HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպան. «Լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության խիստ արձագանքին»

Նոյեմբերի 2-ը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրն է: Այս առիթով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել, որ ներկայացնում ենք ստորեւ:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի ու մասնագիտական անխոչընդոտ  աշխատանքի երաշխավորումը:

Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրում ժողովրդավարության զարգացման հիմնարար ցուցիչներից է:

Պատասխանատու լրագրությամբ առաջնորդվելու ձեր բարձր կոչումով ու ամենօրյա բարդ աշխատանքով նպաստում եք երկրում ժողովրդավարության զարգացմանը: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում: Սրանք երկրի առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու ու փոփոխությունների սահուն անցումներ ապահովելու կարևոր գրավականներ են:

Լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների:

Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ գործադրել ջանքեր՝ նպաստելու համար լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխավորմանը»,- ասված է Պաշտպանի ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter