«Հայացք». «Հին Էրիվանի» անցանկալի հաճախորդները
«Հին Էրիվան» ռեստորանի մուտքի մոտ տարօրինակ մի հրաման ու լուսանկարներ են փակցված: Ընթերցողներին ներկայացնենք հրամանի տեքստը. «Ստորև նշված անձանց և նրանց մերձավոր ազգականներին ճանաչել անցանկալի հաճախորդներ մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու (ՄՀ) կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն (ՀԴՈ) կատարելու համար` 1. Հայկ Հարությունյան (ՀԴՈ), 2. Վարդան Աթայան (ՀԴՈ), 3. Բեն Լադեն (ՄՀ), 4. Սադամ Հուսեյն (ՄՀ)»: Անուն-ազգանունների ներքևում նշված անձանցից առաջին երեքի գունավոր լուսանկարներն են, իսկ վերջում` մի ծանոթություն` «Վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում»:
Հանրությանը հայտնի է, որ ռեստորանի և «Յունիբանկի» Վարդան Աթայանի միջև բանը հասել է դիվանբաշուն: Եվ շուտով պարտքերի դիմաց բանկը ռեստորանը կխլի սեփականատիրոջից: Այսինքն` վրեժխնդրություն է Վարդանի նկարը փակցնելը: Իսկ մնացածի՞նը:
Համապատասխան պարզաբանում ստանալու նպատակով երեկ զանգահարեցինք «Հին Էրիվան»: Ընկալուչը վերցրած աշխատակցուհին առաջարկեց զանգահարել մենեջերին` ոմն Միհրանի: Ըստ վերջինիս` վերը մեջբերված հրամանն ապակուն փակցնելու պատճառն այն է, որ տվյալ անձինք տվյալ օբյեկտում իրենց պատշաճ չեն պահել: Բեն Լադենն է՞լ: Հարցրեցինք նրա ազգանունը: Ինչո՞ւ` հետաքրքրվեց մենեջերը: Բացատրեցինք` Ձեր այս պարզաբանումը հրապարակելու համար: Հենց դրանից հետո էլ լսեցինք գրեթե սպանության սպառնալիք. «Իմ պարզաբանումը եթե դուք հրապարակեք, էտի կլինի ձեր վերջին հրապարակումը, հասկացա՞նք իրար...»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել