞նչ եք Դուք ձեռնարկելու, որպեսզի փակվեն մանր հէկերը ու պահպանեք Հայաստանի բացառիկ բնությունը իր կենդանական ու բուսաբանական աշխարհով: Շնորհակալություն:

Է. Գրիգորյան - Կառավարության 2018թ. հունվարի 25-ի N57-Ն որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել բնապահպանական թողքի հաշվարման մեթոդիկայում, ինչի վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել բոլոր փոքր հիդրոէլեկտրակայաններին:

2018թ. կառավարության մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 6-րդ կետով՝ հավանության է արժանացել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը, որով շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով սահմանվել են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար չափորոշիչները:


Անպատասխան առաջարկները

  • Պարոն նախարար, թույլ մի տվեք Սևանի աղտոտում տարբեր թափոններով և խստիվ պահպանեք ջրային ռեսուրսները: Դա ապագայի ամենակարևոր պրոդուկտն է:

  • Պարոն Գրիգորյան, առաջարկում եմ խստացնել հանքերի վերահսկողությունը Սյունիքում և Ալավերդիում։

  • Առաջարկում եմ չեղարկել Երևանյան լճի մայթամերձ հատվածի վաճառքը և թույլ չտալ մեր քաղաքացիների՝ աչք շոյող միակ լճի տեսարանը փակել ինչ-որ կառույցով, ավելին՝ օդանավակայանից Երևան մտնող հյուրերի համար էլ տեսարանը գեղեցիկ է:

  • Պարոն Գրիգորյան, առաջարկում եմ օրենքով սահմանել, որ հասարակական ծառայություններ (սնունդ, հանգիստ, գիշերակաց) մատուցող օբյեկտները պարտադիր պետք է ապահովեն մաքրությունը նաև իրենց շրջակա տարածքում, որի չափերը կախված կլինեն իրենց զբաղեցված տարածքի չափից և/կամ եկամուտներից:

  • Առաջարկում եմ խստացնել տուգանքները որսագողության և ծառահատման դեպքերում:

  • Առողջապահության նախարարության հետ համատեղ առաջարկեք նվազեցնել ԱԱՀ-ն՝ գազալցակայաններում լիցքավորված գազի վրա, քանի որ զազը էկոլոգիապես ավելի մաքուր վառելիք է, քան բեզինը և դիզելը:

  • Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել աղբահանության վերամշակման ուղղությամբ։ Մարզերում աղբահանության գործընթացը ե՞րբ է վերջապես համապատասխանելու էլեմենտար բնապահպանական նորմերին։ Ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի քաղաքացիները դադարեն աղբ նետել բնական միջավայր։ Ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի ծանր մետաղները չներթափանցեն մշակելի հողերի մեջ ու չվնասեն շրջակա միջավայրը, հատկապես՝ քաղաքացիների առողջությանը։ Շնորհակալություն:

  • Առաջարկում եմ պարտադրել մեծ համայնքներին աղբահանություն կազմակերպել հարակից հանգստյան վայրերում:

  • Առաջարկում եմ օրենքի նախագիծ պատրաստել, որը նպատակ կունենա լրացուցիչ հարկերի միջոցով խոչընդոտել բնապահպանական նշանակություն ունեցող տարածքների՝ այլ նպատակներին ծառայեցնելը: Օրինակ՝ կարելի է սահմանել, որ եթե տարածքը բնակավայրի գլխավոր պլանում նախատեսված է որպես կանաչապատ տարածք, ապա այդ տարածքում գործող կազմակերպություններից լրացուցիչ հարկ է գանձվում (օրինակ՝ 20% ԱԱՀ-ի փոխարեն 40% ԱԱՀ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter