
Արտակ Զեյնալյան. «Համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է»
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասօր լրագրողների հետ զրույցում մատնանշեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման այն դրույթները, որոնք, ըստ իրեն, տարբերվում են այլ տարիներին անցկացված համաներումներից:
Այսպես՝
Եթե նախկինում որոշակի պայմանների առկայության դեպքում պատժից ազատվում էին մինչև երեք կամ հինգ տարի ազատազրկման դատապարտված անձինք, ապա այս համաներման ակտն այդ շեմը բարձրացրել է մեկական տարով: Այսինքն՝ այս համաներմամբ որոշակի պայմանների առկայության դեպքում երեքի փոխարեն 4 և հինգի փոխարեն 6 տարի ազատազրկման դատապարտված անձինք ազատ կարձակվեն, ըստ որում՝ սա գործում է նաև դիտավորությամբ գործած հանցագործությունների պարագայում:
«Համաներման ձևով 4 և 6 տարի ազատազրկման շեմը կիրառվել է նաև այն դեպքում, երբ քրեական գործի հարուցումը մերժվել է, գործը կարճվել, գործով քրեական հեապնդում չի իրականացվել կամ հետապնդումը դադարեցվել է, ընդ որում՝ տուժողների իրավունքների երաշխավորման նկատառումներով նախատեսվել է, որ մինչդատական և դատական փուլերում համաներման նշված դրսևորումները չեն կիրառվում անմիջականորեն մարդու մահվան հասցված այն դեպքերում, երբ առկա է տուժողի իրավահաջորդների առարկությունը»,- հաջորդ դրույթը նշեց նախարարն ու հիշեցրեց, որ Հայաստանը մի շարք միջազգային պարտավորություններ է ստանձնել, որոնց թվում՝ տուժողի իրավունքների պաշտպանությունը:
Առանձնացել են սոցիալական որոշակի խմբեր, որոնց կարող են պատժից ազատվել, եթե դատապարտվել են մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման՝ նախկին հինգի փոխարեն:
Փոփոխվել է համաներման արդյունքում պատժի չկրած մասը կրճատելու կանոնը, և այս համաներմամբ համապատասխան պայմանների առկայության դեպքում ոչ թե պատժի չկրած մասն, այլ նշանակված ամբողջ պատիժն է որոշակի չափով կրճատվում:
Կան նաև հանցագործություններ, որոնց դեպքում կրճատվում է պատժի չկրած մասը, սակայն ոչ թե 6 ամսով, ինչպես նախկինում, այլ 9-ով:
Օրինական ուժի մեջ մտած դատավճռով տուժողին պատճառված վնասի հատուցման հայցը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով և խոչընդոտ չէ համաներում կիրառելու համար:
Զեյնալյանը նշեց նաև, որ համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում պահվող մոտ 1800 անձանցից պատժից միանգամից կազատվեն շուրջ 470-ը, և շուրջ 370-ը կլինեն շահառու, այսինքն՝ այս կամ այն չափով կկրճատվի նրանց պատժաչափը:
Նախարարն անդրադարձավ նաև Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ գործերով առկա դրույթներին, որոնք քննադատության առիթ են դարձել:
Նշենք, որ համաներմամբ նախատեսվում է պատժից ազատել 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:
Այս դրույթը բուռն քննադատությունների առիթ է դարձել, և իրավական ոլորտի մասնագետները նշում են, որ չպետք է իրավական ակտում անհատական կարգավորումներ լինեին կոնկրետ գործերի վերաբերյալ:
Զեյնալյանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանում կիրառվում է նմանատիպ համաներում ու հիշեցրեց մարտի մեկից հետո հայտարարված համաներումը:
«Եթե խոսքը գնում է տարբերակված մոտեցման մասին, ապա օրինաչափ վարքագիծը կամ օրինաչափ իրավունքը նախատեսված է քրեական օրենսգրքով և իրավական այլ ակտերով: Մինչդեռ համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է, սա իրավունք չի, պետության կողմից պարտականություն չէ, որ պետք է կատարել: Սա շնորհ է, արտոնություն, և պետությունն այդ արտոնությունն իրականացնում է իր հայեցողության, հնարավորությունների, հասարակությունից ստացած քաղաքական «պատվերի» շրջանակներում:
Լրագրողները հետաքրքրվում էին՝ այս կամ այն գործով անցնող անձանց նկատմամբ համաներումը կիրառելի է, թե ոչ, և ի պատասխան Զեյնալյանը ասաց, որ ինքը չի կարող նշել, թե կոնկրետ որ գործով անցնող անձանց վրա է այն տարածվում:
«Այս համաներումը որևէ անձի հագով չի կարվել»,- հայտարարեց նախարարը:
Թեև նախարարի վերը նշված պնդմանը՝ 2015 թվականին «Նորքի զինված խումբ» անունը ստացած գործով ամբաստանյալներից ոմանք, որոնց նկատմամբ համաներումը չի կիրառվում, գտնում են, որ իրենց նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվել, և եթե համաներման տեքստում ՊՊԾ-ի և ապրիլի 24-ին նախապատրաստվող զանգվածային անկարգությունների վերաբերյալ կարգավորումներ կան, ապա իրենց՝ Նորքի գործով ամբաստանյալների վերաբերյալ առավել ևս պետք է լինեին:
Մեր հարցին, թե ի՞նչ սկզբունքով է, որ համաներումը համապատասխան պայմանների դեպքում ՊՊԾ-ի և ապրիլի 24-ի գործով անձանց նկատմամբ կիրառելի է, իսկ Նորքի զինված խմբի գործով՝ ոչ, Զեյնալյանը դարձյալ խոսեց հասարակական պահանջի մասին:
«Դժգոհություններ կունենան բոլոր այն անձինք, որոնք իրենց համարում են ոչ շահառու, բայց պետք է նկատի ունենալ, որ շահառու է նաև հասարակությունը: Պետությունը պետք է կատարի իր պոզիտիվ պարտականությունը և պայքարի հանցավորության դեմ, կարողանա կանխարգելել հնարավոր հանցագործությունները: Սկզբունքների մասին ես ասացի. սա քաղաքական կամքի դրսևորում է, որոշակի սուբյեկտիվ գնահատականների ու քաղաքական ընկալման, իսկ քաղաքական ընկալումը գալիս է հասարակական պահանջով, հասարակական պատվերով»:
Այսինքն՝ Զեյնալյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ զինված խմբի գործով անձանց նկատմամբ համաներում կիրառելու հասարարական պատվեր կամ պահանջ չի եղել:
Մեկնաբանել