HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հացիկի դպրոցի տնօրենը մեղադրյալ է՝ աշխատակիցների բողոքի հիման վրա

Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Գայանե Վարդանյանը, նույն դպրոցի խոհարար Նելլի Մնացականյանը և դպրոցում փաստացի որպես պահակ աշխատող Բաղդասար Հակոբյանը դեռևս այս տարվա հուլիսի 3-ին Արմավիրի մարզպետին դիմում-բողոք են ներկայացրել՝ ընդդեմ տնօրեն Տաթևիկ Մկրտչյանի: Դրա հիման վրա նախապատրաստվել են նյութեր և 24.07.2018թ. հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնական լիազորությունները չարաշահելը շորթմամբ կաշառք ստանալը), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Գայանե Վարդանյանի լրացուցիչ դիմումի հիման վրա հուլիսի 30-ին հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (յուրացնելը կամ վատնելը): Երկու քրեական գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում: Վերջին քրեական գործը վերաբերում է նրան, որ ըստ ոստիկանության ձեռք բերած տվյալների, Տ. Մկրտչյանը ներառական կրթության ոլորտի աշակերտներից Հ. Հ-ին հատկացված սննդի փաթեթների գումարը՝ 121.240 դրամը, 2017-2018թթ. ընթացքում յուրացրել է:

Գայանե Վարդանյանը Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է աշխատում արդեն 27 տարի: Նրա խոսքերով՝ իրենց դպրոցում տարիներ շարունակ տնօրենների կողմից պաշտոնի չարաշահում է եղել: Սկզբում այդ պաշտոնը զբաղեցրել է ներկայիս տնօրենի հայրը՝ Համլետ Մկրտչյանը, սակայն, ըստ Գայանե Վարդանյանի, «ժառանգաբար գահը փոխանցվել է դստերը», և ոճը մնացել է նույնը: Ուսուցչուհու խոսքերով, ամեն ինչ հնարավոր է հանդուրժել, սակայն երբ տարիների վաստակ ունեցող ուսուցչին տնօրենը փորձում է իր պաշտոնը չարաշահելով ոտնահարել, այլևս չի կարող լռել:

Գայանե Վարդանյանն ասում է, որ Տաթևիկ Մկրտչյանը մանկավարժական խորհրդի նիստերի ժամանակ բազմիցս ձեռքը խփել է սեղանին և բարձրաձայնել, որ այստեղ ուսուցիչ չկա:  «Ես դա չկարողացա կուլ տալ: Ճնշումը թե´ աշակերտների վրա, թե´ կոլեկտիվում, ահավոր է: Երբ այդ ամենը ծանր ու թեթև արեցի տարիների խորքից, հասկացա, որ պետք է իր նմանները պատժվեն օրենքի առաջ»,- հայտարարեց Գ. Վարդանյանը:

Ուսուցչուհին ասում է, որ երբևիցե չի ձգտել որևէ պաշտոնի, այդ թվում՝ դպրոցի տնօրենի, թեև առաջարկներ ստացել է: Գայանե Վարդանյանի խոսքով՝ Հացիկի դպրոցում դժգոհությունները մի քանի ամիս է, ինչ գլուխ են բարձրացրել: Ինքը և դպրոցի այլ աշխատակիցներ այդ մասին գրավոր տեղեկացրել են, թե Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանին, թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպել է ԿԳՆ փոխնախարար Լուսինե Առաքելյանին: Գրություններ է ուղարկել Ազգային ժողով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ոչ մի պաշտոնյա չի բարեհաճել գալ դպրոց և տեղում տեսնել, թե ինչ է կատարվում, խոսել մանկավարժների հետ և լուծումներ առաջարկել:

Օրեր առաջ Հացիկի դպրոցի մասին հրապարակումով է հանդես եկել կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը: Դրանից հետո միայն մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանը հոկտեմբերի 23-ին մարզպետարանի այլ աշխատակիցների հետ եկել է դպրոց և իրականացրել փաստաթղթային ստուգում: «Քանի որ ես դիմումատուն եմ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու մասնակից չեմ դառնում նաև ես: Առաջին օրը տիկին Բուդաղյանն ինձ տեսավ և ասաց, որ այսօրվանից ստուգումները սկսվում են, և այդ խնդրին մեկընդմիշտ վերջակետ կդնեն: Ասաց, որ մի քանի օր կլինեն մեր դպրոցում: Չի ասվել, որ ստուգումները մարզպետարանում են շարունակվելու: Ասաց, որ պարբերաբար կզրուցեն ինձ հետ, այդքանը»,- ասում է Գայանե Վարդանյանը:

Նա կասկածներ ունի ոչ այնքան քննությունը ճիշտ չկատարելու հարցում, քանի որ այդ ստուգումներից հետո հնարավորություն կա այլ ստուգումներ իրականացնելու: Ուսուցչուհին ասում է, որ պարզ չէ, թե ինչու է մոտ 3 ամիս մարզպետարանը հապաղել:  Գայանե Վարդանյանը նշում է, որ ամառային արձակուրդի օրերին աշխատակազմի 90 %-ը տնօրենի հրամանով աշխատել է գիշեր ու ցերեկ: «Ես չգիտեմ, թե ինչ էին անում: Թուղթ էին գրում, թուղթ էին ջնջում, գիշերով տաքսիներով թուղթ էին տանում: Սրանք բոլորը փաստեր են ու կարող է վկայել և պահակը, և հարակից տների բնակիչները»,- ասում է Գ. Վարդանյանը:  

Ուսուցչուհին ասաց, որ 2016-2017թթ., երբ Տաթևիկ Մկրտչյանը նշանակվել է տնօրեն, նա աշխատակազմին ասել է, որ բյուջեում գումար չկա և չի կարող վարձատրել մեթոդմիավորման, գրավոր աշխատանքների, դասղեկության, կաբինետի համար: Գ. Վարդանյանն ասում է, որ ըմբռնումով մոտեցողներից մեկն էլ ինքն է եղել, սակայն վերջում պարզվել է, որ այն ժամանակահատվածում, երբ իրենք աղքատիկ աշխատավարձով ապրում էին, տնօրենն իր հորը դարձրել է իր օգնականը, և բյուջեից երկուսով մոտ 6 մլն դրամի չափով գումար են ստացել: Սա այն դեպքում, երբ տնօրենի օգնականի հաստիք գոյություն չունի: Ուսուցչուհու ասելով՝ այդ ժամանակահատվածում ամսական միայն 300 հազար դրամ աշխատավարձ է ստացել: Տնօրենի հայրը աշխատել է մոտ 1,5 տարի, այս տարի արդեն չի աշխատել:

Գ. Վարդանյանն ասաց, որ ընտանիքից 8-10 անդամ աշխատում են դպրոցում, այդ թվում՝ բարեկամները: Դպրոցում են աշխատում տնօրենի մայրը, քույրը, մորաքրոջ, քեռու հարսները, մի ժամանակ նաև քրոջ աղջիկն է աշխատել: Գայանե Վարդանյանն ասում է, որ թեև անցել են ընդհանուր կրթության, սակայն անհասկանալիորեն դպրոցում աշխատում են ներառականի 8 ուսուցիչներ:

«250-260 աշակերտական կազմ ունեցող դպրոցում ներառել է 43 աշակերտ, որպես ներառականի կարիք ունեցող: Սա ուղղակի զավեշտ է: Թիվն ուռճացված էր: Բա ու՞ր են հիմա այդ ներառականի երեխաները: Այդ բոլորն արվել են փողերը լվանալու համար: Այս դպրոցում նման 3-4 աշակերտ էլ չկա: Հիշում եմ, երբ նախնական փուլում դասարաններով ընկած աշակերտ էին գրում, մի օր հարցրի նախկին ուսմասվարին, թե ինչու է ինքն անձամբ անում, երբ ուսուցիչները կարող էին անել: Պատասխանեց, թե ցանկանում է որպեսզի մեզ մոտ էլ ներառական կրթություն լինի: Նոր եմ հասկանում նրա արտահայտության իմաստը, ուտելու փող էր պետք, և դա շատ լավ միջոց էր»,-ասում է Գայանե Վարդանյանը:

Տնօրենի դեմ դիմում է գրել նաև դպրոցի խոհարար Նելլի Մնացականյանը: Նա էլ պատմեց, որ իր ձեռքից տնօրենը 2016թ.-ին խաբելով 1000 դոլար է վերցրել, որպեսզի շարունակի դպրոցում աշխատել որպես ներառականի խոհարար:

«Այդ գործն ինձ շատ էր անհրաժեշտ: Ստիպված վարկ եմ վերցրել, տվել եմ այդ 1000 դոլարը, որպեսզի գործից չհեռացնեն, քանի որ ուսանող ունեի, կոմունալ վճարները դրանով էի փակում: Գյուղացի ենք, ամբողջ ձմեռ նստում ենք, ամառը գալիս է՝ նոր ենք հողագործությամբ զբաղվում»,- ասում է խոհարարը: Տիկին Նելլին մինչ այդ էլ աշխատել է դպրոցում որպես խոհարար: Այն ժամանակ վարձատրությունը եղել է սննդամթերքով: Իսկ, երբ ներառական ուսուցում եղավ դպրոցում, աշխատել է ներառականի խոհարար, այնտեղից ստացել է 54,000 դրամ աշխատավարձ:

«Երևի տնօրենն օգտվեց իմ բարի և խոնարհ բնավորությունից, տեսավ, որ ինչ-որ ձևով հնարավոր է դրա համար էլ գումար կորզել, կանչեց կաբինետ և ասաց, որ ներառականի ուսուցիչները ստանում են 70-80 հազար դրամ աշխատավարձ, իրենք էլ են դրա համար գումարներ տվել, դու էլ ստանում ես 54,000 դրամ, մարզպետարանի կրթության վարչության պետը դրա համար 1000 դոլար է ուզում: Ժամանակ եմ խնդրել, որ գումարը գտնեմ, քանի որ հողից բացի այլ եկամուտ չունեմ»,- ասում է Ն. Մնացականյանը:

Խոհարարը պատմեց, որ գումարը տալուց հետո վիրավորված է եղել, քանի որ խիստ անհրաժեշտ աշխատանքը չկորցնելու համար վարկի տակ է ընկել: Նելլի Մնացականյանի ասելով՝ համբերության բաժակը լցվել է, երբ համագյուղացիներից ասել են, թե տնօրենն ինչպես է «հարիֆացրել, 1000 դոլար վերցրել»:

«Ինքնասիրությունս ավելի վիրավորվեց: Մտա իր սենյակ, ասացի՝ ինչու ես ինձ խաբել, թե՞ վարչության պետն է ուզել: Խնդրել եմ, որ իմ ներկայությամբ զանգի վարչության պետին, բարձրախոսը միացնի, որ հանգիստ լինեմ՝ տնօրենն ինձ չի խաբել: Տնօրենն ասաց, թե նման բան չի կարող անել ու ինձնից չէր սպասում, որ նման բան կարող էի անել: Ասեց՝ ամիս-ամիս դոլարը դրամի վերածած ինձ հետ կտա գումարը, բայց պիտի ես դիմում գրեմ, դուրս գամ դպրոցից»,-պատմում է Նելլի Մնացականյանը: Խոհարարն ասաց՝ միշտ սպասել է, որ դպրոցում մեկը բողոքի անարդարության դեմ և ինքը միանա: Նման առիթ եղավ և առանց վարանելու ու վախենալու բարձրաձայնել է տնօրենի արարքները:

Դիմումին միացած Բաղդասար Հակոբյանն էլ ասաց, որ 40 տարուց ավելի դպրոցում պահակ է աշխատել: Թեև այսօր կինն է ձևակերպված, որպես պահակ, սակայն, պարտականությունները շարունակում է ինքը կատարել: Դպրոցը գտնվում է Բաղդասար Հակոբյանի ուղիղ տան դիմաց, և այդ առումով աշխատանքը ձեռք է տալիս և´ իրեն, և´ դպրոցի տնօրինությանը: Նա պատմեց, որ նախկինում էլ ձևակերպված է եղել քենին, սակայն ինքն է աշխատել: Բաղդասար Հակոբյանը պատմեց, որ տնօրենը 6 ամիս իրեն 4000 դրամով է աշխատացրել: Բաղդասարը ուրիշների անունով է գրանցված եղել, քանի որ կենսաթոշակառու է եղել: Ընթացքում այլ գումարներ էլ են պահվել, ինչին ընդդիմացել է, և անմիջապես տնօրենը վճարել է:

Այս տարի մարտ ամսին տեղեկացել է, որ դպրոցի նախկին կաթսայատունը քանդում են: Մոտեցել է և պարզել, որ տնօրենն այն վաճառել է: Գնորդները մեծ տեխնիկա են բերել բակ և քանդել շենքի տանիքը, որպեսզի համակարգը դուրս հանեն: Բ. Հակոբյանն ասաց, որ ինքն այդ մասին չի իմացել, հետո տնօրենը հաստատել է վաճառքի փաստը: Մինչ համակարգի ապամոնտաժումը, պահակը նույն տարածքում նկատել է տնօրեն Տաթևիկ Մկրտչյանի եղբորը: Վերջինս Բաղդասար Հակոբյանին ասել է, որ ցանկանում են կաթսաները վաճառել և բարելավվել եղած ջեռուցման համակարգը: «Թե տնօրենի եղբայրն ով էր, որ կաթսայատուն վաճառեր՝ չգիտեմ: Երևի այդ գումարը դպրոցի բյուջե չի էլ մտել»,- ասում է Բ. Հակոբյանը:

«Հետք»-ի դպրոցում գտնվելու լուրն անմիջապես տարածվեց, և մի քանի ծնող ցանկացան ևս դժգոհել տնօրենից: Նրանցից Տաթևիկ Ենգոյանն էլ պատմեց, որ դպրոցում ներառական կրթություն ստացող երեխաների սնունդի համար ամեն ամիս գումար է հավաքվել: Չափը մեծ չի եղել՝ 1000 դրամ: Իր աղջիկը ևս ներառական դասարանում է սովորել և ուսուցչուհին, ով տնօրենի քույրն է, ասել է, որ գումարը սնունդի համար է: Երբ վրդովված բարձրացել է տնօրենի մոտ, վերջինս ասել է, թե մաքրության միջոցների համար են գումար հավաքում, ու բոլորը պարտավոր են այդ գումարը տալ: Ինքը հրաժարվել է գումար տալ, ինչից հետո սկսել են այլ աչքով նայել իր երեխային, և հարաբերությունները լարվել են: Սակայն, այսօր էլ չի պատրաստվում գումար վճարել դպրոցին, քանի որ ոչ զուգարանի թուղթ են տեսել, ոչ օճառ, ոչ էլ այլ պարագաներ: Տաթևիկ Ենգոյանն ասաց, որ դպրոցում ամեն առիթով գումար է հավաքվում, ինչին ինքը դեմ է և չի մասնակցում:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև տնօրեն Տաթևիկ Մկրտչյանից: Նա հրաժարվեց, ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի իր փաստաբան Արամ Թամրազյանը: Վերջինս «Հետք»-ին պարզաբանեց, որ տնօրենին մեղադրանք է առաջադրվել միայն կաշառք ստանալու դրվագով, ինչն ակնհայտ անհիմն մեղադրանք է: Փաստաբանի խոսքերով, մեղադրանքն ապօրինի է, քանի որ հիմնված է մեկ անձի՝ խոհարարի ցուցմունքի հիման վրա: Ցուցմունքում վերջինս նշել է, որ այդ գումարը պետք է տրվեր մարզպետարանի կրթության վարչության պետին:

«Եթե հաստատված համարենք խոհարարի ասածները, նույնիսկ այդ դեպքում տնօրենի արարքը չի կարող դիտվել կոնկրետ կաշառք: Բացի այդ, կաշառք տվողը ևս ենթակա է քրեական պատասխանատվության: Եթե տնօրենին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, ապա խոհարարին էլ մեղադրանք առաջադրվեր կաշառք տալու համար»,- ասում է փաստաբանը:

Փաստաբանի խոսքերով՝ այս ամենի բուն նպատակը ոչ թե արդարությունը վերականգնելն է, այլ տնօրենին հանելն, ու իրենց ուզած մարդուն նշանակելը:

Մեկնաբանություններ (1)

Аня
Можно сразу понять что директор школы обожралась. Она привыкшая с детство _поскольку отец до неё работала директором. Странно что после стольких фактов она ещё работает. Я слишала, что в Армении. Сейчас правит честный президент. Он это так не оставит.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter