HY RU EN

Բաց նամակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը բաց նամակ է հղել նույն կուսակցության արդեն նախկին անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին: Բաց նամակի առիթը Հայկ կոնջորյանի հայտարարությունն է այն մասին, որ նա լքում է «Լուսավոր Հայաստան»-ը եւ անդամագրվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ստորեւ` նամակի տեքստն անփոփոխ.

«Հարգելի Հայկ,

Մեծապես գնահատելով մեր կուսակցական երեքամյա համատեղ գործունեությունը և երեք անգամ լսելով քո՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին տրված պատասխանները, ասում եմ հետևալը.

  1. Համաձայն եմ՝ դու բարոյական տեսանկյունից արել ես ինքդ քեզ համար ճշտագույն քայլ, բայց քաղաքական տեսանկյունից՝ ոչ, քանի որ դու ընկել ես գաղափարական միօրինակության թակարդը, ինչպես նաև քննադատելու և քննադատվելու խարանի ճանկը։
  2. Դու ճամբարափոխություն չես արել, որովհետև եղել ես ԵԼՔ-ի մեծ թիմում և քո գործունեության մեծ մասն իրականացրել ես այստեղ, ինչպես պնդում ես։ Կարծում եմ, եթե չլիներ ԵԼՔ֊ի մաս կազմող Լուսավոր Հայաստանը, չէր լինի նաև ԵԼՔ դաշինքը, այլ կլիներ մեկ ուրիշ դաշինք, որտեղ քո գոյության մասին խոսք անգամ լինել չէր կարող լինել։ Ասեմ՝ ինչու։ ԵԼՔ-ի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները ստեղծվել էին ավելի վաղ և դու կարող էիր նրանց հետ լինել, բայց դու սպասել ես Լուսավոր Հայաստանին, որը ի դեմս հիմնադիր և մեզ համախմբող Էդմոն Մարուքյանի քեզ տրամադրել է քաղաքական հարթակ, հասունացրել քաղաքականապես և դարձրել քաղաքական գործիչ Հայկ Կոնջորյան։

ԵԼՔ դաշինքը ստեղծվել է գաղափարապես համադրելի, բայց տարբեր մոտեցումներով և գործիքակազմով ուժերից։ Այդ իսկ պատճառով այն հաջողեց, բայց չդարձավ մեկ կուսակցություն։ Լուսավոր Հայաստանը, Հանրապետությունը և Քաղաքացիական պայմանագիրը նույնը չեն և մենք դա բազմիցս շեշտել ենք՝ յուրաքանչյուրս մեր կուսակցությանը և գաղափարներին պատվախնդիր։

Հիմա դու հավատում ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարներին, ուրեմն հենց սկզբից էլ Լուսավոր Հայաստանից չես եղել, որովհետև ՔՊ-ն, ինչպես նաև մենք ստեղծման օրվանից և նաև՝ հեղափոխությունից հետո հաստատակամ և հավատարիմ ենք մնացել յուրաքանչյուրս մեր սկզբունքներին և հավատամքին։

  1. Դու ասում ես, որ պատգամավոր դառնալուց հետո քո հոգեվիճակում և մտածմունքներում բան չի փոխվել և դու սովորական մարդ ես։ Սխալվում ես եղբայր (քո սիրելի դիմելաձևով) դու սովորական մարդ չես։ Բոլոր նրանք, ովքեր ստանձնում են մանդատ, սովորական չեն։ Նրանց հոգեվիճակը լարված է պատասխանատվության բեռից և չսխալվելու վտանգից, նրանց մտածմունքները միշտ ենթարկվում են գայթակղության մանդատի փառասիրության զոհը չդառնալու համար։
  2. Դու ասում ես, որ թքած ունես մանդատի վրա և միակ տարբերությունն այն է, որ կարող ես քո ձայնը ավելի բարձր հնչեցնել։ Արդ եղբայր, հեղափոխական ուժը ստանձնելու է իշխանությունը և դու հնարավորություն ունես որպես գաղափարախոս և խորհրդատու օգնել, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնա։ Այս դեպքում պաշտոնը այդքան էլ խիստ անհրաժեշտություն չի։

Կանգնի'ր հեղափոխության կողքին ինչպես ՄԵՆՔ և ուս-ուսի տուր հեղափոխական ուժին, ինչպես շատ ու շատ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ։

Եվ առհասարակ չի կարելի ոչ մի պարագայում թքած ունենալ մանդատի վրա, որովհետև այն քաղաքացիների վստահության քվեն է քեզ։

Մաղթում եմ քեզ հաջողություն։ Մենք գիտեինք, որ դու բանակցություններ ես վարում մեզնից հեռանալու համար, բայց այդքան ուժ չունեցանք դրան հավատալու համար։ Միևնույն ժամանակ դու պետք է ցուցաբերեիր արիություն մեզ հետ անկեղծ լինելու, երբ քեզ տալիս էինք հրաժեշտի հարցերը։

Մնաս բարյավ։

Հ.Գ Հանկարծ մի օր թե պատահի՝ կյանքի հանգամանքներից Կուսակցությանը ստիպված հրաժեշտ տա նույնիսկ Էդմոն Մարուքյանը (կյանք է, ամեն ինչ պատահում է), «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է իր առաքելությունը։ Լուսավորը մարդիկ չեն, Լուսավորը գաղափար է, որը համախմբում է մարդկանց։

Հայաստանը ներկայումս պաշտպանված է Լուսավոր Հայաստանով և ապագայում լինելու է ՈՒԺԵՂ Լուսավոր Հայաստանով։

Լուսանկարը` Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից