HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանը միջնորդել է, որ դատարանն 1in.am-ին արգելի իր մասին հրապարակում անել, քանի դեռ իրենց միջև վեճով դատական ակտ չկա

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  1in.am» լրատվականի («Սկիզբ մեդիա» ՍՊԸ) դեմ իր ներկայացրած հայցի շրջանակներում դատարանին միջնորդել է լրատվականին արգելել մինչև սույն դատական գործով վերջնական դատական ակտի կայացումը հրապարակել որևէ հոդված՝ կապված իր անվան հետ: Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժել է:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քաղաքացիական գործի վերաբերյալ առկա տեղեկատվությունից:

Նշենք, որ Քոչարյանը  ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել 2018-ի հուլիսին:  Ըստ հայցի՝  2018-ի հունիսին պատասխանող «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ին պատկանող լրատվամիջոցներում՝ «1in.am»-ում և «Ժամանակ» օրաթերթում, հրապարակել են «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» և «Քոչարյան-Սարգսյան. արյունոտ քսանամյակի շահառուները» վերտառություններով հոդվածներ, որոնցում, ըստ հայցվորի, առկա են իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

Քոչարյանը պահանջում է պարտավորեցնել «Սկիզբ մեդիային» հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալներն ու զրպարտության դիմաց իրեն վճարել 2 մլն դրամ փոխհատուցում:

«Դատալեքսից» տեղեկանում ենք նաև, որ վերը նշված միջնորդությամբ հայցվոր կողմը դատարանին միջնորդել է նաև հայցագնի չափով արգելանք դնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող գույքի, դրամական միջոցների վրա, և այս մասով ևս դատարանը միջնորդությունը չի բավարարել:

Այսօր այս գործով նշանակված էր դատական նիստ: Դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, պատասխանողից գրավոր միջնորդություն էր ստացել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ: Ըստ պատասխանող կողմի՝ Մարտի մեկի դեպքերի առթիվ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում, և մինչև գործի լուծումը քաղաքացիական հայցի քննությունը պետք է կասեցվի:

ՍՊԸ-ի ներկայացուցիչը, սակայն, նիստին չէր ներկայացել, և դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանակելով նոյեմբերի 14-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter