HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեզ դեռ բաժանում է սիրուց ոչինչ չհասկացող ռեժիմի պատն ու 50 մետրանոց տարածությունը

Մհեր Ենոքյան, «Հետք»-ի թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Իմ սիրելի բարեկա´մ ընթերցողներ, այսօր կպատմեմ, թե ինչպես մոտ 9 տարի առաջ Սերը փրկեց իմ կյանքը: Աստվածաշնչում ասված է Սիրո, Հավատի ու Հույսի մասին: Սուրբ գրքից էլ է հետևում, որ սրանցից ամենամեծն ու ամենակարևորը Սերն է՝ Հավատից ու Հույսից ծնված: Սերն իմ կյանքում հայտնվեց Կին-Աղջկա տեսքով: Կասկած անգամ չունեմ, որ նրան Աստված էր հուշել իմ տեղը, որովհետև Սերը միշտ Աստծուց է: Իմ գրքերում Նա ամենուր է, ինչպես գրել եմ «Իմ երկրորդ ծնունդը» վավերապատման մեջ. «Ես գրեթե միշտ նրան այդպես կդիմեմ, երբեմն տեղերը կփոխեմ, բայց դրանից էությունը չի փոխվի. Աղջիկ-Կին, թե Կին-Աղջիկ, միևնույնն է՝ նա իմ հոգու հարազատ ընկերն է»:

Ամեն ինչ սկսվեց 2009 թվականի դեկտեմբերի 19-ին: Հանրապետության հրապարակին հարող Ամիրյան-Զաքյան խաչմերուկում հանգիստ զբոսնում էի, սպասում, թե երբ են վերջապես մոտենալու աշխատակիցները: Հա՛, հա՛, չզարմանաք, բայց զգացմունքներս խառն էին, երբեմն անհասկանալի, նույնիսկ ինձ համար. պլանավորել և գիտակցում էի, որ պետք է նորից ձերբակալվեմ, որպեսզի նոր դատավարություն լինի, նորից աղմուկ բարձրացնենք, մյուս կողմից էլ` բնազդաբար, ողջ էությամբ ուզում էի մնալ ազատության մեջ:

Ահա, եկան: Միևնույն ժամանակ քաղաքացիական հագուստով աշխատակիցներ և մի քանի մեքենաներ մոտեցան, աշխատակիցներից մեկը բռնեց ձեռքս.

- Մհեր Ենոքյա՞նն ես:

- Այո՛,- հանգիստ պատասխանեցի ես:

Լավ հիշում եմ` աշխատակիցը շատ ամուր բռնել էր ձեռքիցս ու զարմացած նայում էր դեմքիս, ասես հարցնել կուզեր` ինչու՞  չես փորձում փախչել, դիմադրել: Զգալով դա՝ ասացի.

- Հանգի՛ստ, ամեն ինչ նորմալ ա:

Նա ձեռքը թուլացրեց: Այդ պահին մեքենաներից էլի մի քանի աշխատակից մոտեցան, ոտքերիցս ու ձեռքերիցս բռնած՝ վեր բարձրացրին ինձ ու տարան դեպի մգեցված ապակիներով «Նիվա» ավտոմեքենան: Նստեցրին հետևի նստարանին ու գլխիս սև պարկ քաշեցին, որ չտեսնեմ՝ ուր են տանում: Բայց ես հո գիտեի, որ գնում ենք КГБ (չեմ ցանկանում ասել ԱԱԾ, որովհետև այն ժամանակ դեռ КГБ էր…): Ասեմ, որ ինձ և թուրքի արմնկին կրակելու համար մահվան դատապարտված հետախույզ Սողոմոն Քոչարյանին բանտ վերադարձնելու համար այդ ժամանակ КГБ-ի աշխատակից, հետագայում «Նուբարաշեն» բանտի պետ նշանակված բարձրաստիճան սպային Սերժ Սարգսյանը մեդալով պարգևատրվեց:

КГБ-ում, ինչպես և առաջին փախուստից հետո, անմիջապես գլխիս բազմաթիվ հարցերի տեղատարափ սկսվեց` «ի՞նչ, ո՞նց, որտե՞ղ, ե՞րբ…», «հանգիստ նստեիք էլի, մի դուռ կբացվեր», «էլի բոլորին խառնեցիք իրար» և այլն:

Այդ պահին ինչ-որ բան հետս կատարվեց` երևի հոգնեցի ամեն ինչից, մտածեցի, որ, իրոք, ինչպես իրենք են ասում, նորից բոլորին իրար խառնեցինք, նորից ԶԼՄ-ներում աղմուկ եղավ, բայց դե՛, մի կարճ ժամանակ հետո թերթերը նորից աղբարկղերում կհայտնվեն, նորից վերևներում քար լռություն կտիրի, իսկ աննկատ փախուստի համար վրեժխնդրություն կհետևի, փոխարենը հարցը լուծեն` արդարադատություն իրականացնեն:

Սենյակում երկու բարձրաստիճան աշխատակիցներ էին: Տեսնելով, որ նրանք թեքվել են ու ինչ-որ փաստաթուղթ են փնտրում, վերցրի սեղանին դրած դանակը, ուժեղ հարվածեցի ինքս ինձ: Հետոյի մասին գրեցի իմ գրքերում. «Երեք նորածին տեսա՝ սպիտակ, թմբլիկ, գլուխները աղվամազերով պատված, աչուկները մեծ բացած: Ժպտում էին ինձ, կարծես ինչ-որ բան էին հասկացնում...»:  

Վիրահատությունից հետո մի քանի ժամ անց, նոր անզգայացումից արթնանալ փորձելով՝ գիշերով ինձ բերեցին այստեղ՝ կլոր բանտ, ոչ թե Դատապարտյալների հիվանդանոց, կամ գոնե բանտի բուժ. մաս: Ուղիղ բարձրացրին նույն` ցմահների խուց, որտեղ բուժման համար չկար ոչ մի պայման: Ոտքերս ու ձեռքերս շղթայեցին անկողնուն, սիստեմա միացրին:

Երբ մի քիչ ապաքինվեցի, թուղթ ու գրիչ հայթայթեցի, փոքրիկ իրական պատմություն գրեցի ու այն վերնագրեցի «Փախուստ գերեզմանոցից»: Նույնիսկ չէի էլ կարող ենթադրել, որ այն կընկնի հրապարակախոս, իրավապաշտպան Վահան Իշխանյանի ձեռքը, ով կփոխանցի պատմվածքը գրող Լևոն Ջավախյանին, ում կզարմացնի իմ գրածը, և այն կհրապարակվի: Եվ հենց այդ ժամանակ…

Կին-Աղջիկը կարդացել էր իմ պատմվածքը, իմացել, որ փախուստի գործով դատավարությունն է սկսվելու շուտով հենց բանտում և եկել էր այստեղ: Այսպես իմ գիրը, որը մի տեսակ որպես վերջին խոսք էի գրել, ինձ մոտ բերեց Նրան: Սողոմոնն ու ես դեռ սովետից հուշ մնացած կապույտ, երկաթե, կեղտոտ վանդակում էինք: Նա մոտեցավ ինձ, ասաց, որ լավ եմ գրում, ասաց, որ շարունակեմ այդպես: Ես էլ, թե՝ էլի գրվածքներ ունեմ, բայց տպագրելու մասին չեմ մտածել: Անցան ամիսներ, դատավարությունն ավարտվեց: Ազատության տենչանքի համար մեզ նորից դատապարտեցին: Կապ էինք պահում նամակներով: Հետո Կին-Աղջկան փոխանցեցի իմ ռուսալեզու ստեղծագործություններից մի քանիսը՝ «Полет в жизнь», «Жажда жизни»…գրականագետ Արծվի Բախչինյանի հետ խմբագրվեցին աշխատանքներս, դրանք սկսեցին տպագրվել բարի մարդկանց՝ հովանավորների շնորհիվ:

Մի գարնանային օր, երբ բանտի դիմացի սարը սկսեց կանաչել, բանտախցում նստած՝ ներսումս անասելի փոթորիկ զգացի… չէի հասկանում այդ հանկարծակի ուրախ ու ամեն բան իրար խառնող փոթորկի պատճառը: Բարձրացա լուսամուտագոգին, նայեցի դուրս… նա էր, կանաչած սարի վրա մեծ Սիրտ էր նկարել-պատրաստել սպիտակ քարերով… տեսա այն պահին, երբ վերջին մեծ քարերն էր իր նուրբ ձեռքերով գլորում-տանում դեպի քարե Սիրտը, հետո սպիտակ յուղաներկով հանգիստ ներկում: Այդ պահին էլ հասկացա, որ ողջ տիեզերքը, Արարիչը լսում են մեզ ու տեսնում… իսկ մեզ բաժանում էին սիրուց ոչինչ չհասկացող նախկին իշխանական ռեժիմը ու բանտի դիմացի հիսուն մետրանոց տարածությունը:

Սե՛րն արթնացրեց իմ մեջ կյանքը, որին հրաժեշտ էի ուզում տալ: Հենց Նրա շնորհիվ էր, որ հրաժարվեցի փախուստների միջոցով պայքարելուց և նույնիսկ բանտում իմաստավորվեց իմ կյանքը: Խորը գիտակցում եմ` ինչպիսի անմեկնելի ուղի եմ անցնում` մահվան անարդար դատապարտում, հուսահատ պայքար, անկում «Նուբարաշեն» զնդան, որտեղից, կարծես, չկար ոչ մի ելք: Իսկ հետո Կին-Աղջկա լուսավոր հայտնությունը, և զնդանի պատերն այլևս ի զորու չեն մարդկանց հոգիներ կործանել, ի զորու չեն հասարակությունից ճշմարտությունը թաքցնել:

Սե՛րն արթնացրեց պատանեկան երազանքս` դառնալ իրավաբան և պայքարել հանուն արդարության: Բանտում նստած` 36 տարեկանում ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետ: Փառք Աստծո, ունեցա նաև աշխատանք, որով ուսման վարձս կարողացա վճարել՝ նեղություն չտալով իմ առանց այդ էլ չարչարված ծնողներին, ովքեր երկար տարիներ ինձ սննդով, հագուստով են ապահովել այստեղ: Սլավոնական համալսարանում սովորեցի հինգ տարի ու դատական սխալների թեմայով դիպլոմային աշխատանքիս պատրաստվելու օրերին տեղի ունեցավ աներևակայելին` ոչ բռնի, Սիրո հեղափոխությունը: Իրավաբան դարձա արդեն Նոր Հայաստանում, ու հիմա հանուն արդարության ու ֆիզիկական ազատության պայքարը, հուսով եմ, որ լսելի կլինի նոր իշխանություններին: Գիտեմ, որ իմ ճակատագրում արդարությունը կվերականգնվի, քանի որ Սիրո առաջ չկան փակ դռներ:

Մեկնաբանություններ (5)

Լուսինե
զզվել ա էս ամենը․․․յախք արա, յախք
Հասմիկ Ա. Ա.
Մհեր ջան, սարսափելի ճանապարհ ես անցել: Բայց մոտ է, շա՜տ մոտ է արդարության հաղթանակը:
Լեյլի
Այո սիրելի Մհեր պայքարեք որպիսի հաղթի արդարությունը և վստահ եմ և համոզված ,որ դուք սիրելի Զարուհու հետ կհասնեք հաթանակի:Քանի ,որ ինչպես դուք էք ասում ՍՒՐՈ ԱՌԱՋ ՉԿԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐ: Ձեզ անսահման սեր և երջանկություն եմ ցանկանում:ՀԱՂԹԱՆԱԿ :է
Օֆելյա
Ես հավատւմ եմ ձեր անմեղւթյունը
Մելինե
Ուղղակի անզոր եմ հավատալ,որ նման գիտակցությամբ օժտված մարդը կարող էր այդպիսի ոճրագործություն կատարել, հետևում եմ ձեր ամբողջ գրառումներին և շատ եմ ուզում, որ ձեր գործը վերաբացվի(քանի որ շատ կասկածելի է թվում) և վերջապես իրական մեղավորը պատժվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter