
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորը ներկայացել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին
ԱԺ Պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովում մեկնարկել է քննիչ հանձնաժողովի նիստը, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործի քննությունը: Տեղեկացնենք, որ նիստը դռնփակ է: Այսօր նիստին ներկա է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Մարգարյանը պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորն է:
Ըստ հեռախոսային խոսակցության՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է, որ դատավորը զանգել է իրեն: «Մի քիչ վախեցած է։ Ասեց` պետք է նայի ամբողջ գործը։ Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»,- ասել էր Վանեցյանը:
Նիստի մեկնարկից առաջ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ նիստն անցկացվում է դռնփակ, քանի որ նախապես նման աշխատակարգ են որոշել: Կոստանյանի խոսքով՝ նիստի ժամանակ հնչելու են պետական գաղտնիք համարվող տեղեկություններ:
Հանձնաժողովին անդամակցում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը և Ալիկ Սարգսյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, «Ելք»-ից՝ Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյանը:
Մեկնաբանել