HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի անտիպ «Կարմիր օրեր» օրագրից

Երկուշաբթի 14․- Ես, երեկ շատ ետ՝ նախապատմական շրջանը գնացի ու այնտեղ էլ մնացի գիշերը՝ այս առավոտ լուծելու մի հարց ևս, նոր ներկա դարաշրջանը վերադառնալու։ Ծեր եմ, միշտ այդքան հեռուները չեմ կարող գնալ-գալ․․․

Այդ հարցը մեր հայ ազգի և նրա լեզվի ծագման հարցն է։ Երկրաբանները, երբ դուրս են գալիս երկրի ընդերքում նավթ որոնելու, կեղևի նշաններից պետք է գուշակեն, որ նավթ կա գետնի տակ, նոր սկսեն փորել։ Բայց հայ ազգը նախապես չի զգուշացնում իր պատմաբանին, և առանց մի քլունգի հարվածի, հանկարծ շատրվան է խփում Հայկ Նահապետը իր երեք հարյուր քաջերով, պատերազմում, ջարդում Բելին ու Հայաստան հիմնում։

Ես մարդու ստեղծագործությանը ծանոթ եմ, բայց ազգինը՝ ոչ։ Չգիտեմ ա՞զգն էլ նարածին երեխայի պես նախ «աո՜ւ, աո՜ւ» է ասում, նոր խոսել սովորում, թե՞ ծնվելուն պես խոսում է։

Եթե ազգը սկզբում լեզու չի ունենում, հարց է ծագում, Հայկ Նահապետը իր զորքին ի՞նչ լեզվով էր կամանդ տալիս կռվի ժամանակ։

Արդյո՞ք ասորերեն։ Արդյո՞ք Բելին խնդրել է, թե՝ քո լեզուն տուր տանեմ քեզ վրա հարձակվեմ՝ վերադարձնեմ։

Հայ ազգի առաջին լեզուն եղել է գրաբարը, որն ստեղծվել է ոչ թե խոսելու, այլ միայն գրելու համար։

Եվ թող ոչ մի բանասեր չասի ինձ, թե այդ լեզուն եղել է նաև խոսելու համար։ Ո՛չ, դա գրաբար է եղել։ Մարդիկ գրել են այդ լեզվով, խոսել այլ լեզվով և ունեցել երկու լեզու։ Մեկը՝ տոն ու կիրակի օրվա, մյուսը՝ հասարակ օրվա, ինչպես մարդու տան ու դրսի շորերը։

Առաջին մարդը, որ առանց ամաչելու շապիկ-վարտիքով դուրս եկավ հրապարակ, դա Խաչատուր Աբովյանն էր։ Աբովյանը, տեսնելով, որ իր լեզվով կարելի է և՛խոսել, և՛ գրել՝ ավելորդ համարեց գրաբարը, լվաց, մաքրեց, օսլայեց ու կախեց պատից, այլևս բնավ չհագնելու համար, իբրև թանգարանային էքսպոնատ։

Երբեմն խոսում էին իրար հետ հոգևորականները, որպեսզի ժողովուրդը չհասկանար․․․

Որ Հայաստանը միշտ պառակտված է եղել իր բազմաթիվ նախարարությունների միջև, դա մի ընդհանուր լեզու չունենալուց է։

Ու հիմա էլ հայ քաղաքական կուսակցությունները, որոնք արժանի ժառանգներն են նախնի հայ նախարարների, էլի շարունակում են իրար լեզուն չհասկանալ, հետևաբար, և իրար չճանաչել։

Բոլշևիկին, որ ցույց տաս մի դաշնակի և հարցնես ի՞նչ բան է սա՝ «շուն» է կասի։ Այնքան, որ օտարացել են իրարից։

Մեր բակում չորս ընտանիք ապրում ենք միևնույն համարի տակ։ Որպեսզի զանազանվենք, գրում ենք՝ Թումանյան փողոց, համար 15-1, 15-2, 15-3 և 15-4։

Օտար երկրներն էլ Հայաստանին նամակ գրելիս, եթե չհիշատակեն Հայաստան մեկ, Հայաստան երկու, և այլն, նամակը հասցեատիրոջը չի հասնի։

------

Բոլշևիկները, չնայած ոխերիմ թշնամիներ են Ամերիկային, բայց այնուամենայնիվ, նրա հետ խոսում են, իսկ Ամերիկայում գտնված իրենց ազգակից հայերի հետ չեն խոսում, համարելով դաշնակ։

Սպասում են, որ այդ հայերը ձուլվեն Ամերիկային, կորչեն, որ նոր սկսեն խոսել․․․

Հնում էլ էր այդպես։ Հայ նախարարները հույների, պարսիկների հետ հաշտության պայմանագիր էին կնքում, իսկ իրար հետ չէին խոսում․․․

1962թ․, մայիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter