HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միքայել Նահապետյան․ «Ուղիղ եմ կարողանում նայել մարդկանց աչքերին, ում առաջ հայտարարություններ եմ արել»

«Հետք»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

-Պարոն Նահապետյան, Ձեր ելույթում ասացիք՝ քաղաքացուն ոչ թե հաց է պետք տալ, այլ կրթություն և առողջություն, կմանրամասնե՞ք, թե սա ձեր կուսակցությունն ինչպե՞ս է պատկերացնում, և ինչո՞ւ եք այս երկու ոլորտները միասին դիտարկում։

-Հանրային առողջության խնդիրը շատ կարևոր է որպես միջավայր․ ոչ թե հիվանդին բուժելը, այլ կանխարգելելը։ Մենք ունենք նման հաշվարկներ, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդու՝ օնկոլոգիական հիվանդությունների բերումով հասարակական անդունդում հայտնվելուց կարելի է ազատել ընդամենը յուրաքանչյուրիս փոխանցած 1000 դրամով։ Խոսքը չի գնում դրամահավաքի մասին, այլ բյուջեից յուրաքանչուր քաղաքացու հաշվով 1000 դրամ է կազմում ամեն ամիս այդ ծախսը։ Հակառակ կողմում քաղաքացու կյանքն է, եթե մարդն օնկոլոգիական հիվանդություն ունեցավ, վերջ, Հայաստանում այդ մարդու կյանքն ավարտված է։ Խոսքը սրա մասին է, որ եկեք բոլորով պատասխանատվություն ստանձնենք, որ օնկոլոգիական հիվանդությունից մարդ չի կարող մահանալ փող չունենալու պատճառով։ Եւ հետո փուլ առ փուլ ապահովել այն դրությունը, որ մարդը բոլոր հիվանդություններից ապահովագրված լինի, ու ձևավորվի բավարար հանրային առողջության միջավայր։

Սոցիալ-դեմոկրատիան ունի հետևյալ առանձնահատկությունը, ասում է՝ այո, քաղաքացին ազատ է, բայց ազատ կարող է լինել այն մարդը, ում չի սպառնում մահացությունը և ով ունի բավարար գիտելիքներ, մարդը միայն այդ պայմաններում է կարող հավասար ու մրցունակ լինել մյուսների հետ։ Մենք ընդունում ենք այդ մոտեցումը, դա մեզ հոգեհարազատ է, մենք էլ ենք համաձայն, որ քաղաքացին, եթե ունենա կրթություն և բավարար առողջություն, մնացած ամեն ինչի կարող է հասնել ինքնուրույն։ Կյանքի որակ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ երկու բան՝ մրցունակ կրթություն և առողջություն, որպեսզի այդ մրցունակ կրթությունը կարողանա իրացվել։ Չեմ հավատում, որ ՀՀ-ում կա նման մեծամասնություն, որ կնստի մի տեղ ու կասի՝ չեմ ուզում աշխատել․ մարդիկ աշխատասեր են։

-Ի՞նչ առավելություն կա այս կուսակցության ծրագրում, որ չկա «Իմ քայլը» դաշինքում կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, որ որպես կառավարության նախկին անդամ չցանկացաք դրանց մասը կազմել և նախընտրեցիք այս կուսակցությունը։

-«Իմ քայլը» դաշինքը ունեցել է մեկ ծրագիր՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը, խորհրդարանական ընտրությունների համար դեռևս ներկայացված ծրագիր չկա, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը թույլ եմ տալիս ենթադրություն անել, որ իրենց իսկ համար արդեն իսկ ժամանակավրեպ է, որովհետև հայտարարություններով խմբագրվել է դրա բովանդակությունը։ Դրանում արատավոր ոչինչ չեմ տեսնում՝ փորձառության և իրավիճակի փոփոխության խնդիր կա, քաղաքական գործիչները, նոր հանգամանքներում աշխատելով, նոր երևույթներ են նկատում։ Երբ կհստակեցվի, թե ինչ կա իրենց նոր ծրագրում, նոր կարող եմ այդ հարցին անդրադառնալ։ Հրապարակվելիք ծրագիրը ցույց կտա՝ կա՞ իրենց արժեքներից շեղում, թե՞ չէ, և հանրությունը կտա իր գնահատականը։

-Նորաստեղծ կուսակցությունը ի՞նչ հայտ է ներկայացնելու քաղաքական դաշտում, արդյոք մասնակցելու եք առաջիկա ընտրություններին։

-Դիրքավորվելու առումով մենք խնդիր չունենք, մեզ մոտ այնպիսի կոլեկտիվ է, այնպիսի անհատական կազմ է հավաքվել, որոնք փորձ ունեն 5-10 օրվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց աչքերում շարժումներ բրենդավորել և հանրաճանաչ դարձնել։ Մեզ մոտ մարդիկ են, ովքեր որոշակի ինստիտուցիոնալ աշխատանքների արդյունքում են ձեռք բերել այդ գիտելիքները։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, կարծում եմ ՝մեր կուսակցությունն իր կանոնադրությամբ, կազմակերպչական ձևով և ծրագրային առումով ունի առանձնահատկություններ, որոնք մենք կմատուցենք հանրությանը բոլոր հնարավոր տարբերակներով։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցությանը, չեմ անի այդ հայտարարությունը, որովհետև կուսակցությունը որպես իրավաբանական անձ չի գրանցվել, որպես կառույց քիչ առաջ հիմնադրվեց։  Բնականաբար իրականությունից կտրված չենք, առջևում ընտրություններ են, որոշակի մտքերի փոխանակություններ եղել են։ Ընդհանուր առմամբ երկու հայեցակարգային մոտեցում կա՝ և՛ գնալ ընտրությունների, և՛ զբաղվել կուսակցական կառույցի զարգացմամբ, մյուսը՝ միայն զբաղվել կուսակցական կառույցի զարգացմամբ, երկուսի դեպքում էլ արգումենտները բավականաչափ ուժեղ են, որ տարբերակն էլ որ ընտրելու լինենք, այն պետք է լինի փոխըմբռնման միջավայրում։

-Դուք դեռ օրեր առաջ կառավարության անդամ էիք՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, այս հանգամանքը ձեր նոր կարգավիճակում կօգնի՞, թե՞ կխանգարի ձեզ։

-Կարծում եմ՝ քաղաքականության մեջ մարդկանց օգնում է իրենց սկզբունքներին հետևողական լինելը, որովհետև շատ դժվար է գնալ նույն ստի ուղղությամբ, եթե ազնիվ ես, եթե միշտ գիտես՝ ինչ ես ասում, հանգիստ ես խոսում, ազնիվ չես՝ պետք է ուշադիր լինես, որ նույն բանը խաբես։ Կարծում եմ՝ աշխատանքս թողնելու որոշումս հետևողականություն է եղել այն ամենի նկատմամբ, ինչ նախկինում հայտարարել եմ։ Ես ուղիղ եմ կարողանում նայել այն մարդկանց աչքերին, ում առաջ նախկինում հայտարարություններ եմ արել, այս առումով ինձ ներդաշնակ եմ զգում, և հոգևոր այն հանգտությունը, որ գոյություն ունի, կարծում եմ՝ այս նոր ոլորտում ինձ համար օգնություն կլինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter